
«Եվրասիա» միջազգային համալսարանի դահլիճում հուշ-ցերեկույթ է․ հիշում են Արցախյան պատերազմում զոհված համալսարանականներին։ Համալսարանից 61 ուսանող է մասնակցել 44-օրյա պատերազմին, 7-ը չեն վերադարձել։
«Եվրասիա» միջազգային համալսարանի փառքի անկյունում 7 լուսանկար է դրված․ 44 –օրյա պատերազմի հերոսներն են։ Համալսարանից 61 ուսանող է մասնակցել պատերազմին, լուսանկարներում պատերազմում զոհվածներն են։
Ռեկտոր Սուրեն Օհանյան․ «Նայում եմ, կարդում եմ անունները ու էլի համոզվում եմ, որ բոլորն էլ խոհեմ, խելացի, բարեհամբյուր պահվածքով տղաներ էին»։

Պավել Մանուկյան, Գարիկ Մովսիսյան, Նարեկ Հովհաննիսյան, Սուրեն Համբարձումյանը, Սարգիս Սարգսյան, Վարդան Պետրոսյան, Արթուր Հարությունյան․ այս տղաները համալսարանի ուսանող էին ամեն մեկը՝ իր պատմությամբ։ Սուրենը կամավոր է մեկնել Արցախ։ Ասել է՝ թուրքի դեմն առնելը թասիբի հարց է։
Արթուրը մի քանի գրառում էր արել ՝«հաղթելու ենք, չկասկածեք»։ Իսկ Գարիկը զոհվել է ծառայակցին օգնելիս։
Ռեկտորի խորհրդական Իրինա Բաբայանը այս տղաներին անձամբ է ճանաչել․ «Շատ դժվար էր, երբ իրենց անունները կարդում էի ցուցակներում։ Հենց այն միտքը, որ այլևս տղաները չկան, ահավոր է։ Ժամկետային զինծառայողներ ենք ունեցել՝ Նարեկը, Պավելը։ Նրանք ապագայի իրենց պլաններն ունեին»։

Համալասարանի հանդիսությունների դահլիճում տղաների անուններն են հնչում՝ մեզ բացակա չդնեք..․
Արմեն Հակոբյանը 44-օրյա պատերազմի մասնակից է։ Հիշում է պատերազմի յուրաքանչյուր դրվագ՝ վիրավորելուց մինչև ընկերոջ կորուստ։ Արմենը և Նարեկ Հովհաննիսյանը համակուսեցիներ էին, մտերիմ ընկերներ, միասին էին զորակոչվել։ Նարեկը զոհվեց հոկտեմբերի 17-ին, Մարտակերտում, անօդաչուի հարվածից։ Արմենն ասում է՝ ընկերը տանկիստ էր, մինչև հասավ դեպքի վայր, տանկն ամբողջությամբ այրված էր։ Արմենն ասում է՝ ամենադաժան գիշերը եղել է Մարտունիում՝ վիրավորվելուց մի քանի օր առաջ․
«Մեր տեղը արդեն բացահայտվել էր, ու մեզ վրա անընդհատ կրակում էին, մնացել էինք 7 հոգի ու հետ նահանջ արեցինք։ Մեզ մեքենա նստեցրին, որ տանեն։ Նստելու ժամանակ կամիկաձեն խփեց հենց պիկապին, տղաներից 3-ը վիրավորվեցին։ Հետո շտապ օգնության մեքենա եկավ, ու այն, դեռ չշարժված, տրաքացրին։ Այլ մեքենա եկավ օգնության, դա էլ տրաքացրին»։

Արմենն արդեն հաշտվել էր մահվան հետ։ Տան անդամներին չէր ասել, որ զորքը տարել են Մարտունի։ Զանգել է ընկերներին՝ եթե այս երկու օրը չզանգեցի, ուրեմն, չկամ․
«Հոկտեմբերի 30-ին մենք դարձյալ գնացինք Մարտունի, արդեն որոշ տարածքներ մնացել էր թուրքին, ու հույս չունեինք որ առավոտ, երբ լույսը բացվի, մենք կենդանի կլինենք։ Մեր տղաներին բոլորին սպանել էին։ Ես վիրավորվեցի ու հրաշքով եմ փրկվել»։

Արմենը մի պահ դադար է առնում ու խոսում Նարեկի մասին։ Ասում է՝ ուրիշ ընկեր էր։ Մեր կողքին մեկ այլ հերոս է կանգնած՝ պայմանագրային զինծառայող Աշոտ Բաբայանը։ Բաբայանն ասում է՝ պատերազմի օրերին ժամանակ չունեին մտածելու․
«Ես միայն մտածում էի, որ հաղթելու ենք, իսկ այն տեղերը, որտեղ կռվել եմ, հիմա թշնամու թիկունքում է։ Ես միայն ցավ եմ ապրում։ Ու այս վիճակից միայն միասնությունը մեզ դուրս կբերի»։

Դահլիճում հնչում է հայտնի երգը՝ «Կյանք ու կռիվ» ֆիլմից։ Տղաները կանգնած են չվերադարձած ընկերների նկարների դիմաց՝ խոստումով, որ կիսատ թողած գործը շարունակելու են պատվով։




