
2 շաբաթ առաջ Երևանի քաղաքապետը հայտարարեց՝ ապօրինի շինությունների դեմ պայքարը ավելի ամուր հիմքեր է ունենալու։ Ավագանու արտահերթ նիստում դրվեցին այդ հիմքերը․ որոշվեց, որ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցները կտնօրինվեն քաղաքապետի որոշմամբ․
«Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները իրենց հայեցողությամբ տնօրինելու են գույքը, հնարավորություն են ունենալու օտարել, վարձակալությամբ տրամադրել, հանրային շահերից բխելու դեպքում համայնքի կարիքների համար օգտագործել, ինչպես նաև համապատասխան որոշում ընդունելուց հետո քանդել այն»։
Քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանն ասում է՝ այս որոշումը չի ազդի միայն այն ինքնակամ շինությունների վրա, որոնք մինչ 2021 թվականի հունվարի 31-ը օրինական են ճանաչվել։ Ավագանու անդամ Գայանե Եղիազարյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նշել էր՝ ապօրինության դիմողները նաև խորամանկում են․
«Շինությունը դեռ չսարքած՝ թերի վիճակում, դիմում են քաղաքապետարան՝ օրինականացման խնդրանքով ու զուգահեռ կառուցում են շինությունը։ Երբ ոստիկանությունը գալիս է քանդելու, դրան զուգահեռ դիմում են դատարան, իբրև իրենց զրկում ենք ապօրինի գույքի օրինականացման իրավունքից»։
Ընդունված որոշմամբ կկանխվեն նաև այս դեպքերը․ ուշադրություն չեն դարձնելու ո՛չ կառույցի ավարտվածության աստիճանին, ո՛չ կառուցողների՝ ինչ-որ փուլում օրինականացնելու պատրաստակամությանը։

Ավագանու երեք խմբակցությունները որոշմանը կողմ էին, բայց վերապահումներ էլ կային։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանին, օրինակ, հետաքրքրում էր՝ ապօրինի կառուցված գույքը վաճառելիս նախապատվություն տրվելու՞ է այն կառուցողին, թե՞ գնել պատրաստվող բոլոր քաղաքացիները հավասար դիրքերում են լինելու։ Իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանն է պատասխանում․
«Ոչ, չի տրամադրվելու, գույքը հետագայում տնօրինվելու է սահմանված կարգով՝ վաճառվելու է աճուրդով, ողղակի վաճառքով, ավագանին կարող է նվեր տալ և այլ ընթացակարգով, որոնցով համայանքային մյուս բոլոր գույքերը տնօրինվում են»։
Պատասխանը Մանրիկյանին չի գոհացնում, ասում է՝ խախտվում են օրինախախտ քաղաքացու իրավունքները․
«Փաստորեն, այս նախագծով մենք ոտնահարում ենք շինությունը կառուցած քաղաքացու իրավունքները (ճիշտ է, ինքը գործել է զանցանք)։ Ես տեսնում եմ կոռուպցիոն ռիսկեր՝ օտարման հետ կապված, և կարծում եմ՝ նախագիծը ենթակա էր լրամշակման»։
Ավագանու անդամներին հետաքրքրում է նաև այն կառույցների հարցը, որոնց տերերը մինչև հունվարի 31–ը դիմել են քաղաքապետարան՝ կառույցն օրինականացնելու համար, բայց պատասխան չեն ստացել․
«Քաղաքացիների դիմումների ներկայացումը և հետագա քննարկման կարգը սահմնավում է «Վարչարարության հիմունքների ու վարչական վարույթի մասին» օրենքով։ Օրենքի կարգավորումներից բխում է, որ եթե քաղաքացին դիմել է որևէ վարչական ակտի կայացման խնդրանքով, ու ակտը չի կայացվել, ապա համարվում է, որ քաղաքացու խնդրանքը մերժվել է»։
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ որոշումը ողջունելի է, սակայն լուրջ հարց է առաջանում․

«Ինչպե՞ս է եղել, որ վարչական շրջանի աշխատակիցները, ղեկավարները չեն նկատել դրանք, և այնքան ժամանակ չեն նկատել, որ դրանք բերել են տասնյակ ապօրինությունների։ Եթե մենք առաջինը, երկրորդը մեկ կամ երկու շաբաթ անց կանխեինք, հիմա նման քանակությամբ շինություններ ստիպված չէինք լինի քանդելու»։
Ասում է՝ համայնքային հողերի բռնազավթմամբ զբաղվող բոլոր քաղաքացիները պետք է հասկանան, որ փոխզիջում չի լինելու․
«Լինի 2 շաբաթ առաջ կառուցված, լինի համաձայնեցված այս կամ այն պաշտոնյայի հետ, այդ շինությունը պետք է ժամ առաջ քանդվի, և դա վստահաբար կբերի նրան, որ մյուսները նման գործողություն անել չեն հանդգնի»։
2020 թվականին բացահայտվել է ինքնակամ կառուցված 430 շինություն։ Այս տարի բացահայտումների թիվը 107 է։ «Ռադիոլուր»-ին փոխանցել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը։ Սրանք միայն տեսչական մարմնի շրջայցերի ընթացքում գրանցված դեպքերն են։ Երևանի քաղաքապետարանից էլ տեղեկացնում են՝ հունիսի 22-ից ապամոնտաժվել է 47 ինքնակամ կառույց: Ասում են՝ դրանք բացահայտելու և օրինական դաշտ բերելու աշխատանքները շարունակական են լինելու․ Արտոնյալներ չկան, բացառություններ չեն լինելու։




