ԿարևորՔաղաքական

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում նոր շրջափուլ է մտնում

Ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջազգային ինստիտուտ ստեղծելով՝ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում մտնում է նոր շրջափուլ․ դիտարկումը թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանինն է։ Նախագահ Էրդողանի համապատասխան հրամանագիրը հրատարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում: Ըստ Սաֆրաստյանի՝ Թուրքիան այս քայլով պատրաստվում է ոչ միայն ժխտել Հայոց ցեղասպանությունը, այլ նաև մեղադրել հայ ժողովրդին թուրքերի կամ ազերիների ցեղասպանություն իրականացնելու մեջ։

«Սա, ընդհանուր առմամբ, համապատասխանում է այն քաղաքականությանը, որը վարում է Էրդողանը։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիան իր արտաքին քաղաքականությունը դարձրել է ավելի ագրեսիվ ու ծավալապաշտական, մխրճվում է բոլոր տեսակի կոնֆլիկտների մեջ այն տարածաշրջաններում, որոնք շրջապատում են Թուրքիան։ Այս քաղաքականության արձագանքը մենք տեսնում ենք տասնամյակներ շարունակվող թուրքական ժխտողականության մեջ»,-ասում է թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։

Սաֆրաստյանը հիշեցնում է՝ տարիներ առաջ Թուրքիայի ժխտողականության քաղաքականությունը ավելի «ճկուն» դարձավ․ առաջարկեցին հայ և թուրք պատմաբաններին հավաքվել և փաստերի համադրմամբ՝ պարզել եղելությունը։ Հայկական կողմը, բնականաբար, հրաժարվեց՝ շեշտում է թուրքագետը, քանի որ անարդյունավետ ու անիմաստ համարեցին քննարկել մի բան, ինչի եղելությունը պատմական փաստ է։

Թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյան

«Այսինքն, եթե սկզբում ասում էին, որ չի եղել ցեղասպանություն, հետո ասում էին եկեք միասին ուսումնասիրենք, հասկանանք՝ եղել է, թե չի եղել, հիմա ասում են՝ չի եղել, և դեռ դրան էլ ավելացնում են՝ դուք եք ցեղասպանը, ոչ թե մենք»,-ասում է թուրքագետը։

Թուրքիայի այս քայլին ի պատասխան առաջին հերթին պետք է ուժեղացնել այն հաստատությունը, որը Հայաստանում զբաղվում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ՝ համոզված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը։ Հակազդելու քայլերը միանգամյա գործողություններ չեն, պետք է հետևողական ու շղթայական գործել՝ ասում է Մարությանը։ Իրենք մի շարք հատուկ նախագծեր ունեն, օրինակ, Հայոց ցեղասպանությունը վերապրածների և զոհերի տվյալների, Ցեղասպանության վերաբերյալ հուշագրությունների էլեկտրոնային շտեմարանների ստեղծում։ Ստեղծվելու է նաև վերապրածների վկայությունների տեսագրությունների, ձայնագրությունների էլեկտրոնային շտեմարան։ Ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի մտահոգությունն այն է, որ նախագծերն իրականացնելու համար ֆինանսները հաճախ չեն բավարարում․

«Սա նաև գիտական մշակութային հաստատությունը է, որը պետք է ուժեղացնել․ չենք ուժեղացնի, մյուսները կուժեղանան և կշարունակեն իրենց «սև գործը»։ 2020թ հունիսին Թուրքիայում ամենաբարձր մակարդակով որոշում կայացվեց ստեղծելու նոր անկախ հաստատություն, որը պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ պնդունմերի դեմ հակաքայլեր մշակելով։ Այդ ժամանակ թանգարանը իշխանություններին առաջարկեց մեր թանգարանին կից ստեղծել Հայոց պահանջատիրության հարցերի հետազոտական կոնտրոն, որտեղ կաշխատեին բացառապես միջազգային իրավունքի մասնագետներ և կառաջարկեին հարցի իրատեսական, իրավական լուծումներ»,-ասում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը։

Թուրքիան սկսել է ավելի ագրեսիվ ստել՝ արձանագրում է թուրքագետը։ Թուրքական ժխտողականության այս նոր փուլը հաշվի առնելով՝ հայկական կողմը պետք է ավելի նպատակասլաց ու ակտիվ գործի Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը, արդարացի խոսքը աշխարհով մեկ տարածելու համար՝ ասում է ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը և ավելացնում․ «Մենք առաջին հերթին հակազդում ենք նրանով, որ պատմական ճշմարտությունն ենք վեր հանում»։

Կարդացեք նաև

Back to top button