ԿարևորՀասարակություն

Սահմանադրությունը չի փոխվի, վեթինգ չի լինի, ընդդիմությունը կդիմի ՍԴ․ ԱԺ-ն շարունակում է ձևավորվել

Խորհրդարանում այսօր քննարկել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները։ Պատգամավորներն ընտրություն առայժմ չեն կատարել, հասցրել են մի քանի առաջադրումներ անել ու հարցեր ուղղել թեկնածուներին։ Արդեն հայտնի են 12 հանձնաժողովներից 4-ի նախագահի թեկնածուների անունները։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «ՔՊ»–ն առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը, պաշտպանության և անվտանգությանը հարցերի հանձնաժողովի ղեկավարը կմնա Անդրանիկ Քոչարյանը։ Ընդդիմությունը ստանձնել  է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարումը, առաջարկում են Վահե Հակոբյանի թեկնածությունը։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարումը «Հայաստան» խմբակցությունը զիջում է «Պատիվ ունեմ»–ին։     

8–րդ գումարման ԱԺ–ում աննախադեպ վիճակ է՝ 16 պատգամավոր անցնում է տարբեր քրեական գործերով։ Բոլոր պատգամավորներն ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից են։ Գործերը տարբեր են՝ համավարակի սահմանափակումների անտեսմամբ հետպատերազմական ցույցերի կազմակերպումից մինչև ընտրակաշառքներ։ Ընդդիմադիր թևում նախընտրում են  «քաղաքական հետապնդում» ձևակերպումը, ՍԴ–ում պատրաստվում են վիճարկել «Հայաստան» խմբակցության  պատգամավորներ Արթուր Սարգսյանի ու Մխիթար Զաքարյանի կալանավորման որոշումը։

Դիմումը պատրաստ է, առաջիկա օրերին  կդիմեն ՍԴ՝ հաստատում է «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը․ «Կարող եմ մի հետաքրքիր բան ասել, հուլիսի 20–ին ներկայացվել էր դիմում պատգամավորներից մեկի նկատմամբ, որը  լիազորությունները դեռ չէր ստանձնել, քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու։ Որոշումը ԿԸՀ կայքում հրապարակված է։ ԿԸՀ վերադարձրել է այդ միջնորդությունը, գիտե՞ք ինչ հիմքով, որ այլևս պատգամավորի թեկնածու կարգավիճակ առկա չէ, և այդ հարցի լուծումը դուրս է ԿԸՀ իրավասության տիրույթից։ Այսինքն՝ նույն ԿԸՀ-ն այդ կարգավիճակների տրոհումը արձանագարել է, բայց ՀՀ դատախազության համար այս պարզ ճշմարտությունը դեռևս հասկանալի չէ»։

Այլ ճշմարտության մասին է խոսում իշխանական թևից Վլադիմիր Վարդանյանը, որի գիտելիքներն իրավագիտության ոլորտում խորհրդարանական մեծամասնությունը, ինչպես նախորդ խորհրդարանում, պատրաստվում է օգտագործել առանցքային՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարման հարցում։  

 «Ինչո՞ւ եք այսպես թաքնվել այս անձեռնմխելիության ինստիտուտի ներքո։ Այդ ինստիտուտը, ի վերջո, տրված չէ նրա համար, որ հանցագործություն կատարես ու ասես՝ հոպ, ես անձեռնմխելի եմ, ինձ չկպնեք։ Անձեռնմխելիությունը` որպես այդպիսին, չի կարող երբևիցե, որևէ երկրում, նախ և առաջ Հայաստանում լինել երաշխիք՝ հանցագործություններ կատարելու և պատասխանատվությունից խուսափելու համար»։

Իշխանության ռազմավարությունը ոլորտում նախանշեց հարցերին պատասխանելիս։ Օրինակ՝ Սահմանադրության փոփոխություն չեն նախատեսում, աստիճանաբար գործածությունից դուրս է գալիս նաև «վեթինգ» հասկացությունը։  Իշխանությունը որոշեց արմատական գործողությունների չգնալ՝  ասում է Վարդանյանը․

«Ոչ թե մեկանգամյա բարեվարքության ստուգման միջոցով դատական համակարգում փոփոխություններ կատարել, այլ գնալ  առօրյա ռեժիմում բարեվարքության ստուգման տարբերակով։ Այն կանոնակարգումները, որոնք այսօր գործում են և կկենսագործվեն մոտ ապագայում, ըստ էության հնարավորություն են տալու դատական համակարգում անմիջապես վերհանել այն բոլոր դեպքերը, երբ դատավորը թույլ է տվել այնպիսի վարքագիծ, որն անընդունելի է դատական իշխանության համար և համապատասխան հետևություններ անել դրանից և այդ գործընթացը ոչ թե ինչ–որ ժամանակով է սահմանափակված լինելու կամ անձանցով, այլ՝ պարբերաբար իրականացվող գործընթաց է լինելու»։

