
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներն այսօր շարունակվում են ընդլայնված կազմով: Ելույթ է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը կարևորել է տրանսպորտի ոլորտի կարգավորման միասնական սկզբունքների մշակումը: Նա ընդգծել է, որ քննարկվող փաստաթղթով Եվրասիական տրանսպորտային միջանցքների համակարգային զարգացում է նախատեսում և անդամ պետությունների օրենսդրությունների համապատասխանեցում:
Վարչապետը նշել է, որ համավարակի ընթացքում կանաչ միջանցքներ են բացվել առաջին անհրաժեշտության ապրանքների բեռնափոխադրումների համար: Նիկոլ Փաշինայնն ասել է, որ էներգետիկ հնարավորությունների արդյունավետ օգտագործումը կնպաստի ԵԱՏՄ անդամ պետությունների էներգետիկ անվտանգությանը:
«Մենք համոզված ենք, որ Միության արդյունավետ զարգացման առանցքային բաղադրիչներից մեկը հետևողական և թափանցիկ աշխատանքն է, որն ուղղված է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի նորմատիվային բազայի ստեղծմանը: Էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործումը կարող է պատասխան լինել շատ մարտահրավերների՝ նպաստելով էներգետիկ անվտանգության ամրապնդմանը և մեր երկրների տնտեսությունների կայուն զարգացմանը»,- ասել է Փաշինյանը:
Նա հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ կառուցողական աշխատանքները կշարունակվեն: Համաձայնացվել է 5 սկզբունք, որոնց վրա ընդհանուր շուկա կարող է ստեղծվել:




