ԿարևորՏնտեսական

Տնտեսական «գայթակղություններ»․ Ռուսաստանն ամրապնդվում է Հայաստանում

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականի առաջին կիսամյակին կազմել է 1,9 միլիարդ դոլար՝ արձանագրելով 16 տոկոս աճ, «Ռուս-հայկական տնտեսական համագործակցություն․ հեռանկարային նախագծեր» խորագրով կլոր սեղան-քննարկմանը հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ներկրումն աճել է 9, արտահանումը՝ 36 տոկոսով։ Արտահանվող ապրանքների հիմնական մասը կազմել են թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղները, քարերը և դրանցից պատրաստված իրերը, մեքենաշինական սարքավորումները, գյուղատնտեսական, թեթև արդյունաբերական, քիմիական արտադրանքը, սննդամթերքը։

Մհեր Գրիգորյանը դիտարկմամբ՝ հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցությունը թափ է առնում նաև ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ։  

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, պարզվում է, միշտ հաճելի է գալ, իր իսկ ձևակերպմամբ՝ «հիասքանչ հնագույն քաղաք Երևան»։

Այցի նպատակն այս անգամ ավելի շատ տնտեսական ուղղվածության է՝ շատ քիչ քաղաքական երանգներով։ Մեծ թվով ռուս գործարարներ են ուղեկցում Ռուսաստանի փոխվարչապետին։ Կա Հայաստանում և Հայաստանի հետ բիզնես-ծրագրեր իրականցնելու ծանրակշիռ ցանկություն, և դա է այն, որ Օվերչուկին ուղեկցողների մեջ էր օրինակ՝ ռուս միլիարդատեր, ըստ Forbes-ի՝ անցյալ տարի Ռուսաստանի 200 ամենահարուստ բիզնեսմեններից 75-րդը՝ «ԱԷՕՆ Քորփորեյշն» ընկերության ղեկավար Ռոման Տրոցենկոն։ Նա է Հայաստանում Սոթքի ոսկու հանքի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերը։ Եկել է կոնկրետ առաջարկով՝ Հայաստանում կառուցել վերամշակման գործարան՝ ապարների և հանքաքարի փոխարեն Հայաստանում պատրաստի մետաղներ արտադրելու և դա արտահանելու համար։

«Գործարարի համոզմամբ՝ «դա կավելացնի արտադրական օղակները, կօգնի լուծել նաև լոգիստիկ խնդիրները, որովհետև մետաղի արտահանումը ավելի հեշտ է, նաև փոխադրման ծախսերն են ավելի քիչ»։

Նա համոզված է՝ առաջարկն իրականություն դարձնելու դեպքում Հայաստանում զարգացման հեռանկար կունենան էլեկտրոտեխնիկայի, էլեկտրոնիկայի և այլ ոլորտները, որտեղ օգտագործվում են պղինձ ու մոլիբդեն։ Գործարարը հաշվարկել է՝ դա զգալի աճ կապահովի Հայաստանի ՀՆԱ-ի համար։   

Ռուսաստանը առաջարկում է նաև մեր երկրում ռուսական «Սպուտնիկ–լայթ» պատվաստանյութ արտադրել։ «Արտադրման համար տեխնոլոգիական գործընթացը կազմակերպվել է»,-հավաստիացնում է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Պատվաստանյութը կարտադրի հայաստանյան առաջատար «Լիկվոր» դեղագործական ձեռնարկությունը։

«Սպուտնիկ Լայթ»-ը Sputnik V պատվաստանյութի առաջին բաղադրիչն է։ Հայաստանում արտադրված դեղամիջոցը նախնական շրջանում կօգտագործվի մեր բնակչությանը կորոնավարակի դեմ պատվաստելու համար։

Հայաստանյան շուկան հետաքրքրում է նաև ռուսական «Ուրալ» և «Յանդեքս» ընկերություններին՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը ներկայացնում է վերջին տարիներին գործածված «բիզնես-դիվանագիտության» արդյունքները։

«Ուրալ» ընկերությանը հետաքրքրում է հավաքման արտադրությունը, ներկայացնում է Տողանյանը։ Այս հետաքրքրությունը բացատրվում է նաև դեպի Իրաք և Իրան ընդլայնվելու ցանկությամբ ԵԱՏՄ ազատ առևտրի պայմաններն են դրան նպաստում։  

Քաղաքային ինովացիաներից մինչև բարձր տեխնոլոգիաներ, էներգետիկայից մինչև շրջակա միջավայր՝ ռուս գործարարներին Հայաստանում հետաքրքրում են տարբեր ոլորտներ։  Գայթակղիչ առաջարկներ ռուսական կողմին ներկայացնում է նաև Հայաստանը։

Ռուս գործարարներին, որոնց համագործակցությունը օտարերկրյա ընկերությունների հետ խաթարվել է պատժամիջոցների պատճառով, Հայաստանը ներկայացնում է Իրանում, ԱՄՆ–ում և Եվրոպայում ունեցած իր հնարավորությունները։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է բարձրաձայնում մտադրությունը՝ Հայաստանից Միացյալ Նահանգներ արտահանվող արևային պանելների արտադրության մեջ օգտագործել ռուսական հնարավորությունները։   

«Նախարարն ասում է՝ արդեն շփվում են «Renova» խմբի «Havel» ընկերության հետ և մտադիր են ԱՄՆ արտահանվող արևային պանելների մեջ օգտագործել ռուսական բաղադիչներ»։   

Ալեքսեյ Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է լսել ցանկացած առաջարկ Հայաստանից։ Ռուսաստանի Դաշնությանը դեռևս չի գոհացնում ապրանքաշրջանառության ծավալն ու կառուցվածքը երկու երկրների միջև։

Ուշադրությունից դուրս չի մնացել նաև գյուղատնտեսությունը։ Այստեղ նույնպես համագործակցության մեծ ներուժ են տեսնում։ Լոգիստիկ 3 կենտրոն կկառուցեն Ռուսաստանի տարածքում՝ սահմանին կից՝ Հայաստանից տեղափոխվող ապրանքների համար։ «Ռուսաստանի էքսպորտի կենտրոն» ընկերության տնօրեն Վերոնիկա Նիկիշինան հաստատում է՝ բանակցություններ են վարում Հյուսիսային Օսիայի ղեկավարության հետ։

«Մենեք սերտ համագործակցության մեջ ենք Հյուսիսային Օսիայի ղեկավարների հետ, փորձում ենք ձևավորել լոգիստիկ մեծածախ կենտրոն, որպեսզի կանոնակարգենք գյուղատնտեսական ապրանքների առևտուրը։ Այս հարցում կարող եք մեզ վրա հույս դնել»։

Այս ամենից զատ՝ նախատեսվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մասնակցությամբ վերականգնել լաստանավային հաղորդակցությունը Կովկաս և Փոթի նավահանգիստների միջև,- հայտնում է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Կարծում է՝ «դա հնարավորություն կտա ավելացնել ապրանքաշրջանառության ծավալը Հայաստանի և Ռուսաստանի միջև»։ Մինչև 2025 թվականը նախատեսվում է ամբողջովին թարմացնել երկաթուղու մարդատար և բեռնափոխադրումների շարժակազմերը։

60 գործարար, 30 ընկերություն՝ առարկայական առաջարկներով և համագործակցության հստակ ակնկալիքով։ Մինչև օրվա ավարտը աշխատելու են կոնկրետ առաջարկներ քննարկելով, իսկ վերջում ընտրելու են լավագույն բիզնես-գաղափարներն ու ծրագրերը։

Կարդացեք նաև

Back to top button