Իշխանության համար խորհրդարանում առանցքային է նաև պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։ «Դոնթի բանաձևով» բաշխման առաջին փուլով մեծամասնությունը միանգամից ընտրեց այս հանձնաժողովները։ «Քաղաքացիական պայմանագիր»–ը «պաշտպանական» հանձնաժողովը կրկին վստահում է Անդրանիկ Քոչարյանին։ Նա խոսում է, թե ինչ գործառույթներ կարող է ունենալ հանձնաժողովը ինչպես անվտանգային և պաշտպանական ռամավարությունը մշակելիս, այնպես էլ ոլորտում բարձրագույն պաշտոնյաներին նշանակելիս։ Ընդդիմությանը, սակայն,  այլ բան է  հետաքրքրում՝ արդյոք  իշխանությունը պատրաստվում է  Ռուսաստանի և Ադրբեջանի հետ փաստաթուղթ ստորագրել, եթե այո, ապա ինչ փաստաթուղթ։

«Բնականաբար, ոչ ոք ԱԺ թիկունքում որևէ բանակցային գործընթաց չի կարող տանել։ Վերջին հաշվով՝ այդ ամենը քննարկվելու է նաև ԱԺ-ում, եթե դրա կարիքը լինի»։

Ընդդիմադիրների անհանգստությունն ավելացրել է իշխանական պատգամավորներից Վահե Ղալումյանի արտահայտարծ կարծիքը՝ Տավուշում ադրբեջանական անկլավների առկայության մասին, որոնց հանձնումը Ադրբեջանին նա չէր բացառել։ Իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Արմեն Խաչատրյանը, որը նախորդ գումարման «պաշտպանական» հանձնաժողովի անդամ էր, ամբիոնից պատասխանեց․

Արմեն Խաչատրյան․ «Ընդունելի չեմ համարում որևէ տարածքի հանձնումը Ադրբեջանին։ Իմ կարծիքը սա է, և ՀՀ–ն պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի նման իրավիճակներ չստեղծվեն»։

Ագնեսա Խամոյան․ «Հուսով եմ, որ Դուք այս դիրքորոշումը նաև կբարձրաձայնեք Ձեր քաղաքական թիմում»։

Արմեն Խաչատրյան․ «Քաղաքական թիմում բարձրաձայնելու կարիք չկա, որովհետև քաղաքական թիմի նաև մեծամասնության, գուցե բոլորի կարծիքը համընկնում է այն կարծիքին, ինչը ես արտահայտեցի»։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը այն հանձնաժողովն է, որը ցանկանում էր ղեկավարել նաև ընդդիմությունը։ Վերջինին չզիջվեց նաև 44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը։ Այն նույնպես «բաժին» կհասնի իշխանությանը։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը չի ընդունում այս մոտեցումը, բայց  հասկանում է նպատակը։  

«Քննիչ հանձնաժողովը իշխանության գործիքը չէ։ Դա բացառապես ընդդիմության համար նախատեսված գործիք է։ Քննիչ հանձնաժողովը, քաղաքական եզրակացություն ներկայացնելուց բացի, որևէ այլ իրավասություն չունի։ Պետք է օգտագործի ընդդիմությունը և փորձի ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները։ Կան մի քանի հանձնաժողովներ, որոնք պետք են քաղաքական նպատակների համար»։

ԱԺ–ի մշտական 12 հանձնաժողովից ընդդիմությունը ղեկավարելու է 3–ը ։ Ընտրել են տնտեսական, տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները։ Կարող էին ընտրել, բայց չեն ընտրել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը։

Արդեն հայտնի է, որ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար ընդդիմությունն առաջադրում  է Վահե Հակոբյանի թեկնածությունը։ Ուժի մեջ է նաև ընդդիմադիրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։ 3 հանձնաժողովներից մեկը զիջում են «Պատիվ ունեմ» խմբակցությանը։ Քաղաքական այդ միավորը հավաքած ձայների քանակով իրավունք չի ստացել ղեկավարել որևէ հանձնաժողով, ունի  միայն մեկ հանձնաժողովում նախագահի տեղակալ նշանակելու հնարավորություն։ Բայց «Հայաստան» խմբակցությունը որոշել է Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին։

Կարդացեք նաև

Back to top button