
Այսօր առավոտյան ձերբակալվել են Գորիսի համայնքապետի տեղակալներ Մենուա Հովսեփյանը և Իրինա Յոլյանը, համայնքապետարանի ևս երկու աշխատակցուհի։ Նրանք կասկածվում են առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար: Մենուա Հովսեփյանը կասկածվում է նաև պաշտոնական դիրքն օգտագործելով նախընտրական քարոզչությանը մասնակցել պարտադրելու, մասնակցությունից հրաժարվել հակադրելու մեջ։ Մենուա Հովսեփյանի պաշտպաններից Դավիթ Կարապետյանը «Ռադիոլուր»-ի Սյունիքի թղթակցին ասել է, որ ձերբակալվածներին, հավանաբար, Երեւան են տեղափոխել, ու ինքը, մինչեւ ձերբակալության հիմքերին չծանոթանա, ոչինչ չի կարող ասել։ Իսկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Գորիսի մշակույթի տան տնօրեն Հայկ Խաչատրյանի դատաքննությունը։
Գորիս համայնքի «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն»–ի տնօրեն Հայկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1–ին և 2-րդ կետերով։ Դրանք, ընդհանուր առմամբ, վերաբերում են նախընտրական քարոզչության մասնակցությանը խոչընդոտելուն, պաշտոնեական դիրքն օգտագործելուն։
Ըստ մեղադրանքի՝ Խաչատրյանը մշակույթի կենտրոնի գրադարանավար Արմիդա Աղաբեկյանին և մյուս աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի՝ 2021թ. հունիսի 7-ին Գորիսում կայացած նախընտրական քարոզչության հանրահավաքին։ Իսկ հունիսի 15-ին սպառնացել է աշխատանքից ազատել գրադարանավար Արմիդա Աղաբեկյանին, խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին՝ աշխատակցուհուն անվանելով դավաճան։ Գործը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի վարույթում է։ Օգոստոսի 17-ին դատարանը լսեց ամբաստանյալին։ Հայկ Խաչատրյանի խափանման միջոց կալանավորումը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ փոխվել է գրավով։ Ըստ Հայկ Խաչատրյանի՝ հունիսի 15-ին ինքը հրապարակում հանդիպել է աշխատակցուհուն․

«Ես կատակով ու լայն ժպիտով Արմիդային հարցրեցի՝ ի՞նչ են կանչում՝ Նիկոլ դավաճա՞ն։ Արմիդան միանգամից ասաց՝ դավաճանը Քոչարյանդ է, Առուշդ է, և դու ես։ Նիկոլիս դավաճան չասես։ Ու ես այդտեղ լրջացա։ Սկսեց վիրավորական խոսքեր ասել»։
Հայկ Խաչտարյանը հետո հարցրել է՝ բա ինչո՞ւ չես գնում հանրահավաքի։ Այդտեղ Արմիդա Աղաբեկյանը տնօրենի հարցին հարցով է պատասխանել․բա գնալու եմ, դու չե՞ս թողնում։ Պատմում է Հայկ Խաչատրյանը․
«Ես ուղիղ պատասխանեցի, թե ես ով եմ, որ քեզ արգելեմ կամ չարգելեմ, հենց առաջինը օրինական դաշտում մնալու համար։ Իր իրավունքն է։ Հետո ինքը պտտվեց ու ասաց՝ որպես տնօրեն քեզ չեմ էլ ընդունում, այ․․․։ Ես էլ ասեցի, որ չես ընդունում, աշխատանքի չգաս վաղվանից։ Ու հետո ինքը ցուցմունք է տվել, որ հանրահավաքին արգելելու պատճառով սպառանացել եմ ազատել աշխատանքից»։

Մշակույթի կենտրոնի տնօրենը չի թաքցնում՝ չնայած եղել է արձակուրդում, բայց հիմնարկ է գնացել ու ժողովներ է հրավիրել։ Մի անգամ համայնքապետարանից են ասել, որ հիմնարկում կարգապահությունը լավ չէ, մի անգամ էլ ինքն է ժողով հրավիրել ու խոսել ընտրական թեմայով․
«Ընտրելու առումով բոլորին հորդորել եմ մասնակցել ընտրություններին, ընտրեն այն մարդուն, որին միանշանակ իրենք են նախընտրում»։
Ամբաստանյալի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը դատարանին միջնորդեց դատակոչել ևս 6 վկայի․
«Հարգելի՛ դատարան, քրեական գործում առկա է 44 վկայի ցուցմունք, որոնք հերքում են Արմիդա Աղաբեկյանի խոսքերը։ Հետևաբար, միջնորդում ենք հարցաքննել 6 վկայի, որոնք խոսել են ժողովում տեղի ունեցածի մասին, հերքել են Արմիդա Աղաբեկյանին, բայց վերջինս ասաց, որ պնդում է իր ասածը։ Ուստի, սույն դատավարության օբյեկտիվության, մրցակցության պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով, խնդրում եմ հարցաքննել այդ վկաներին»։
Մեղադրողը միջնորդությանը չառարկեց, և դատարանը որոշեց հաջորդ դատական նիստին՝ սեպտեմբերի 10-ին, լսել մյուս վկաներին։




