ԿարևորՀասարակություն

Որոշ պաշտոնյաների հայտարարությունները նվեր են ադրբեջանցիներին․ ՄԻՊ-ն այս պահին դեմարկացիան անթույլատրելի է համարում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կողմից հավաքված փաստերը և վերլուծությունները ապացուցում են, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներում  Ադրբեջանի զինվորականների ներկայությունը արդեն, համաձայն Եվրոպական կոնվենցիայի, սահմանամերձ համայնքների բնակիչների կյանքի իրավունքի խախտում է։ Ադրբեջանական զինվորականների ներկայությունը խախտում է նաև ՀՀ քաղաքացիների սեփականության ու ազատ տեղաշարժի իրավունքը՝  ասել է պաշտպանը։

Մենք ունենք պաշտոնյաներ, որոնք իրենց հայտարարություններով նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին, երբ խոսք է գնում շփման գծի միջադեպերն ապացուցելու մասին՝ ասում է Մարդու իրավունքների պաշտպանը՝ հիշեցնելով հուլիսի 5-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած վերջին փոխհրաձգությունը։

«Լրատվամիջոցներից մեկը  հարց է տալիս Վերին Շորժայի վարչական շրջանի ղեկավարին ու ասում՝ իսկ ադրբեջանցիները խոչընդոտո՞ւմ են գյուղացիների բնականոն կյանքը։ Վարչական շրջանի ղեկավարն ասում է՝ չէ, ինչ խոչընդոտել, գյուղացիներն այդ կողմը չեն էլ գնում։ Ինչպե՞ս կարելի է նման բան ասել, երբ ես ինքս եմ եղել այդ վայրում, ու ադրբեջանական զինվորականները նստած են հենց այն վայրերում, որտեղ մեր արոտավայրերն են։ Գյուղացիները չեն կարողանում օգտվել դրանցից։ Սրանից հետո ես ինչքան էլ գնամ, միջազգային ատյաններում ասեմ, որ ադրբեջանական զինծառայողները խախտում են մեր իրավունքները, կբերեն այս մարդու հայտարարությունը, կասեն, ինչ եք խոսում, տեսեք ձեր գյուղապետերը ինչ են ասում, գյուղացիները ոչ մի խնդիր չունեն»։

Թե ինչու է նման արտահայտություն արել Վերին Շորժայի վարչական շրջանի ղեկավար Արտյոմ Երանոսյանը՝ հետաքրքրվեցինք հենց իրենից։ «Ռադիոլուրի» հետ զրույցում  համայնքապետը նշեց, որ ճիշտ է՝ գյուղատնտեական աշխատանքներ կատարվում են, բայց մարդիկ նաև զգոնությունը չեն կորցնում։

«Թշնամին կանգնած է, բայց մենք մեր աշխատանքները կատարում ենք։ Բայց ոնց կարելի է չանհանգստանալ, եթե թշնամիդ դիմացդ  կանգնած է։ Ամեն մեկն իր աշխատանքով է զբաղված, բայց նրանք չեն անհանգստացնում, որովհետև իրենցից առաջ մեր զորքերն են կանգնած։ Ամեն վայրկյան էլ թշնամուց վտանգը կա։ Ո՞նց կարող ես հանգիստ նստել տեղդ»։

Մինչ համայնքապետը խոսում է Վերին Շորժայի հատվածում միջադեպերի բացակայությունից,  Թաթոյանն իր հերթին է պնդում՝ ՄԻՊ-ի հավաքագրած փաստերն ու վերլուծությունները ապացուցում են, որ ադրբեջանական զինվորականների ներկայությունն արդեն իսկ կյանքի իրավունքի խախտում է։ Կոպտորեն խախտված է նաև սեփականության իրավունքը Գեղարքունիքի ու Սյունիքի ողջ սահմանային հատվածում։ Խախտվում է նաև ազատ տեղաշարժի իրավունքը։

«Բնակիչները խուսափում են հատկապես երեկոյան ժամերին Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելուց, առավել խուսափում են Կապանից  Ճակատեն անցնելուց։ Ընդ որում, ոչ մի նշանակություն չունի ինձ համար, որպես ՄԻՊ-ի, դրանք սահմանպահ զորքեր են, թե զինված ուժերի ծառայողներ, որովհետև նրանք բոլորը զինված են»։

Ոտնահարվել է նաև մեր՝ ջրի և սանիտացիայի իրավունքը։ Մեղրի գետի Զվարագետ վտակի խնդիրը դրա վառ օրինակն է՝ նկատեց պաշտպանը։

«Ադրբեջանական զինծառայողները 5 տարուց ավելի է, ինչ փոխել են Մեղրի գետի Զվարագետ վտակի հունը, այն այլևս չի միախառնվում գետին։ Այդ իսկ պատճառով օգոստոսից սկսած՝ Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերում խմելու և ոռոգման ջրի հասանելիության լրջագույն խնդիրներ են առաջանում»։

Անդրադառնալով սահմանային միջադեպերին և ադրբեջանական կողմի գործողություններին՝ Թաթոյանը պնդում է՝ դրանցից ամեն մեկի մասով պետք է քրեական գործ հարուցվի։ Դրանցով մենք ապացույցներ ենք ապահովում՝  պաշտպանելու մեր քաղաքացիներին միջազգային ասպարեզներում, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանի  ներկայացրած ապացույցն այլ արժեք ունի, քրեական գործով հարուցված ապացույցները՝ այլ, նկատեց պաշտպանը։

Այս պայմաններում սահմանային դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց չի կարող տեղի ունենալ, դա կարող է նույնիսկ ավելի մեծ լարվածություն առաջացնել բնակիչների իրավունքների պաշտպանության առումով, որոնք շարունակում են մնալ խախտված։ Կամ էլ դելիմիտացիան և դեմարկացիան պետք է սկսվի ադրբեջանցի զինվորականների հեռացմանը զուգահեռ՝ ՄԻՊ-ի պնդումն է։

Կարդացեք նաև

Back to top button