
Ամասիա համայնքում հացահատիկի բերքն այս տարի նվազել է 3-4 անգամ: Անբարենպաստ եղանակի պատճառով հացահատիկի փոխարեն խոտ են քաղել: Սովորաբար 1 հա-ից հավաքել են 2 տոննա ցորեն, այս տարի ցանել են 300 կգ, հավաքել 200-ը։ Վնասների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ և ուղարկվել մարզպետարան, այժմ սպասում են կառավարության պատասխանին։
Գյուղատնտեսությունն Ամասիայում արդեն 2 տարի տուժում է անբարենպաստ եղանակից: Ցրտահարության, կարկուտի և երաշտի պատճառով Ամասիա խոշորացված համայնքում այս տարի հացահատիկի բերք չհավաքեցին, թեպետ 2020թ-ին ցանքսը 150 հա-ով ավելին էր։ Համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն ասում է՝ քաղել են այնքան հացահատիկ, որքան ցանել են, կամ՝ ցանածից էլ պակաս.
«Անցած տարի, նախորդ տարվա համեմատ, 150 հա հող ավելի է մշակվել, իսկ այս տարի չեն մշակի, որովհետև չեն վարել: Այս տարի կարկուտը լրիվ հողին հավասարեցրեց ոչ միայն այգիները, այլև հացահատիկային մշակաբույսերն ու խոտաբույսերը: Ժողովուրդն այս տարի կարկուտի, երաշտի ու ցրտահարության պատճառով երեք անգամ քիչ բերք է ստացել, քան նախորդ տարիներին: Ցորենը 300 կգ ցանել են, 200 կգ հավաքել»:

Սովորաբար 1 հա հացահատիկից Ամասիայում ստանում են մինչև 2 տոննա բերք, մինչդեռ այս տարվա ցորենից ալյուր ստանալ չեն կարող․ այն պիտանի է միայն ընտանի թռչուններին կերակրելու համար: Գարու և վարսակի արտերից միայն խոտ են հավաքել: Բյուրակնի վարչական ղեկավար Սեյրան Սարգսյանը ենթադրում է՝ անասնակեր չունենալու պատճառով աշնանը անասնագլխաքանակը կկրճատվի.
«Անասունների թիվն էլ քանի գնում, պակասում է: Երևի այս տարի հարկադիր մորթը շատ լինի: Խոտ չկա, հատիկ չկա, 1 հակ խոտը հիմա 2000 դրամ և ավելի արժե: Ինչ էլ որ պահենք, ինքնարժեքը գերազանցում է»։
Որպես անասնակեր՝ օգտագործում են կորնգանն ու առվույտը: Բյուրակնում 4 անգամ ավելի պակաս բերք են հավաքել: Վարչական ղեկավարն իր հողն է օրինակ բերում.
«Եթե երաշտ չլիներ, 2-րդ տարին, որ քաղում ես, բերքն ավելի շատ պետք է լինի, բայց 4 անգամ պակաս էր անցած տարվա համեմատությամբ: Անցած տարի մեկ հեկտարից հավաքել եմ 120-130 տուկ անասնակեր, այս տարի ընդամենը 35 տուկ»:

Գյուղացիներից Մանուկ Ավետիսյանն էլ է դժգոհում եղանակային պայմաններից։ Ասում է՝ ոռոգման ջրի խնդիր չեն ունեցել, բայց ամառը, ընդհանուր առմամբ, չոր էր, ու դա ազդել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության վրա.
«Կոնգան ունեի ցանած, դա չեղավ. 2 հա-ից 40 հակ դուրս եկավ, 2-րդ տարվա կոնգան էր, չեղավ, անբարենպաստ էր, երաշտ: Խոտը հարևան Գետաշեն գյուղից եմ առել, 100 հակ: Այն ժամանակ 1 հակը 1500 դրամ էր, հիմա արդեն 1 հակը 2000 դրամ է: 200 հատ հակ էլ սովորական խոտ պետք է առնեմ»:
Բերքահավաքի շրջանը կարճ է: Երաշտի պատճառով հացահատիկային մշակաբույսերն ավելի շուտ ու միաժամանակ քաղեցին: Թեպետ գյուղում 3 կոմբայն կա, չհասցրեցին քաղը ժամանակին կատարել: Բացասական ազդեցությունն ավելի շատ զգացվեց կորնգանի արտերի վրա: Կարինե Կազարովան ասում է, որ Ամասիա խոշորացված համայնքին տրամադրված գյուղտեխնիկան Բյուրակն չի հասնում․

«Հին կոմբայններ են, հին տեխնիկա, դրանք անընդհատ բերքի կորուստ են տալիս: Դետալները հնամաշ են, չեն կարողանում շահագործվել, որպեսզի նորմալ հավաքեն բերքը: Այս պատճառով էլ բերքի մեծ կորուստ է լինում: Իսկ այդ խոշորացված համայնքին տրամադրված տեխնիկան նոր է, որը եթե հասնի մեր դաշտեր, մեր բերքը հավաքի, այդքան կորուստ չենք ունենա»։
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը բացատրում է, թե ինչու նոր կոմբայնը Բյուրակն չի հասնում, ասում է, հազիվ է բավարարում, սահմանային գոտիներում հունձը ժամանակին ավարտելու խնդիր ունեն: Սեզոնի ընթացում քաղում են միայն 200 հա հացահատիկային մշակաբույսեր, իսկ Ամասիայի 10 բնակավայրում մոտ 7000 հեկտար հող կա․

«Բերքահավաքը սկսում է Ողջի գյուղից, հետո Մեղրաշատ ու Բյուրակն: Ողջի և Մեղրաշատ գյուղերի հիմնական հողերը սահամանգոտում են՝ զաստավի ներսում: Երբ այդ կոմբայնը մտնում է այդ 2 գյուղ, չի հասցնում զաստավից դուրս գալ, որ մյուս գյուղերն էլ հասցնի»:
Բյուրակնի 1100 հա հողերից այս տարի վարել են 40-45 հեկտարը, անցած տարի 150 հեկտար էր: Վարչական ղեկավարը մտահոգված է․ անմշակ հողերը գնալով շատանում են, գյուղացին 2 տարի բերք չի ստացել, խոպանի փողերն էլ են պակասել՝ ցանքս սկսել չեն կարող։ Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը չոր եղանակի հասցրած վնասն արձանագրել է և ուղարկել մարզպետարան: Սպասում են կառավարության արձագանքին:




