
Արցախի «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը տեղահանված արցախցիներին օգնություն է տրամադրել՝ հագուստի և գրենական պիտույքների տեսքով։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է հիմնադրամի Սփյուռքի և միջազգային կառուցների հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Ալյոնա Աղաջանյանը:

«Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի առանձնահատուկ նպատակներից մեկն է բարեգործությունը։ Վերջերս «Հայրենիք, ազգ, մաքրություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Մալվինա Մխչյանի գլխավորությամբ, հիմնադրամին է հատկացվել նյութական աջակցություն՝ հագուստի և դեղորայքի տեսքով։ Բացի վերը նշվածից, սեպտեմբերի 1-ի կապակցությամբ հիմնադրամի աշխատակիցները որոշել են իրենց աշխատավարձի որոշ մասը հատկացնել գրենական պիտույքների անհրաժեշտ խմբաքանակի ձեռքբերմանը, որը ևս ծառայել է իր նպատակին։
Ուշադրության կենտրոնում պահելով տեղահանված մեր հայրենակիցներին մտահոգող խնդիրները՝ հիմնադրամն արդեն հասցրել է օգնություն ցուցաբերել թշնամու կողմւց գրավված 8 գյուղերից (Թաղավարդ, Տող, Ջիվանի, Տումի, Ավետարանոց, Մոշխմհատ, Ակնաղբյուր), Շուշի քաղաքից տեղահանված և ծայրահեղ ծանր պայմաններում ապրող մեր 96 հայրենակիցներին (որոնցից 2-ը՝ հաշմանդամ)։ Բացի հագուստից, տեղահանված մեր հայրենակիցների երեխաներին տրամադրվել են նաև դպրոցի համար անհրաժեշտ գրենական պիտույքներ», — նշել է Ա. Աղաջանյանը և հավելեց, որ վիրավոր Արցախը բոլորիս աջակցության կարիքն ունի։




