
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Գեորգի Կարաստամատովին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ազգային արխիվի և Բուլղարիայի Հանրապետության «Արխիվների» պետական գործակալության միջև հնարավոր համագործակցության և փորձի փոխանակման մասին: Խոսվել է նաև երկու երկրների արխիվների միջև համագործակցության հնարավոր հուշագրի ստորագրման մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2022 թվականին՝ Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ, ցուցահանդեսներ (նաև շրջիկ) կազմակերպելու մասին՝ նպատակ ունենալով էլ ավելի ամրապնդել և խորացնել երկու բարեկամ երկրների միջև տարբեր ոլորտներում գոյություն ունեցող ամուր կապերը: Այդ համատեքստում կարևորվել է նաև երիտասարդների համար մատչելի և ուսանելի միջոցառումների անցկացումը: Գրիգոր Արշակյանը պատրաստակամություն է հայտնել բուլղարական կողմից առաջարկվող նախաձեռնություններին հնարավորինս աջակցելու, կյանքի կոչելու հարցում:
Հանդիպման ավարտին դեսպանը Գ. Արշակյանին է փոխանցել Բուլղարիայի Հանրապետության «Արխիվների» պետական գործակալության նախագահ Մ. Գրուևի հրավերը՝ այցելելու Բուլղարիա և տեղում ծանոթանալու իրենց արխիվի աշխատանքներին:
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ




