Forbes-ը Հայաստանը ներառել է յոթ տպավորիչ ուղղությունների շարքում, ուր կարելի է այցելել՝ չնայած Covid-19- ին: Պարբերականը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս Հայաստանում համտեսել աշխարհի ամենահին կոնյակը:
«Պատմությունն ասում է, որ կոնյակն այդ տարածքում թորվում էր դեռ բաբելոնացիների ժամանակաշրջանում: «Արարատ» կոնյակը, որը կոչվում է Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող լեռան անունով, ընկույզի, համեմունքների, դառը շոկոլադի և վանիլի բույր ունի: Գաղտնիքը կայանում է դրա արտադրության մեջ՝ յուրահատուկ հատկություններով խաղողի տեսակների օգտագործմամբ», — գրում է հեղինակ Եվա Պլան՝ շեշտելով նաև Արարատյան դաշտի միկրոկլիմայի և հայկական կաղնու տակառներում կրկնակի թորման և հնեցման հնագույն մեթոդների կարևորությունը:
Նա հիշատակում է հայկական կոնյակի համտեսի հետ կապված պատմություններն ու լեգենդները:
«Ասում են, որ Յալթայի կոնֆերանսի ժամանակ Ստալինը Ուինսթոն Չերչիլին առաջարկեց սիգարի հետ մի բաժակ «Արարատ» համտեսել, և Անգլիայի վարչապետին այն դուր եկավ: Այդ օրվանից սկսախծ Չերչիլին ամեն ամիս «Դվին» կոնյակ էր առաքվում: Մի անգամ վարչապետը նկատեց, որ կոնյակի որակը վատացել է և այդ մասին տեղյակ պահեց Ստալինին: Պարզվեց, որ կուպաժի վարպետ Մարգար Սեդրակյանն աքսորվել է Սիբիր, և նրա բացակայությունը նկատելի էր արտադրության որակի մեջ: Ստալինը հրամայեց վարպետին վերադառնալ իր աշխատանքին և ապահովեց բոլոր անհրաժեշտ պայմանները` բնականոն կյանքին վերադառնալու համար», — գրված է հոդվածում:
Նշվում է նաև, որ այս պահին Հայաստան կարելի է այցելել մինչև 72 ժամ առաջ կատարված բացասական ՊՇՌ թեստով:
Forbes-ն առաջարկում է նաև հանգստանալ 12 -րդ դարի վիլլայում՝ Գոզոյում (Մալթա), «զգալ քեզ Դարվին» Գալապագոսյան կղզիներում (Էկվադոր), այցելել Նամիբ անապատ (Նամիբիա), բարձրանալ Իռլանդիայի ամենահին լեռները, զբոսնել Վարձիայի քարանձավային վանական համալիրում ( Վրաստան), տեսնել արևածագն ու մայրամուտը Սալար դե Ույունիում (Բոլիվիա):




