ԿարևորՔաղաքական

Բանակցել, ապաշրջափակել, սահմանազատել՝ օրակարգում ունենալով միայն Արցախի կարգավիճակի հարցը․ փորձագետ

Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում և սպասում է կոնկրետ առաջարկների՝ կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը դարձյալ խոսել է միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման մասին՝  ընդգծելով, որ դեէսկալացիայի և կայունացման  գործընթացը առանց դրա  դժվար է պատկերացնել:

Փորձագիտական դաշտում կարծում են, որ մշտադիտարկման մեխանիզմների ներդրումը  իրավիճակի վրա  դրական ազդեցություն կարող է ունենալ։ Բայց նաև արձանագրում են՝  հայկական կողմի համար  ամենաառանցքայինը Արցախի կարգավիճակի հարցն է։ Բանակցել, ապաշրջափակել, սահմանազատել պետք է, բայց միայն՝ կարգավիճակի շուրջ  քննարկումներին զուգահեռ ։

Հայաստանը ողջունել և ողջունում է  ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունները վերսկսելու համանախագահների կոչը՝ շեշտում է Հայաստանի վարչապետը՝ ընդգծելով, որ հայկական կողմը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե բարձր, թե բարձրագույն մակարդակում։ Հայաստանը սպասում է առաջարկների՝  ասում է Նիկոլ Փաշինյանը և մանրամասնում, թե որ պայմանի պահպանումն առանցքային նշանակություն ունի պատեհ բանակցային մթնոլորտ և միջավայր ձևավորելու համար։

«Նախկինում ասել եմ, հիմա էլ կարծում եմ, որ հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և սադրիչ գործողության հասցեական դատապարտումը էական նշանակություն ունեն իրադրության հետագա դեէսկալացիայի և կայունացման համար: Այսուհանդերձ, նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման: Կարծում եմ՝ դա պիտի լինի Հավաքական անվտանգության պայմանագրի դիտորդական առաքելություն, իսկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը»:

Միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկումը հակամարտող երկրների համար կարող է դրական ազդեցություն ունենալ՝ արձանագրում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, բայց  նաև ընդգծում՝  այդ մեխանիզմը գործարկելիս  ամենակարևոր խնդիրը Արցախի անորոշ  կարգավիճակի հարցն է։

«Այնտեղ որևէ միջազգային կառույցի կողմից մոնիթորինգային խմբի ներկայացվածությունը կարող է վիճարկելի լինել։ Այստեղ մենք խնդրի առաջ ենք կանգնելու։ Կարծում եմ, որ այստեղ մենք պետք է շեշտը դնենք ոչ թե միջազգային որևէ կառույցի մոնիթորինգային խմբի, այլ՝ ինքնապաշտպանական գործոնի վրա։ Մենք պետք է փորձենք առաջ տանել այն  գիծը, որ ինքնապաշտպանական գործունեությունը և գործողությունները արդարացված են, քանի որ պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտման փաստի առաջ ենք կանգնում»։

Փորձագետը հիշեցնում է՝ սահմանային  որոշ հատվածներում  ռուս խաղաղապահներ  արդեն տեղակայվել են, այլ երկրների մոնիթորինգային խմբերի ներգրավումն, ըստ նրա,  մեկից ավելի ռազմական  ներկայության կհանգեցնի։ Անկախ ցանկությունից՝ մոնիթորինգային խումբը դիտարկվում է որպես ռազմական ներկայացվածությո ւն  ՝ ասում է Կարեն Հովհաննիսյանը։

«Մյուս կողմից՝ հասկանում եմ, եթե ոչ ՀԱՊԿ, ապա Մինսկի համանախագահների խումբ։ Այստեղ մենք կանխում ենք մյուս տարբերակը, որը հնարավոր է Ադրբեջանն առաջարկի՝ Թուրքիայի խաղաղապահների կամ թուրքական մոնիթորինգային խմբերի տեղակայումը։ Մենք, փորձելով կանխել դա Արցախում, այդ երկու տարբերակն ենք առաջարկում»։

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ բանակցությունները պետք է վերսկսել  միայն ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակում։  Իսկ այդ մասին Հայաստանն, ըստ քաղաքագետի, պետք է հստակ հայտարարի։

Պարզաբանում է՝   Մինսկի խմբում ներգրավված երկրները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներից երեքն են․

«Հայաստանը պետք է հստակ հայտարարի, որ համաձայն է բանակցություններին Ադրբեջանի հետ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրանց օրակարգով։ Անտեսելով այդ մանդատը՝ խարխլվում են միջազգային իրավակարգի հիմքերը, ինչը չափազանց վտանգավոր է»։

Հայաստանի վարչապետի խոսքով՝ օրակարգի կարևոր հարցերից մեկն էլ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է։  Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու ժողովրդից ստացած մանդատը կառավարության վրա դնում է հատուկ պատասխանատվություն՝ ասում է Նիկոլ Փաշինյանը։

«Այս խնդիրը լուծելու համար պետք է լինենք առավելագույնս ակտիվ եւ ճկուն։ Մեր տրամադրությունն ու տրամադրվածությունը պիտի լինի հետեւյալը՝ առավելագույնն անել՝ օրակարգում առկա խնդիրներով լուծումների գնալու համար։  

Հայաստանի բարձագույն ղեկավարությունը գիտի՝   կան հարցեր, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում, բայց կան հարցեր էլ, որոնք կարող են արագ լուծվել։

«Կարծում եմ՝ օր առաջ պետք է սկսենք աշխատանքները փոխվարչապետերի եռակողմ ձևաչափում, լինենք առավել ակտիվ և նախաձեռնող տարածաշրջանում նոր կոմունիկացիոն եւ տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից»։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը խաղաղությանը, տարածաշրջանում նոր կոմունիկացիաների բացմանը դեմ չէ, դեմարկացիային ու դելիմիտացիային նույնպես,  բայց  համոզված է ՝ բոլոր բանակցությունների հիմքում պետք է առանցքային լինի Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը։ Ադրբեջանը փորձում է հնարավոր բոլոր ճանապարհներով չեզոքացնել Արցախի  կարգավիճակը՝ ասում  է ռազմական փորձագետը և նկատում՝ կարևոր է, թե որտեղից է սկսվելու սահմանազատումը.

«Եթե սահմանազատումը սկսենք Տավուշի մարզից, ապա միանշանակ այստեղ Ադրբեջանը ցավոտ ու ցավալի իրավիճակում է հայտնվելու։ Կարծում եմ, որ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ հնարավոր սահմանազատումն ու սահմանագծումը Տավուշից չսկսվի, քանի որ այստեղ մի քանի գյուղ ունենալու է նույն ճակատագիրը, ինչն ունեցավ  Շուռնուխը Սյունիքի մարզում, այսինքն՝ անցնելու են Հայաստանին։ Դրանք միայն գյուղեր չեն, այլ նաև ՝ միջհամայնքային ճանապարհներ են»։

Խաղաղասիրական կոչերն էլ չպետք է միակողմանի լինեն՝ ընդգծում է ռազմական փորձագետն ու ամփոփում՝ տարածաշրջանը  տեսանելի ապագայում խաղաղության դեռ պատրաստ չէ։ Թուրք-ադրբեջանական  տանդեմը տարածաշրջանում ոչ թե խաղաղություն է ուզում, այլ «Համապետական ալյանս»՝ հիմնված պանթյուրքիզմի գաղափարախոսության վրա, ինչի իրականացման խոչընդոտը  Հայաստանն է՝ իր տարածքով։

Կարդացեք նաև

Back to top button