
Այս տարվա ավարտին Երևանում շահագործման կհանձնվեն երկու նոր՝ Բաբաջանյան–Աշտարակ և Արգավանդ–Շիրակ ավտոճանապարհները։ Ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում ՝ ասում է քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գրասենյակի ինժեներ Վարդան Կարապետյանը։
Կառուցվում է մայրաքաղաքի արևմտյան օղակաձև ճանապարհահատվածը, որը Հյուսիս–հարավ մայրուղու՝ Երևանի տարածքով անցնող հատվածն է։ Ճանապարհի մաս կազմող Նոր Շիրակ–Արտաշատի խճուղի–Արշակունյաց պողոտա հատվածի վերակառուցման ու լայնացման աշխատանքներն ավարտվել են 2016թ․, 2018թ․ էլ ավարտվել է Դավթաշեն–Աշտարակ ճանապարհահատվածի կառուցումը։
«Ըստ էության, Աշտարակից Երևան մուտք գործելիս այլևս անհրաժեշտ չի լինի քաղաքի կենտրոնով երթևեկել։ Փոխարենը՝ կօգտագործվի նոր կառուցված ճանապարհը, և հնարավոր կլինի շատ ավելի կարճ ժամանակահատվածում դուրս գալ դեպի Արտաշատի մայրուղի։ Սա զգալիորեն կբեռնաթափի երթևեկությունը»,– ասում է Երևանի քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գրասենյակի ինժեներ Վարդան Կարապետյան։
Կառուցվող Բաբաջանյան– Աշտարակ ճանապարհի արժեքը շուրջ 33 մլն դոլար է, իսկ Արգավանդ–Շիրակինը՝ 26 մլն դոլար։ «Երևան նախագիծ» ՓԲԸ–ի տնօրեն Սիրեկան Օհանյանն ասում է՝ ավտոճանապարհների կառուցումը Երևանի բեռնաթափման հայեցակարգային կետերից է։ Նպատակը միջմարզային երթևեկողին Երևանը շրջանցելու հնարավորություն տալն է։ Որպես օրինակ՝ նշում է Նուբարաշենից Երևան–Սևան մայրուղի տանող ճանապարհը․
«Դեպի Սևան, Գյումրի կամ Կապան գնացողները Երևանով չպիտի անցնեն․ Կապանից Գյումրի գնացողը անպայման Հանրապետության հրապարակով է ուզում անցնել՝ չգիտես ինչի․․․ Մենք պետք է հնարավորություն տանք Երևանը շրջանցելու։ Այդ հնարավորությունը կա, օրինակ, Սովետաշենից Երևան–Սևան մայրուղի գնացող ճանապարահատվածում։ Պետք է ստեղծել Մասիսից դեպի Էջմիածնի խճուղի, այնտեղից էլ դեպի Աշտարակ ու Գյումրի ճանապարհ»։
Հայեցակարգային մեկ այլ դրույթով պետք է շահագործվեն Երևանի կենտրոնից արվարձաններ կամ այլ մարզային քաղաքներ գնացող ճանապարհները։ Այս խնդիրը մասամբ լուծվել է Հաղթանակի զբոսայգի–Սարալանջի փողոց ճանապարհատվածով, որը հասնում է մինչև «Ռոսիա» կինոթատրոն ու կրկես։ Այս մայրուղին պետք է կրկեսի տարածքից շարունակվի և հասնի Արշակունյաց պողոտա՝ «Հայրենիք» կինոթատրոն, ապա միանա նոր կառուցվող Հյուսիս- հարավ ճանապարհին՝ ասում է ճարտարապետ Սիրեկան Օհանյանը․
«Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք միայն ճանապարհային ցանցին չեն վերաբերում, այլ նաև երթևեկության կարգավորման աշխատանքներին՝ մասնավորապես լուսաֆորների աշխատանք կամ հետիոտնային անցումների կառուցում։ Քննարկման ենթակա է նաև Երևանի ներքին ուղևորափոխադրումների խնդիրը այլընտրանքային տրանսպորտային միջոցներով կազմակերպելու հարցը․ նկատի ունեմ ճոպանային տրանսպորտի նախագծում և կառուցում Երևանում, այն էլ ոչ թե մեկ գծով, այլ պարագծային կամ շրջադարձային, որ հնարավորություն ունենանք ապահովելու ուղևորափոխադրում քաղաքի տարբեր հատվածներից»։
Քաղաքապետարանի ներկայացուցիչ Վարդան Կարապետյանը հիշեցնում է՝ Իսակովի պողոտան Արշակունյացին կապող ճանապարահատվածը Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհահատվածի մաս չէ։ Այն արդեն կառուցված Մոնթե Մելքոնյան փողոցի շարունակությունն է։ Կարապետյանը նշում է՝ այս ճանապարհահատվածի կառուցման մասով դեռ վերջնական եզրակացություն ու նորություն չկա։







