
230 տոննա աղբ՝ Սևանա լիճ թափվող 9 գետերից։ Եվս 283 կգ վերամշակման ենթակա աղբ՝ պլաստիկ և ապակի, որը հավաքվել և ուղարկվել է վերամշակող գործարաններ։ «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ծրագրի միայն մեկ բաղադրիչի գրանցած թվային արդյունքներն են։ Շոշափելի արդյունքները ցուցադրվում էին Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքում կազմակերպված ցուցահանդեսում՝ հեծանիվ, ջահ, արդուկ, թեյնիկ, պահածոյացնելու սարք, վարսահարդարիչ և այլն։ Այս ամենը դուրս էր բերվել և բացօթյա ցուցասրահ էր հասել Սևան թափվող գետերից։ Ծրագրի ղեկավար Ալլա Բերբերյան․
«Ծրագիրն աջակցում է կառավարության 15-րդ միջոցառմանը և ուղղված է Գեղարքունիքի մարզում քովիդ 19-ի սոցիալական հետևանքների չեզոքացմանը։ Տրամադրում է ժամանակավոր աշխատանք և եկամուտ այն մարդկանց, որոնք մեծապես տուժել են համավարակի հետևանքներից և, միևնույն ժամանակ, լուծում է բնապահպանական խնդիրներ»։
Ծրագրի շրջանակում մաքրել են Սևանա լիճ թափվող գետերի ափամերձ հատվածները, իրականացվել է ուռենու կտրոնների տունկ․
«Մինչ այժմ ծրագրին մասնակցել է Գեղարքունիքի մարզից 502 բնակիչ։ Հիմնականում այն բնակիչներն են, որոնք տուժել են համավարակի հետևանքով։ Իրենք ստանում են եկամուտ կատարած աշխատանքի դիմաց, վճարվում են յուրաքանչյուր կտրոնի տնկման համար, ինչպես նաև գետերի ափամերձ տարածքներում մաքրման աշխատանքներ իրականացնելու դիմաց»։
Ծրագիրն ունի նաև կրթական նշանակություն։ Ծրագրում ներգրավված բոլոր բնակիչները մասնակցել են նաև թափոններ հավաքելու, վերամշակելու, տեսակավորման անվտանգության մասին դասընթացների։ Մարզի 100 ակտիվ բնակիչներ գործնական պարապմունքներով սովորել են՝ ինչպես թափոնը ռեսուրս կամ եկամուտի աղբյուր դարձնել։ Ծառատունկն ու Սևանի մաքրման աշխատանքները շարունակվելու են մինչև 2021 թվականի դեկտեմբեր։
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ևՀայաստանի շրջակա միջավայրի, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունների հետ կազմակերպած միջոցառումը ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը դրական է գնահատում, սակայն նշում է՝ կարճաժամկետ միջոցառումները համակարգային խնդրին լուծում չեն տա․
«Դա շատ բարի գործ է, լավ գործ է, օրինակելի գործ են անում, շատ շնորհակալություն իրենց, բայց դա քիչ է։ Պետք է կառավարությունը և նամանավանդ նախարարությունը մտահոգվի, «Սևան» ազգային պարկը պետք է զբաղվի, դա պիտի համատարած արվի։ Գիտեք, որ Սևան լցվում են 28 գետ, դրանցից միայն 3 վրա կա մաքրման կայան՝ Մարտունիում, Գավառում և Վարդենիսում։ Դրանք ընդամենը մեխանիկական մաքրում են կատարում, այսինքն՝ ամբողջ քիմիական ու կենսաբանական տարրերը, որ գետի ջրի հետ մտնում են Սևան, մնում են անփոփոխ»։
Սևանն ավելի շատ աղտոտում, քան մաքրում են, -ասում է Հովհաննիսյանը։ Լիճն ու գետերը ունեն ինքնամաքրվելու հատկությու, սակայն չեն կարողանում դիմակայել նրան, ինչ անում է մարդը․
«Սևանի շուրջը 400–ից ավելի օբյեկտներ կան՝ ռեստորանններ, զվարճանքի կենտրոններ։ Դրանց ողջ աղտոտված ջրերը, առանց մաքրման, լցվում են Սևան։ Իմ տվյալներով՝ ընդամենը 14 օբյեկտ կա, որոնք պատշաճ մաքրում են կատարում։ Հիմա Սևանը ո՞նց դիմանա էդ ծանրաբեռնվածությանը, դա բեռ է Սևանի համար, որը չի կարող հաղթահարել»։
Ջրային ռեսուրսների փորձագետը ասում է՝ խնդրահարույց են նաև ափամերձ բնակավայրերում բնակվողների անբարեխիճ մոտեցումը, արհեստական իշխան աճեցնողնների սպառողական և բնությանը դեմ գործունեությունը։





