
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ֆեյսբուքյան գրառում է արել, որում պատրաստակամություն է հայտնել շարունակել Վրաստանի ակտիվ միջնորդական դերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահությունը վերականգնելու համար:
«Մեր ընդհանուր տեսլականն է՝ մեր տարածաշրջանն աստիճանաբար վերածել նոր հնարավորությունների, զարգացման և խաղաղության տարածաշրջանի: Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ: Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համատեղ կյանքի ջատագով: Մենք դա ապացուցեցինք մի քանի րոպե առաջ գործով»,-գրել է նա:
Ղարիբաշվիլին հիշեցրել է Վրաստանի միջնորդությամբ ականապատ քարտեզների դիմաց հայ գերիների փոխանակման մասին՝ նշելով, որ «հաջող նախադեպը տալիս է լավատեսության հիմք, որ մենք կարող ենք ավելին անել տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության և զարգացման հասնելու համար»:
«Այսօր ես կրկին հաստատեցի Նիկոլ Փաշինյանին՝ Վրաստանի լիակատար պատրաստակամությունը՝ շարունակել ակտիվ միջնորդական դերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահությունը վերականգնելու համար, ինչը նույնպես շատ կարևոր է ողջ տարածաշրջանի համար: Մենք պատրաստ ենք միասին քննարկել նոր գաղափարներ և իրականացնել նոր նախագծեր»,-գրել է Ղարիբաշվիլին։




