ԿարևորՀասարակություն

Գովազդի հակառակ կողմը կամ չստացված հանգիստը

Հայաստանում մատչելի հանգստի լավագույն տարբերակը հանգստյան տներն ու առողջարաններն են, ուր մեկնելու ուղեգրեր կարելի է ձեռք բերել առցանց՝ անմիջապես առաջարկողից, և տուրիստական ընկերությունների միջոցով։ Եթե առաջին դեպքում ծառայությունը ավելի մատչելի է թվում, ապա 2-րդում ավելի ապահով է։ Իսկ ինչ անել, եթե սպասելիքները չեն արդարանում, իսկ տեղն արդեն ամրագրված է, գումարն էլ նախապես վճարված։

Ամռան շոգին այս կամ այն հագստի գոտում անմոռանալի օրեր անցկացնելու տարբեր առաջարկներ ենք ստանում, հիմնականում՝ սոցցանցերով։ Հաճախ առանց երկար մտածելու՝ զանգում, ամրագրում, գումարը փոխանցում  ենք և սպասում հաճելի օրվան։

Լավ է, երբ սպասելիքները իրականություն են դառնում, իսկ ինչ անել, երբ հակառակն է տեղի ունենում, ինչպես, օրինակ, զրուցակցիս դեպքում․

«Մոտ 2 շաբաթ առաջ ֆեյբուքում հանգստյան գոտիներից մեկի գովազդը տեսանք, շատ հավանեցինք, զանգեցինք, ամրագրեցինք։ Այս կիրակի երբ գնացինք, նախապես վճարել էինք մի մասը։ Շատ դժվարությամբ տեղը գտանք, չդիմավորեցին նույնիսկ։  Պարզվեց, որ մեր պայմանավորվածության ժամին տարածքն ազատ չէր, մի քանի ժամ սպասեցինք, մինչև ազատվեց, մաքրեցին։ Լողավազանների ջուրը շատ կեղտոտ էր։ Շատ հիասթափված ենք»։

Գումարն, իհարկե, դեռ կարելի է վերադարձնել, ժամանակն ու հիասթափությունը՝ ոչ։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի երկար տարիների փորձը ցույց է տվել, որ քիչ չեն անբարեխիղճ գովազդների զոհերը, ուստի, խորհուրդ է տալիս նմանատիպ գովազդներ տեսնելիս չշտապել ու  միանգամից չամրագրել։

«Մենք շատ ժամանակ տեսնում ենք գեղեցիկ նկարը գցած, գովազդը դրած, գնում տեսնում ենք տեղում այլ պատկեր»։

Նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար Մեխակ Ապրեսյանը խորհուրդ է տալիս ոչ միայն Հայաստանից դուր գնալիս տուրօպերատորներին դիմել, այլև Հայաստանում հանգստանալիս։ Թեև այդ դեպքում ևս պետք է ուշադիր լինել և պահանջել պայմանագիր։

Ասում է․ «Համաձայն օրենքի՝ օպերատորը, փաթեթ վաճառելիս, պարտավոր է նրա հետ պայմանագիր կնքել, և հստակ պետք է նկարագրված լինի փաթեթը, սկիզբը, ավարտը, բոլոր ծառայությունները»։

Ոլորտի մասնագետը վստահ է՝ սա նույնիսկ պարտավորեցնում է գործակալությանը ավելի պատասխանատու լինել գործարքը կնքելիս։ Իսկ ինչ անել, եթե անբարեխիղճ գովազդի զոհ է դառնում հենց տուրիստական գործակալությունը, առավել ևս, երբ տուրօպերատորը երկկողմանի  գործարք է կնքել կողմերի հետ։ Լինում են նաև նման իրավիճակներ, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատեց տուրիստական գործակալության ղեկավար Աննա Հարությունյանը․

«Դեպք ունեցանք, երբ հաճախորդը վճարելով մեկ գիշերվա համար 60.000 դրամ, պետք է հյուրանոցում տեղավորվեր 14։00-ին, սակայն համարը պատրաստ չլինելու պատճառով դեռ կես ժամ էլ սպասել է մինչև իր համարը կմաքրեն։ Հյուրանոցների կողմից, չգիտեմ՝ ինչու, խտրականություն է դրվում նաև։ Երբ ակցիաներ են լինում, ցանկացած մարդ կարող է օգտվել այդ ակցիայից, բայց երբ տուրօպերատորն է փորձում օգտվել, իր համար այդ ակցիան չի գործում։ Հյուրանոցների նման քաղաքականության պատճառով մենք, հնարավոր է, կորցնենք հաճախորդների վստահությունը, հնարավոր է՝ խզվի  նախապես կնքված պայմանագիրը, ու դեռ մի բան էլ մենք տուգանք վճարենք»։

Չնայած տուրօպերատորը ևս կարող է վնասներ կրել ոչ բարեխիղճ տնտեսվարողի պատճառով, այնուամենայնիվ, բոլոր այն քաղաքացիներին,  որոնք խուսափում են տուօպերատորների միջոցով հանգստի մեկնել՝ կարծելով, որ այդպես ավելի թանկ կվճարեն, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը հավաստիացնում է՝ «ոչ ավելի թանկ, քան առանց միջնորդի»։

Կարդացեք նաև

Back to top button