
8-րդ գումարման խորհրդարանը շարունակում է ձևավորել օրենսդիր մարմնի ղեկավար կազմը։ Պատգամավորներն այսօր Ազգային ժողովի նախագահի երկրորդ տեղակալ են ընտրել «Քաղաքացիական պայմանագրից» Հակոբ Արշակյանին։ Այս փակ, գաղտնի քվեարկությանը ևս, ինչպես նախորդներին, մասնակցել են միայն իշխող խմբակցության պատգամավորները։ Խորհրդարանը երեկ փոխխոսնակի պաշտոնում ընտրել էր «Քաղաքացիական պայմանագրից» Ռուբեն Ռուբինյանին։
ԱԺ նախագահի երրորդ տեղակալի թեկնածուն «Հայաստան» դաշինքը ներկայացնող Իշխան Սաղաթելյանն է։ Ըստ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգի՝ խորհրդարանի երեք փոխխոսնակներից մեկում թեկնածու առաջադրելու իրավասությունը խորհրդարանական փոքրամասնությանն է։
Մեծամասնությունն, ամենայն հավանականությամբ, կողմ կքվեարկի Սաղաթելյանի թեկնածությանը։ Նման ակնարկներ լրատվամիջոցների հետ զրույցներում արել են ՔՊ-ի պատգամավորները։ Իսկ քննարկումը նիստերի դահլիճում, ինչպես նախորդ երկու օրերին, թեժ է ընթացել։ Բանավեճի հիմնական թեման քառօրյա և 44-օրյա պատերազմներն են։
Խորհրդարանի նոր ընդդիմությունը փորձելու է ձևավորել նոր մշտական հանձնաժողով, որը կզբաղվի Արցախերի հարցերով։ Նախաձեռնությունը «Պատիվ ունեմ» խմբակցությանն է, որի՝ ընտրություններում ստացած ձայները, ըստ Դոնթի բանաձևի, բավարար չեն որևէ մշտական հանձնաժողովի նախագահություն ստանձնելու համար։ Այս խորհրդարանում «Պատիվ ունեմ» խմբակցությունը կարող է ընդամենը մեկ մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոն ստանալ։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն բացառում, որ հասանելիք 3 հանձնաժողովներից մեկի ղեկավարումը զիջեն «Պատիվ ունեմ»–ին։ Նոր խորհրդարանում ընդդիմության վերահսկողական լծակները քիչ են, փոխարենը շատ են պայքարի գործիքները՝ համոզված է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Այս խորհրդարանը պահպանելու է Սահմանադրությամբ իրեն վերապահված վերահսկողական մեխանիզմները։ Դահլիճում էլ, դրանից դուրս էլ կան շատ ու շատ գործիքներ ։ Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ մենք բարձրախոսները մոռացել ենք և անցել ենք մանդատի։ Բացարձակ, մի ձեռքով կարող ենք իրականացնել խորհրդարանական վերահսկողություն, իսկ մյուս ձեռքով կազմակերպել այն բոլոր ցույցերը, որոնցից այդքան սարսափում են իշխանությունները»։
Մեկ այլ հանձնաժողովի թե ստեղծմանը, թե ղեկավարմանը հավակնում են և ընդդիմությունը, և իշխանությունը։ Վերջինը մինչև նստաշրջանի մեկնարկն էր որոշել հանդես գալ 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորելու առաջարկով։ «Հայաստան» խմբակցության ղեկավար, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պնդում է՝ պատերազմի հարցով ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը պետք է տրվի ընդդիմությանը, քանի որ իշխանական թևն ունի այն ամբողջ գործիքակազմը, որով կարող է քննություն իրականացնել: Բայց եթե ընդդիմությանը այդ իրավունքը չտրվի, հանդես կգան փաստահավաք խումբ ստեղծելու նախաձեռնությամբ: «Հայաստան» խմբակցության անդամները մանրամասնում են, թե իրենց պատկերացմամբ ինչով պետք է զբաղվի քննիչ հանձնաժողովը։

Գեղամ Նազարյան․ «Քննիչ հանձնաժողովը պետք է զբաղվի միայն 44–օրյա պատերազմի՞, թե՞ նաև հետպատերազմյան իրավիճակի, մասնավորապես՝ Սյունիքի դիրքերը շատ արագ ու տարօրինակ թշնամուն նվիրելու հարցերով։ Մինչև 2018 թվականը ադրբեջանցի զինվորները Գորիս–Կապան ավտոճանապարհին կանգնած չէին»։
