
Հայ փաստաբանները Մարդու իրավունքների եվրոպական դատարան նոր գործեր են ներկայացրել․ վիճարկում են Ադրբեջանում հայ ռազմագերիների մահվան հանգամանքները։ ՄԻԵԴ ներկայացված բողոքի հիմքում 19 հայ քաղաքացիների և զինվորականների՝ գերության մեջ գտնվելու ժամանակ ադրբեջանական ուժերի կողմից սպանվելու փաստերն են։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը պարզաբանում է՝ խոսքն անհատական գանգատների շրջանակում ներկայացված դիմումների մասին է։
«Այսինքն` տուժած անձանց հարազատները մասնավոր փաստաբանների կամ իրավապաշտպան կազմակերպությունների միջոցով գանգատ են ներկայացրել Եվրոպական դատարան։ Այդ գանգատները դեռ պետք է կոմունիկացվեն, այսինքն՝ դրանց մասին պետք է Ադրբեջանի Հանրապետությունը պաշտոնապես ծանուցվի, որից հետո ՀՀ–ն կներառվի գործում որպես երրորդ կողմ։ Այդ դեպքում, երբ մենք ամբողջական կունենանք բոլոր տվյալները, բոլոր փաստաթղթերը, արդեն կկարողանանք հստակ դիրքորոշում հայտնել»,-ասում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։
Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավարն այս փուլում ձեռնպահ է մնում գործին վերաբերող մանրամասներ հրապարակելուց։ Միայն նշում է, որ դիմումները ներկայացվել են ականատեսների ցուցմունքների, համացանցում տարածված տեսաձայնագրությունների, դատաբժշկական փորձաքննությունների անհերքելի ապացույցներով և փորձագիտական եզրակացություններով։
«Այսինքն կան ապացույցներ՝ այդ անձանց Ադրբեջանում գտնվելու վերաբերյալ։ Դրանից հետո ունենք արդեն մահացած անձի աճյուն, որի վրա առկա են բռնության հետքեր։ Այսինքն՝ այս շղթան թույլ է տալիս պնդել, որ անձը, գտնվելով Ադրբեջանի տիրապետության տակ, զրկվել է իր կյանքից։ Հետևաբար Արդրբեջանի Հանրապետությունը պատասխանատվություն է կրում առնվազն անձի կյանքի իրավունքի խախտման համար»,- պարզաբանում է Լիպարիտ Դիմեյանը։
Անհատական գանգատների հիման վրա ներկայացված հայցերից բացի՝ 2021թ փետրվարին Հայաստանի կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել նաև միջպետական երկու գանգատ՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրիքայի՝ հիշեցնում է ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը։ Ըստ Լիպարիտ Դրմեյանի ՝ դրանք քննության փուլում են։ Առաջին գանգատի շրջանակում Եվրոպական դատարանն արդեն հարցադրումներ է ուղղել Ադրբեջանին, և սպասում է այդ երկրի կառավարության պատասխաններին։ Դրան կհաջորդի դատական առաջին լսումը։ Լիպարիտ Դրմեյանը կարծում է, որ առաջին լսումը հավանաբար կլինի 2022թ երկրորդ կիսամյակի սկզբին միայն։
«Ընդհանրապես, եթե նայենք Եվրոպական դատարանում միջպետական գանգատների պրակտիկան, սրանք բավական երկար քննվող գործեր են, խոսքը միջինում 4-5 տարվա մասին է՝ սկզբնական գանգատի ներկայացման պահից մինչև վերջնական դատական ակտ ունենալը։ Ինչո՞ւ է այդպես, որովհետև հասկանում ենք՝ այստեղ փաստերի շատ մեծ ծավալ կա, և դատարանը պարտավոր է դրանք ուսումնասիրել․ ապացույցները շատ են, դեպքերի, իրադարձությունների շղթան էլ՝ մեծ, ու այս ամենը պահանջում է տևական ժամանակահատված գործերը ամենայն մանրամասնություններով քննելու համար»,-ասում է ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը։
Սա Հայաստանի կողմից ՄԻԵԴ ներկայացվող առաջին միջպետական գանգատն է։ Կառավարությունը ծավալուն փաթեթով հիմնավորում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և Հայաստանի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները:
Գանգատում բարձրացվել են նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց, Արցախի տեղահանված բնակչության, զոհված և վիրավորված քաղաքացիական անձանց, գույքային վնասներին վերաբերող հարցեր։





