ԿարևորՀասարակություն

Եզդիները պատրաստվում են դիմել միջազգային դատական ատյաններ․ օգոստոսի 3-ը Շանգալում եզդիների ցեղասպանության օրն է

Օգոստոսի 3-ին աշխարհի եզդիները հարգանքի տուրք են մատուցում 2014 թվականին Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից սպանված հազարավոր եզդիների հիշատակին: 7 տարի առաջ եզդիաբնակ Շանգալում տեղի ունեցած իրադարձությունները ցեղասպանություն են որակել աշխարհի 10 երկրների խորհրդարաններ։ Եզդիական համայնքը մտադիր է ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակել միջազգային դատական ատյաններում։

2016-ին՝ Հայաստանը, մի քանի օր առաջ՝ Նիդերլանդներն ու Բելգիան, ընդհանուր առմամբ՝ շուրջ տասը պետություն պաշտոնապես ճանաչել է 2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքի Հանրապետության եզդիաբնակ Շանգալում եզդիների հանդեպ իրականացված ցեղասպանությունը։ Դրա հետևանքով ավելի քան 450 հազար եզդի դարձել է փախստական, 100 հազարից ավելին մի քանի օր շարունակ թաքնվել է Սինջարի լեռներում՝ մատնվելով սովի և ծարավի։ Եզդիների ազգային միության նախագահ,  «Էզդիխանա» պաշտոնաթերթի տնօրեն Խդր Հաջոյանն ասում է, որ Բելգիայի և Նիդերլանդների խորհրդարաններում եզդիների ցեղասպանությունն ընդունած եվրոպացի պատգամավորների հետ հաստատել են կապեր՝ ներկայացնելու այն ծրագիրը, որով պատրաստվում են դիմել միջազգային դատարան։

«Նախագիծ ենք մշակում, որով միջազգային դատարանում պիտի դրվի եզդիների ցեղասպանության ընդունման և մի շարք այլ հարցեր։ Մեր վերջնական նպատակն է միջազգային կազմակերպություններում, մասնավորապես ՄԱԿ-ում ունենալ եզդի ներկայացուցիչ, որը կներկայացնի եզդիների խնդիրները»,-ասում է Խդր Հաջոյանը։

Դատարան դիմելու համար փաստեր հավաքել սկսել են դեռևս 2015-ին, համագործակցում են աշխարհի տարբեր երկրներում բնակվող եզդիների, եզդիական համայնքների ղեկավարների հետ։ Փաստերն անհերքելի են, դրանցից շատերը սոցիալական ցանցերում հրապարակել են հենց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները։ Ցեղասպանության հետևանքներն այսօր էլ տեսանելի են՝ ասում է Խդր Հաջոյանը․ Իրաքի հյուսիսային հատվածով մեկ եզդիական ճամբարներ են, յուրաքանչյուրում՝ շուրջ 40 հազար փախստական, ընդհանուր առմամբ՝ շուրջ կես միլիոն եզդի ապրում է վրաններում և ենթարկվում հալածանքների։ Ահաբեկիչներին չեն կանգնեցնում ոչ ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները, ոչ էլ տեղի իշխանությունները, հիմնականում պաշտպանություն իրականացնում են եզդի աշխարհազորայինները, որոնք ինքնակազմակերպվել և ջոկատեր են կազմել։

«Մոտ մեկ ամիս առաջ եզդիական ճամբարներից մեկում հրդեհ տեղի ունեցավ, դրանք միտումնավոր են կազմակերպվում։ Եզդիների շրջանում վախ կա, նրանք վախենում են վերադառնալ Շանգալ, որովհետև տարածքը դեռևս ականապատված է։ Մարդիկ փորձեցին վերադառնալ, բայց թուրքական ռազմական ավիացիան հարվածներով հետ քշեց նրանց։ Բայց ես վստահ եմ, որ եզդիները վերադառնալու են իրենց պատմական բնօրրան՝ Շանգալ, կրկնում եմ՝ բնօրրան, որովհետև Շանգալը պատմական Էզդիխանայի սիրտն է»,-ասում է Խդր Հաջոյանը։

Խդր Հաջոյանն ասում է՝ պատմական Էզդիխանայի սահմանները ձգվում են Իրաքի հյուսիսային հատվածով՝ ընդգրկելով Հաքարի լեռնաշղթան։ Միջազգային դատարան դիմելու վերջնանպատակը ոչ միայն միջազգային կառույցներում ներկայացուցիչներ ունենալն է, այլև Շանգալի՝ ինքնավար մարզի կարգավիճակին հասնելը կամ դրա շուրջ գոնե անվտանգության գոտի ստեղծելը։

Կարդացեք նաև

Back to top button