
Փոքր ու միջին բիզնեսի դաշտում աշխատելը արտոնյալ հարկային վիճա՞կ է, թե՞ կայուն բիզնես ստեղծելու գրավական։ Պարզվում է՝ փոքր ու միջին բիզնեսը խթանելու նպատակով ստեղծված հարկային «փափուկ» միջավայրից դուրս չգալու, այսինքն՝ սահմանված հարկային շեմը չգերազանցվելու և ԱԱՀ դաաշտում չհայտնվելու համար տնտեսվարողներն ամենատարբեր հնարքների են դիմում։ «Ռադիոլուրն» ի մի է բերել փոխկապակցված բիզնեսների պաշտոնական թվերն ու արձանագրել՝ ցուցանիշը վերջին 3 տարում կտրուկ աճել է։
Վերջին 3 տարում նկատվել է բիզնեսի փոխկապակցվածության դեպքերի կտրուկ աճ։ Պետական եկամուտների կոմիտեից «Ռադիոլուրին» փոխանցում են՝ 2019-ին 116 դեպքում է նկատվել, որ այս կամ այն բիզնեսներն փոխկապակցված են, 2020-ին՝ 190, իսկ միայն 2021-ին արդեն 276 դեպք, ասել է, թե 2019-ից ավելի քան 2,5 անգամ ավելի։ Այս վիճակագրության ներքո առավելապես դիտարկվում են այն տնտեսվարողները, որոնք, այսպես ասած, հնարամտություն են ցուցաբերել և այս կամ այն պատճառով, օրինակ, մի անվան տակ գործող բիզնեսը դադարեցրել են ու շարունակել մեկ այլի անվամբ։ Նպատակը պարզ է՝ շարունակել գործել փոքր ու միջին բիզնեսի դաշտում, որտեղ հարկերն առավել ցածր են։
Հայաստանում 2020 թվականի հունվարի 1-ից գործում է փոքր բիզնեսի զարգացումը խթանող միկրոձեռնարկատիրության համակարգը։ Ըստ այդմ՝ փոքր ու միջին բիզնեսի համար հարկային օրենսդրությունը բարենպաստ է․մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցողներն ազատված են հարկերից, մինչև 115 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցողներն էլ շրջանառության հարկ են վճարում՝ 3 տոկոս։ Սա էլ հենց նպտաստում է, որ բիզնեսը ցանկանա կամ փորձի մնալ հարկման այս «փափուկ» դաշտում՝ դիմելով տարատեսակ քայլերի և չհայտնվի 20 տոկոս ԱԱՀ դաշտում։ Սա նկատել են նաև կառավարությունում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան․ «Տարեկան 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերություններն այս օրենսդրական փոփոխություններից օգտվելու կամ ավելի ճիշտ չարաշահելու համար՝ կիսվում են 4 մասի ու դառնում 4 հատ միկրոձեռնարկատիրական ընկերություն, որը մեր բարեփոխման նպատակից անդին է»։
ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանն ընդգծում է՝ իրականում կա նման իրավիճակ, երբ խոշոր բիզնեսը տրոհվում է՝ նպատակ ունենալով խուսափել հարկերի վճարումից։ Ընդգծում է՝ ըստ դիտարկումների՝ հաճախ են դեպքերը, երբ տարին չավարտված բիզնեսի տարեկան հասույթը մոտենում է 115 մլն դրամի՝ վերին շեմին, և շեմը հաղթահարելու դեպքում արդեն բիզնեսը պետք է անցնի հարկման այլ դաշտ, տնտեսվարողն արդեն դիմում է հնարքի՝ տվյալ բիզնեսը դադարեցնում և շարունակում նորով։ Սա բացատրություն ունի․ անցումը հարկման սովորական՝ ԱԱՀ դաշտ շատ կտրուկ է․ վերջինն արդեն ենթադրում է 20 տոկոս ԱԱՀ և փաստաթղթավորում, ինչը ստվերից դուրս բերելը երբեմն տնտեսվարողի համար բարդ է կամ ոչ ցանկալի։ Իրավիճակին ծանոթ է նաև զրուցակիցս։
ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյան․ «Ես անեկդոտիկ իրավիճակիների մասին եմ լսել։ Տարեվերջին՝ դեկտեմբերին, երբ տարեկան շրջանառությունը շեմին մոտ է, տնտեսվարողները խանութը փակում են, որ հանկարծ ավել եկամուտ չունենան։ Սա շատ լավ ցուցիչ է այն բանի, որ հարմարավետ պայմաններ են բիզնեսի համար, դրանք գայթակղիչ են բիզնեսի համար»։
Փոխկապակցված բիզնեսներն իրականում ավելի շատ են․սա գիտակցում են նաև պետական համակարգում։ Ի՞նչ վարչարարություն է կիրառվում, եթե բիզնեսները փոխկապակցված են ճանաչվում։ ՊԵԿ-ից բացատրում են՝ ընդհանուր իրացման շրջանառությունը գերազանցելու դեպում երկուսն էլ դիտարկվում են ԱԱՀ վճարող։ Սա նման դեպքերը բացառելու նպատակով է արվում՝ բացատրում են ՊԵԿ-ից ու նաև նկատում, որոշ դեպքերում բիզնեսի ներկայացուցիչները բողոքարկել են այս որոշումները։

ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանը սրան զուգահեռ խոսում է փոքր ու միջին բիզնեսի խնդիրների մասին։ Օրենքը շրջանցելը չի արդարացվում, սակայն բիզնեսի խնդիրներն էլ պետք չի շրջանցել։
Հայաստանի ներքին շուկան փոքր է, նրանց գնողունակությունը ցածր է՝ հատկապես համավարակից ու պատերազմից հետո։ Ավելին, բիզնեսի մեծ մասը առևտրի ոլորտում է, կենտրոնացված է Երևանում․
«Որպեսզի զարգացնենք ՓՄՁ-ն, պետք է աջակցենք,որ փոքր ընկերությունները արտահանման ուղղությամբ գնան, կամ այլ ձևակերպմամբ, շուկան ավելի մեծ լինի փոքր բիզնեսի համար։ ՓՄՁ–ի ներդրումների մեծ մասը պաշարների ու սարքավորումների ձեռքբերմանն է ուղղվում։ Անձնակազմի վերապատրաստումը 4-րդ տեղում է, պետք է կարողանանք հասկանալ, թե որտեղ են խնդիրները։
Մասնագետն ասում է՝բիզնեսի համար հարկը հետևանք է, նախ պետք է պայմաններ ստեղծել, հետո միայն հարկել։
Հայաստանում փոքր բիզնեսը շարունակում է հիմնականում մանրածախ առևտրով զբաղվել։ ՊԵԿ-ից «Ռադիոլուր»-ին փոխանցում են՝ 2021–ի առաջին կիսամյակում Հայաստանում մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող 41 997 ընկերություն է գործել։ Նրանց կեսը՝ 20 284-ը զբաղվել է մանրածախ առևտրով։ Հանրային սնունդը երկրորդ տեղում է(1764), իրավաբանական ու հաշվապահական, ինչպես նաև առողջապահության ոլորտներում աշխատող ընկերությունները համապատասխանաբար երրորդ (1472) ու չորրորդ (1080) տեղերում են։ 2020-ին՝ (75 257) համավարակի ու պատերազմի տարում Հայաստանում 2019–ի (68 210) համեմատ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների թիվն ավելացել է ավելի քան 7 հազարով կամ ավելի քան 10 տոկոսով։