Սեյրան Օհանյան․ «Երբ խոսում ենք քննիչ հանձնաժողովի մասին, նկատի ունենք այն իրադրությունը, որը ձևավորվել է ՀՀ–ում։ Այսինքն՝ դրա ծնող պատճառները, ինչը բերեց նրան, որ սկսվեց պատերազմ, պատերազմական գործողությունները և իհարկե, պատերազմից հետո այդ ամենի ազդեցությունը և ներքին, և արտաքին քաղաքականության վրա, սահմանային իրադրության վրա։ Ես կարծում եմ, որ քննիչ հանձնաժողովը այս ամբողջը պետք է քննարկի»։
Քննիչ հանձնաժողովը դեռ չի ձևավորվել, բայց խորհրդարանը պարբերաբար վերադառնում է պատերազմին ու դրա հանգամանքներին։ Ով որտեղ է ծառայել կամ ինչու չի ծառայել, որտեղ է եղել քառօրյա և 44–օրյա պատերազմների ժամանակ․ այս ու բազմաթիվ այլ հարցերի առիթով հներն ու նորերը շատ բան ունեն հիշելու։ Ընդդիմության ներկայացմամբ՝ այսօր ԱԺ–ի շենքը սահմաններից ավելի պաշտպանված է։ Սեյրան Օհանյանը հիշեցրեց, թե իր նախարարության տարիներին ինչպիսի միջոցներ է ձեռնարկվել սահմանը ամրացնելու և ինժեներական աշխատանքներ անելու համար, ԱԺ–ի փոխնախագահ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը հարցնում է․
«Պարոն Օհանյան, դուք 2008–2016 թթ․ պատասխանատու եք եղել ՀՀ ԶՈՒ մարտունակության համար։ Երբ Ադրբեջանը 2001 թվականին ստեղծում էր ռազմարդյունաբերությամբ զբաղվող նախարարություն և սկսում էր անօդաչուների արտադրություն, դուք ի՞նչ եք արել այդ ժամանակ՝ 10 տարի առաջ, որպեսզի Հայաստանի բանակը նույնպես տեխնոլոգիապես նույնպես զարգանա։ Ոչ միայն ունենա ժամանակակից սպառազինություն, այլ նաև դրա կառավարումը իմանա, որովհետև ունենալը դեռ շատ քիչ է, և կառավարումը շատ ավելի կարևոր է այս դեպքում։ Հիմա մեկ–մեկ հարցեր են առաջանում, իսկ որտե՞ղ էին մեր անօդաչուները»։
Այս հարցի պատասխանը ԱԺ–ում բարձրաձայնեց նախկին ԲՀԿ–ական, այժմ ՔՊ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Պարոն Օհանյանը լավ գիտի, որ բազմաթիվ հրամանատարներ, լինելով միայն զինվորական, կառուցել են քառահարկ հյուրանոցներ և սեփականատերն են։ Երբևէ հարց առաջացե՞լ է՝ ՀՕՊ–ի համար նախատեսված մեր միջոցները, որ չկարողացանք պաշտպանել մեր զինվորին օդից, այդ դղյակներում են պահված։ Ես կցանկանայի, որ մենք օբյեկտիվ լինենք և մեր հարցադրումները երկկողմանի լինեն»։
Թեման ընդդիմության և իշխանության բախման հերթական առիթը դարձավ․ մի կողմից՝ «Հայաստան» խմբակցությունից Արթուր խաչատրյանն էր, մյուս կողմից՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Արմեն Խաչատրյան․ «Ունեիք օրենքով նախատեսված բոլոր իրավունքները կանխելու ցանկացած հանցագործություն և բացահայտելու նախկինում կատարված ցանկացած հանցագործություն։ Հիմա որ ասում եք՝ գեներալներն են գողացել, թալանել են, բանակը անպաշտպան է եղել, բա մեկին բռնեիք, ասեիք՝ ժողովուրդը մանդատ է տվել՝ ճիշտ է «թավշյա» է, բայց կբռնեմ, կդատեմ։ Ո՞վ էր ձեզ խանգարում, ի՞նչն էր ձեզ խանգարում։ Իսկ հիմա՞ «պողպատը» ոնց եք օգտագործելու։ Կարո՞ղ է առաջարկեք Ֆեմիդայի ձեռքից թուրը վերցնենք և մուրճ տանք»։
Ալեն Սիմոնյան․ «Երբ 2010 թվականին այստեղ նստած գրվում է, որ ՀՀ նույն Շուռնուխի հակառակ կողմը դա Ադրբեջանի Հանրապետությունն է, որևէ մեկը այստեղ ձեռքով չխփեց, ձայն չհանեց։ Բա դրա հետ ի՞նչ ենք անելու։ Երկրորդը՝ մի շտապեք, արդարադատությունը հասնելու է իր առաքելությանը, որը ունի։ Ուստի՝ մի բան ասելիս միշտ հիշենք՝ նման բան կարելի է ասել այս կողմում նստած մեր գործընկերների և ցուցակները գլխավորող անձանց մասին»։
Խորհրդարանական ընդդիմությունը մտավախություն ունի, որ 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի միջոցով իշխանությունը փորձելու է պարտության պատասխանատվությունը ԶՈՒ–ի վրա դնել։ Սակայն ծավալված բանավեճը ապացուցում է՝ հարցերը ու կասկածները շատ են, իսկ հասցեատերերեը բոլորն են՝ թե նախկինները, թե ներկաները։




