Վահան Տերյանի հայրենի Գանձա գյուղում օգոստոսի 1- ին վերաբացվել է հայ նշանավոր քնարերգուի տուն-թանգարանին կից ցուցասրահը՝ ժամանակակից լուծումներով ու «խոսող» պատկերներով։ Վահան Տերյանի ցուցասրահի վերակառուցման ծրագիրը երկրորդն է Ջիվանու տուն-թանգարանից հետո, որը կյանքի է կոչվում «Աջակցություն Ջավախքին» հիմնադրամի նախաձեռնությամբ։ Առաջիկա և ավելի մեծ ներդրումներ պահանջող ծրագիրը տուն-թանգարանի վերակառուցումն է։
Վրաստանի հայկական անկյունում՝ Գանձայում, օդը լցված է տերյանական շնչով․ «Մթնշաղի անուրջներ»-ում երազող ու «Երկիր Նաիրի»-ի ցնորքով ապրող սիրո բանաստեղծի ցուցասրահը ներկայանալու է նոր՝ժամանակակից լուծումներով։ Ցուցասրահի ճարտարապետներ Հովհաննես Մութաֆյանին ու Շահանե Գևորգյանին հաջողվել է պատկերասրահի եռաշերտ ցուցադրություն ապահովել․ առաջին շերտով տեղեկություններն արտացոլվում են պատերին, երկրորդով՝ ապակյա վահանակներին, իսկ երրորդ շերտում խոսող նկարներն են, որոնք հատուկ ծրագրի միջոցով «կենդանանում են», պատմում Տերյանի մասին կամ ընտրված բառին համահունչ արտասանում Տերյանի տողերից:
«Arloopa ծրագրի միջոցով սկանավորում ենք դիմացի պատը և յուրաքանչյուր բառին սեղմելիս՝ լսում համապատասխան քառյակը։ Ունենք այս ոճով աշխատող 3 պատկերներ՝ մանկությունից մինչև կյանքի մայրամուտ։ Առաջինը մանուկ Վահանն է՝ պատկերված հոր հետ, վերջին նկարում Տերյանը կյանքի մայրամուտին է՝ կնոջ հետ»։

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը 2019-ին տերյանական օրերի շրջանակում հայտարարեց Վահան Տերյանի տուն-թանգարանի վերակառուցման մասին։ 2016-ին Կարզախում բացված աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հաջողված փորձը նպաստեց, բարերարներն ու կամավորներն արագ համախմբվեն։ Չնայած համավարակի սահմանափակումներին ու պատերազմին՝ շուրջ 35 000 ամերիկյան դոլար նվիրատվություն հավաքվեց։ Ցուցասրահի բացման հանդիսավոր արարողությանը ՋԱՀ-ի տնօրեն Սամվել Մկոյանը 1000 և ավելի դոլար նվիրաբերած բարերարներին շնորհակալագրեր հանձնեց։
«Հովհաննես Հովհաննիսյանին, Դավիթ Մկոյանին, Տաճատ Վարդապետյանին և մեր գործընկեր, Նինոծմինդայի մունիցիպալիտետին, սագրեբուլոյին և շրջանային վարչությանը»։
Միջոցառմանը մասնակցող Հայաստանի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ նախաձեռնությունը հայ-վրացական կապերի խորացման ևս մեկ հարթակ է։
«Առաջիկայում նախատեսում ենք բարձր մակարդակի հանդիպումներ մեր վրացի գործընկերների հետ։ Համագործակցության բոլոր հնարավոր եղանակները քննարկվելու են։ Բնականաբար, նման նախաձեռնությունները կարող են զորեղ խթան դառնալ համագործակցությունը խորացնելու համար»։
ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բարերար Սոս Սահակյանն ասում է՝ առաջիկայում մտադիր են ավելի հավակնոտ ծրագրեր իրականացնել Վահան Տերյանի հուշահամալիրի տարածքում։ Այն ընդգրկում է ցուցասրահը, տուն-թանգարանն ու ս․ Կարապետ եկեղեցին, որը կառուցել է բանաստեղծի պապը՝ Տեր Գրիգոր քահանան, իսկ բակում ամփոփված է Տերյանների գերդաստանը։

Տերյանի՝ թանգարան դարձած տան վերանորոգման համար շուրջ 300 000 դոլար կպահանջվի։
«Արագ ու հաջողված աշխատանքը մեզ հույս է ներշնչում ավելի մասշտաբային ներդրումներ կատարելու և երկրորդ փուլն իրականացնելու։ 1-2 տարվա ընթացքում արդյունքը հանձնելու ենք մեր ժողովրդի դատին»։
Մինչ տուն-թանգարանի վերակառուցման համար հարյուր հազարավոր դոլարները կհանգանակվեն, գրականագետ Աբգար Ափինյանն ու նրա համախոհները պլանավորում են Գանձայում Տերյանին նվիրված միջազգային գիտաժողով կազմակերպել ու առաջ քաշել տերյանական գլխավոր՝ «Հոգևոր Հայաստան» -ի պատգամը։
«Մեր նպատակն է այսօր վերարթնացնել այդ երազը և կառուցել «Հոգևոր Հայաստան», հետո՝ կունենանք ուժեղ բանակ, ուժեղ տնտեսություն։ Միայն թե այդ ամենը հետևելու է «Հոգևոր Հայաստանին»․ սա է Տերյանի պատգամը»։
Միջոցառման գեղարվեստական հատվածում Տերյանի ստեղծագործություններն էին՝ Հայաստանի ու Ջավախքի մշակութային գործիչների կատարմամբ, իսկ միջոցառման ավարտին կատարվեցին առաջին հանգանակությունները։




