Հրդեհների հիմնական պատճառը անփութությունն է


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Ընթացիկ տարվա 8 ամսվա տվյալներով մեր երկրում արձանագրվել է 967 հրդեհ, ինչը 9 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվում գրանցված դեպքերից, այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության լրավության և քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:
Հրդեհների մեծ մասը պայմանավորված է հրդեհային անվտանգության կանոնների անտեսմամբ: Օրերս ՀՀԿ կենտրոնական գրասենյակի և «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հրդեհները ևս մեկ անգամ հաստատում են անփութության անթույլատրելիությունը:
Ինչպես նշեցՍերգեյ Հայրապետյանը, այս երկու դեպքերի շուրջ իրականացվում է հետաքննություն և նշանակված է փորձաքննություն: Նախնական ուսումնասիրությունները վկայում են, որ մարդկային գործոնը այստեղ որոշիչ դեր է խաղացել:
Եթե «Հարսնաքարում» հրդեհը առաջացել էր խոհարարների անփութության պատճառով, ապա ՀՀԿ կենտրոնական գրասենյակի շենքի պարագայում անփույթ էին շինարարները:
Ամեն դեպքում՝ այս պատահարարների արդյունքում վնասի չափը բավականին փոքր է եղել, նշեց պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ներկայացուցիչը:
ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության լրավության և քարոզչության բաժնի պետը կոչ արեց ձեռնպահ մնալ չորացած խոտածածկերն այրելուց՝ հատկապես գյուղական շրջաններում: Ըստ նրա՝ ապացուցված է, որ խոտի այրումը չի բերրիացնում հողը, այլ՝ հակառակը: