ԿարևորՀասարակություն

Պատերազմից 11 ամիս անց հարյուրավոր ընտանիքներ դեռ փնտրում են իրենց հարազատներին

Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների իրական թվերի և պահման վայրերի թաքցնելը պատերազմական և մարդկության հանդեպ հանցագործությունների կատարման անհերքելի վկայություն են՝ բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ ուղերձում  նշել է  Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։  Նույն առիթով արված հայտարարության մեջ  Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն այլ արձանագրում է արել՝  ադրբեջանական իշխանությունների կողմից մարդասիրական ու մարդու իրավունքների հարցերի բացահայտ քաղաքականացումը, գերիների իրական թվի չհրապարակումը հանգեցրել է  լրացուցիչ զրկանքների։

Նրանց գտնվելու վայրերն անհայտ են,  գերեվարման հանգամանքները՝ տարբեր, ճակատագրերը՝ միանման։ Արցախյան երրորդ պատերազմից 11 ամիս անց հարյուրավոր ընտանիքներ դեռ փնտրում են իրենց հարազատներին։ Վերջին տվյալներով՝ 44–օրյա պատերազմից հետո  243 զինծառայողի ճակատագիր անհայտ է։ Տվյալներն օրերս կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խորհրդարանում ներկայացրել էր Հայաստանի վարչապետը։ 

Անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ընտանիքներից ՄԻՊ պաշտպանի գրասենյակն ամեն օր բազմաթիվ նամակներ է ստանում՝ արձանագրում է  Մարդու իրավունքների պաշտպանի օգնական  Անդրանիկ Եղոյանն ու  ընդգծում՝ ստեղծված իրավիճակի  պատասխանատուն ու մեղավորը Ադրբեջանն է, որը հերքում է տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման փաստը, արհամարհում նրանց  մասին տեղեկատվություն տրամադրելու՝ ՄԻԵԴ-ի որոշումները ։

Հայաստանում ԿԽՄԿ–ի կոմիտեն անհետ կորածների մասին տեղեկությունները  ստանում և հավաքում  է հարազատներից՝  հիշեցնում է  կոմիտեի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար  Զառա Ամատունին և հավելում՝  հավաքագրված փաստերը ներկայացվում են հակառակ կողմին։ Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են, ԴՆԹ նույնականացման գործընթացը՝ նույնպես։

«Ռազմական գործողությունների վայրերում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Արդյունքները, իհարկե, ավելի փոքր են։ Շարունակվում է նաև նույնականացման գործընթացը։ Հնարավոր է, որ անհետ կորածների թիվն այս ընթացքում փոխվի»։ 

Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Անդրանիկ Եղոյանը, մատնանշելով  միջազգային իրավունքի  դրույթները,    հիշեցնում է՝  հակամարտող կողմերը պետք է փոխանակեն անհետ կորածների մասին տեղեկությունները։ Նույն դիրքորոշումը պնդում  է նաև ԵԽԽՎ–ն։ Հայաստանը պատրաստակամ է կատարել ստանձնած պարտավորությունները,  Ադրբեջանը, սակայն, հրաժարվում  է համագործակցությունից։ Այս երկիրը  փաստացի ձգձգում է գերիների արձակման գործընթացը,  խոչընդոտում անհետ կորածների մասին  իրական տեղեկություններ ունենալուն՝ արձանագրում է ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը։

«Նոյեմբերի 9–ից  առաջ ու հետո առկա է գործող, զինված հակամարտություն։ Ադրբեջանը պարտավոր է գերության մեջ գտնվող բոլոր քաղաքացիներին  անմիջապես վերադարձնել։ Մենք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանի իշխանությունը աղավաղված  փաստեր ներկայացնի։ Նրանք պարբերաբար փորձում են գործընթացը քաղաքականացնել։ Սա անթույլատրելի է։ Մենք պետք է հարցը դիտարկենք մարդու իրավունքների տեսանկյունից»։ 

