ԿարևորՀասարակություն

Տնօրենի փնտրտուքի «ճգնաժամ»․ կենդանաբանական այգում կրկին դժգոհ են

Կենդանաբանական այգին մի քանի օր է՝ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի։ Արևիկ Մկրտչյանի պաշտոնավարման առաջին իսկ օրվանից այգու աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ Պահաջը մեկն է՝ տնօրենի պաշտոնում վերականգնել արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին։ Այգու աշխատակիցները պնդում են՝ Արևիկ Մկրտչյանն այս պաշտոնում իր տեղում չէ։   

Կենդանաբանական այգու կենդանիները հոգնել են բողոքի ակցիաներից, զգում են բացասական էներգիան՝ վստահ են այգու աշխատակիցները, որոնք արդեն մի քանի օր է՝ իրենց դժգոհությունն են հայտնում։ Բողոքի առիթը Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնում Արևիկ Մկրտչյանի ժամանակավոր նշանակումն է։ Այգին վերջին մի քանի տարում մի քանի տնօրեն է ունեցել, ու գրեթե բոլոր նշանակումներն էլ ուղեկցվել են աղմուկով ու աշխատակիցների դժգոհություններով։ 2019թ նոյեմբերին Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը սեփական դիմումի համաձայն հեռացել էր պաշտոնից, ինչից հետո տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել Վլադիմիր Սիմոնյանը։ Վերջինս մի քանի օր առաջ է ազատվել պաշտոնից։ Արդեն օգոստոսի 7-ին Երևանի քաղաքապետի տեղակալը ներկայացրել է կենդանաբանական այգու տնօրենի նոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանին։ Դրանից հետո աշխատակիցների բողոքի ձայնը 3-րդ օրն է՝ չի լռում։

«Մենք կարծում ենք, որ նա չի համապատասխանում այդ պաշտոնին։ Այս կերպ պարզապես կազմակերպում են հին ղեկավարների վերադարձը։ Մենք պահանջում ենք հանրային խորհրդի հետ հանդիպում, որ պարզաբանեն, ինչ չափորոշիչներով է տվյալ անձը նշանակվել այդ պաշտոնին»։

Այգու աշխատակիցները ցանկանում են, որ այգին շարունակի ղեկավարել նախորդ տնօրենը՝ Վլադիմիր Սիմոնյանը․ պնդում են՝ այգին Սիմոնյանի ղեկավարման տարիներին է առաջընթաց ու զարգացում ունեցել։

«Մեր պահանջն այն է, որ կենդանաբանական այգին չվերածվի խոտածածկ տարածքի, մենք ուզում ենք կենդանիներ տեսնել, ոչ թե սրճարաններ ու ատրակցիոններ։ Մեր կենդանաբանական այգին կամաց–կամաց ոտքի էր կանգնում, բայց հիմա դա արդեն չի լինի»։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պարզաբանում է՝ տնօրենի նախորդ պաշտոնակատարը չի համապատասխանում տնօրենի պաշտոնին․ ի հայտ են եկել տնօրենին ներկայացվող պահանջներին փաստաթղթային անհամապատասխանություններ։ Նրան աշխատանքից չեն ազատել, նա կշարունակի աշխատել որպես տնօրենի տեղակալ: Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է նշանակվել այդ պաշտոնին, Կարապետյանը նշեց՝ նոր են պարզել խնդիրը։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան

«Այդ անհամապատասխանություններն ի հայտ են եկել վերջերս՝ համապատասխան մարմնի կողմից քաղաքապետարանին ուղղած տեղեկության արդյունքում։ Խնդրում եմ ուղղակի ի գիտություն ընդունել հետևյալ ձևակերպումը․ փաստաթղթերում ի հայտ են եկել անճշտություններ, անհամապատասխանություն զբաղեցրած պաշտոնին»,– ասում է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Այգու աշխատակիցները նշում են՝ Արևիկ Մկրտչյանն աշխատել է նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ, նրա թիմակիցն է, իսկ իրենք թույլ չեն տա նախորդ ղեկավարության վերադարձը։

«Նախկինում կենդանիների անկման դեպքեր էին լինում, էֆտանազիայի դեպքեր ունեինք, այգին ալեկոծությունների մեջ էր, իսկ մենք ուզում ենք հանգիստ աշխատել»,– ասում են այգու աշխատակիցները։ Մինչդեռ քաղաքապետի խոսնակն հակադարձում է․

«Արևիկ Մկրտչյանը Ռուբեն Խաչատրանին չի ներկայացնում, Արևիկ Մկրտչյանը ներկայացնում է ինքն իրեն, իր սեփական ծրագրերն ունի և աշխատելու է ներկա աշխատակազմի հետ։ Ռուբեն Խաչատրյան անուն-ազգանունով մարդ հիմա կենդանաբանական այգում չկա և որևէ ազդեցություն չի կարող ունենալ տնօրինության որոշումների վրա»։

Այգու աշխատակիցներն ասում են՝ նշանակված նոր ժամանակավոր պաշտոնակատարը խուսափում է իրենց հետ հանդիպել, խոսել, ներկայացնել իր ծրագրերը․ իրենք էլ չեն հավատում, որ վերջինս գալիս է այգու զարգացման կենսունակ ծրագրերով։ «Ռադիոլուրը» ևս փորձեց կապ հաստատել Արևիկ Մկրտչյանի հետ, սակայն վերջինս անջատեց բջջայինը՝ իմանալուն պես, որ զանգը լրագրողից է։

«Բողոքի ակցիաները շարունակական են լինելու, մենք կսպասենք մոտ մեկ շաբաթ, իսկ հետո մեր պահանջը կուղղենք արդեն քաղաքապետարանին»։

Այգու կենդանիների խնամքի բաժնի համակարգող Յունոնա Խանզադյանն արդեն 30 տարի այգում է աշխատում, ասում է՝ չի եղել այնպիսի շրջան, որ այգին խնդիրներ չունենա, բայց հիմա, տնօրենների նշանակման խառը հարցերով ու այս իրավիճակով պայմանավորված, ընթացիկ ծրագրերն իրականացնել չեն կարողանում։

«Մենք ուզում էինք նոր կենդանիներ բերել, բայց իրավիճակով պայմանավորված՝ մեզ մոտ շինարարությունը կանգնած է»,– ասում է Յունոնա Խանզադյանը։

Լարված մթնոլորտում կենդանաբանական այգու աշխատակիցները չեն մոռանում նաև կենդանիների մասին ու բացատրում՝  ամեն ինչ անում են, որ տնօրենի փնտրտուքի ու նշանակումների «ճգնաժամը» կենդանիների վրա չանդրադառնա։

Կարդացեք նաև

Back to top button