
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է հանրությանը հուզող հարցերի։
«Արդյո՞ք մարդը ազատ չէ ընտրելու հիվանդանալ և ապրել ինչ կլինի կլինի սկզբունքով.
— Ոչ, քանի որ գործ ունենք հանրային վտանգավոր, վարակիչ հիվանդության հետ։ Այս դեպքում դուք միայն ձեր կյանքի և առողջության համար չեք որոշում կայացնում, այլ նաև ուրիշների, ինչպես օրինակ մահացած հղի կնոջ…
Խնդրեմ՝ եթե դուք ապրում եք քաղաքակրթությունից կտրված սարի գլխին և որևէ շփում չունեք մարդկության հետ ազատ կերպով մի պատվաստվեք, դիմակ մի կրեք, ուժգին փռշտացեք, հիվանդացեք և մի բուժվեք, իսկ եթե այնուամենայնիվ ապրում եք սոցիումի մեջ ապա չեք կարող ձեր որոշումներով վտանգել այլոց կյանքն ու առողջությունը»,- գրել է նախարարը:
Նրա խոսքով՝ այժմ աշխատանքներ են տարվում Պֆայզեր պատվաստանյութի ձեռքբերման ուղղությամբ։
«Հայաստանում այսօր առկա պատվաստանյութերը բավարարում են արդյուվետության և որակի բոլոր անհրաժեշտ չափանիշներին և լուծում են մեր առջև ծառացած խնդիրը՝ այն է կանխել հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և մահերը։ Սպասելու իմաստ, անհրաժեշտություն և ժամանակ չկա»,- գրել է Ավանեսյանը։
Նա պատասխանել է նաև հարցին, թե արդյո՞ք պատվաստումներն արվում են «գումար աշխատելու» նպատակով:
«Ճիշտ հակառակը՝ պատվաստանյութերը հիվանդության հաղթահարման ամենամատչելի միջոցն են»,- գրել է Ավանեսյանը։