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է՝  Ադրբեջանական իշխանությունների կողմից մարդասիրական ու մարդու իրավունքների հարցերի բացահայտ քաղաքականացումը, գերիների իրական թվի չհրապարակումը բերեց լրացուցիչ զրկանքների, մարդկանց պատճառվող հոգեկան լրացուցիչ տանջանքների: Ադրբեջանական հայատյաց քաղաքականության հետևանքով բռնի անհետացել, սպանվել ու խոշտանգվել են բազմաթիվ մարդիկ, որոնց վերաբերյալ կան փաստական անհերքելի ապացույցներ։

Բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ արված ուղերձում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նույնպես արձանագրում է,  որ ադրբեջանական իշխանությունները հերքում են տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման փաստը, չնայած  կան հստակ ապացույցներ։

«Կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևի կոնվենցիաների և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջները՝ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել գերիների վերադարձը։ Մինչդեռ, ի շարունակություն Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության կողմից վարվող հայատյացության հետևողական քաղաքականության, Ադրբեջանում գտնվող հայ գերիներն ու պատանդները ենթարկվում են խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի: Արդեն արձանագրված են նաև նրանց կյանքի իրավունքից զրկելու դեպքեր: Շարունակվում են հայ ռազմագերիների ապօրինի և շինծու դատավարությունները»:

Հայ փաստաբանները վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարան նոր գործեր էին ներկայացրել, որոնցով վիճարկում էին Ադրբեջանում հայ ռազմագերիների մահվան հանգամանքները։ ՄԻԵԴ ներկայացված բողոքի հիմքում  19 հայ քաղաքացիների և զինվորականների՝ գերության մեջ գտնվելու ժամանակ ադրբեջանական ուժերի կողմից սպանվելու փաստերն են։

Պատերազմից հետո հայկական կողմը ՄԻԵԴ 280 անձի վերաբերյալ դիմումներ է ներկայացրել՝ «Ռադիոլուր»–ին հայտնել են Հայաստանում ՄԻԵԴ ներկայացուցչությունից ։ Դիմումների մեծ մասը  ներկայացվել է 39-րդ կանոնի հիմքով, ինչն ունի կանխարգելիչ նշանակություն ու սովորաբար կիրառվում է նախքան հիմնական գանգատ ներկայացնելը բարդ և շուտափույթ լուծում պահանջող դեպքերի առթիվ։ Դիմումներից  144–ը ներկայացրել է Հայաստանի կառավարությունը։  ՄԻԵԴ 39–րդ կանոնին  զուգահեռ Հայաստանի կողմից ներկայացված միջպետական գանգատում համապարփակ ներկայացվել  են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, գերեվարված քաղաքացիական անձանց, ինչպես նաև նրանց հարազատների հիմնարար իրավունքների խախտման վերաբերյալ պահանջներ՝ ասում է ՀՀ–ում ՄԻԵԴ ներկայացուցչի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը։

«Բաքվում ընթացող շինծու դատավարություններին միջամտելու խնդրով ՀՀ–ն դիմել էր ՄԻԵԴ՝ խնդրելով միջնորդել դատարանի կանոնների , կանոն 39–ի ներքո կիրառել միջանկյալ միջոց ու անպահաղ կասեցնել ապօրինի դատավարությունները։ Սակայն, միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է՝ պատճառաբանությամբ, որ տվյալ հարցը դուրս է դատարանի, Կանոն 39–ի շրջանակից»։

ՀՀ–ում ՄԻԵԴ ներկայացչությունից փոխանցում են, որ այս պահին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանին» գործը կոմունիկացիոն փուլում է․ գանգատի շրջանակում Եվրոպական դատարանն արդեն  հարցադրումներ է ուղղել Ադրբեջանին, և սպասում է այդ երկրի կառավարության պատասխաններին։

Կարդացեք նաև

Back to top button