
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը, ասորիների ցեղասպանության օրվա և ասորի նահատակների վիրտուալ հիշատակմանը նվիրված իր ելույթում անդրադարձել է իր անձնական պատմությունը՝ որպես Հայոց ցեղասպանության վերապրածի թոռնուհի, կրկին կոչ անելով Ավստրալիայի դաշնային կառավարությանը՝ միանալ աշխարհի այն պետությունների թվին, որոնք ճանաչել են Օսմանյան կայսրության բնիկ քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, ասորիների և հույների կոտորածները որպես ցեղասպանություն, հայտնում է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը:
«Իմացեք, որ մեզնից շատերը չեն հանգստանա, մինչև որ Օսմանյան ժամանակաշրջանում ասորիների, հայերի և հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը չճանաչվի: Եվ ես կրկին կոչ եմ անում իմ դաշնային գործընկերներին և դաշնային խորհրդարանին ճանաչել այն, ինչ ճանաչել են Ավստրալիայի նահանգային խորհրդարանները և մի շարք երկրներ աշխարհի տարբեր հատվածներում»,-ասել է վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը:




