
2022 թվականին Երևանյան լճի և Հրազդան գետի առափնյա տարածքն ամբողջովին մաքրված կլինի աղբից։ Ապրիլին արդեն մեծ շաբաթօրյակ իրականացվել է գետի՝ Հաղթանակ կամրջից մինչև Դավիթաշենի կամուրջ ընկած հատվածում։ Հավաքվել է 50 բեռնատար աղբ, որը տեսակավորվել է և ըստ նշանակության տեղափոխվել համապատասխան վերամշակող կազմակերպություն, ասում է Երևանի քաղաքապետրանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Գևորգ Կարապետյանը․
«Երևան լճի և Հրազդան գետի մաքրման մասով քաղաքապետարանը մշակել և ավագանին հաստատել է մի ծրագիր, որով պետք է մաքրի ափամերձ հատվածը, 2022 թվականին է նախատեսվում ծրագիրը, բյուջեով պետք է գումար հատկացվի, այս պահին շրջակա միջավայրի նախարարությունում է ծրագիրը»,-ասում է Գևորգ Կարապետյանը։
Նախատեսվում է տարածքը մաքրել շուրջ 13 հզ տոննա աղբից և բարեկարգման աշխատանքներ իրականացնել, կառուցել ճաղավանդակ, որը թույլ չի տա, որ Հրազդան գետից եկող աղբը լցվի Երևանյան լիճ։ 15 հեկտար ափամերձ հատվածում էլ վնասակար բույսեր են աճում, որոնք տարեկան գոլորշիացնում են շուրջ 300 լիտր ջուր, տարածքը կմաքրվի նաև այդ բույսերից։ Մաքրված տարածքը պետք է նաև մաքուր պահել ։ Այս հարցում քաղաքապետարանին աջակցում է «Էկո աղբ» ՀԿ-ն, կազմակերպության ծրագրերի ղեկավար Վահե Սալահյանն ասում է՝ հասարակությանն իրազեկելու ծրագրեր պետք է իրականացնեն՝ սոցիալական գովազդների և այլ միջոցառումների տեսքով․
«ՀՈԱԿ-ի հետ արդեն ունենք մշակած մեխանիզմներ՝ իրազեկման ծրագրերը իրականացնելու մասով, այս տարի մեկնարկը տալու ենք և հաջորդ տարի արդեն մասշտաբները կմեծացնենք»,-ասում է Վահե Սալահյանը։

Վահե Սալահյանը կարևորում է էկո կրթությունը, «միայն այս ճանապարհով կարող ենք հասնել գիտակից հասարակության, որտեղ աղբը կանաչապատ տարածք կամ ջրային միջավայր չի նետվի, անգամ չի այրվի և չի թաղվի հողի տակ»,- ասում է կազմակերպության ներկայացուցիչը։ 2019-ի տվյալներ է ներկայացնում՝ 2019-ին միայն Երևանում 510 հզ տոննա աղբ է թափվել, որից շուրջ 35 տոկոսը կենցաղային սնունդ, մնացածը՝ պլաստիկ, ապակի, թուղթ․
«Հետաքրքիրն այն է, որ 1907-ին առաջին փորձով, հետո 1930-ականներին, պլաստիկ ստացան, որպեսզի թղթե տոպրակներ ստանալու պատճառով աշխարհում ավելի քիչ սկսեն ծառեր հատվել, թղթին փոխարինելու գա տոպրակը, բայց փաստորեն վերջին 60-70 տարում մարդը բնությանը հասցրեց ավելի շատ վնաս, քան երբևէ հասցրել էր»,-ասում է Վահե Սալահյանը։
Աղբը չթափելու, շրջակա միջավայրը չաղտոտելու, հակառակը՝ այն մաքուր պահելու իրենց նախագծերն են կազմում երեխաները, Վահե Սալահյանը քաղաքապետարանի հետ արված ևս մեկ ծրագիր է ներկայացնում․
«Երևանի տարբեր դպրոցներ իրենց համայնքը մաքուր պահելու բնապահպանական նախագծեր են մշակել և ներկայացրել քաղաքապետարանի էկո ակումբ, դրանք ուսումանսիրվում են և կիրառության մեջ են դրվելու։ Սա լավ հնարավորություն է, երեխան ինքը ոչ միայն սովորում է չաղտոտել, այլև մշակում է նախագիծ՝ ինչպես մաքուր պահել սեփական համայնքը»,-ասում է Հկ ներկայացուցիչը։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչն ասաց՝ աղբից մաքրված Հրազդան գետի և Երևանյան լճի տարածքը աղտոտելու համար նաև պատժիչ միջոցներ են կիրառվելու։ ՀԿ-ի ներկայացուցիչի կարծիքով էլ՝ հասարակության մի զանգված, եթե տուգանվի շրջակա տարածքն աղտոտելու համար, այլևս չի գնա նման քայլի։ Բանախոսները հորդորւմ են քաղաքացիներին՝ գիտակցաբար մոտենալ տարածքը մաքուր պահելու, աղբը գետնին չնետելու և այն տեսակավորելու խնդրին։




