ԿարևորՀասարակություն

Դրամաշնորհ՝ ստարտափերի համար․ ակնկալվում են տնտեսական և հանրային խնդիրների լուծումների գաղափարներ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը դրամաշնորհային մրցույթ է հայտարարել՝ գաղափարից մինչև բիզնես ճանապարհին գտնվող ստարտափերի համար։ Մրցութային ֆոնդը 600 միլիոն դրամ է՝ սկսնակ, նոր զարգացող և արդեն կայացած ծրագրային գաղափարների համար։ Կտրամադրվի մինչև 5, 10 և 20 միլիոն դրամ։ Հայաստանում ստարտափերի զարգացման  առավել բարենպաստ պայմանների ստեղծման նպատակադրմամբ նախարարությունն առաջարկում է մասնակցել դրամաշնորհային մրցույթներին։  Ակնկալվում են տնտեսական և հանրային ոլորտում առկա խնդիրների լուծում առաջարկող գաղափարները։

Հարթակ՝ էներգետիկների և հետազոտողների համար կամ ծրագիր՝ երեխայի աճն ու զարգացումը ժամանակագրել ցանկացողների համար․ սրանք ստարտափերից ընդամենը օրինակներ են, որոնք հեղինակները մրցելու են պետության դրամաշնորհային ֆոնդից բաժին ստանալու համար։ «Գաղափարից մինչև բիզնես» մրցույթը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է հայտարարել, մրցելու են զարգացման երեք փուլում գտնվող ստարտափեր։ Մրցութային հանձնաժողովների քարտուղար Մոնիկա Մաթևոսյանը ներկայացնում է՝ առաջին բաղադրիչն ուղղված է դեռ միայն գաղափարի փուլում գտնվող ծրագրերի առաջխաղացմանը։ Մյուս բաղադրիչը մշակման փուլում գտնվող ստարտափերի համար է։ Երրորդը շուկայում արդեն իսկ իրենց տեղը գտած ստարտափերի համար է․

«Նորարարական բաղադրիչին կարող են դիմել ֆիզիկական և իրավաբանական անձիք, հեռանկարային բաղադրիչով իրավաբանական անձիք, ովքեր արդեն ծավալել են մեկ տարվա տնտեսական գործունեություն, իսկ բեկումնային բաղադրիչով կարող են դիմել 3 տարի տնտեսական գործունեություն ծավալած իրավաբանական անձիք»։

Նարինե Խաչատրյանը երեք երեխայի մայր է, ամեն հաջորդ երեխայից հետո ավելի հստակ էր զգում իր պատկերացրած ծրագրի պակասը։ Ծրագրավորող ամուսնու հետ որոշեցին, որ գաղափարը պետք է բիզնես դառնա։ Նորաստեղծ ստարտափը մրցույթի նորարական բաղադրիչը մասնակից է․

«Մենք ստեղծում ենք մի հարթակ՝ հավելված երեխաների համար, որտեղ հնարավոր կլինի ներբեռնել երեխայի աճի և զարգացման տվյալները տարբեր ֆոտոների, վիդեոների, գրաֆիկների միջոցով, ինչպես նաև էդ ամենով կիսվել իրենց հարազատների հետ։ Մայրիկները  նաեւ հնարավորություն կունենան շփվել այլ մայրիկների և առողջապահության ոլորտի մասնագետների հետ, քննարկել երեխային առնչվող տարբեր թեմաներ։ Կլինի առցանց վաճառքի հարթակ, որտեղ մայրերը կկարողանան ձեռք բերել երեխայի խնամքի  ցանկացած իր՝ սկսած տակդիրից, մինչև կահույք, տեխնիկա»։

ԲՏԱ փոխնախարար «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Դավիթ Սահակյանը նշում է՝ այս պահին ստարտափ ընկերություններին ֆինանսապես աջակցող միակ ծրագիրն այս մրցույթն է։ Սկսել են իրականացնել դեռ 2019 թվականից։ Նախորդ տարի կորոնավիրուսի պատճառով մրցույթի բնույթը փոխվել էր՝ դարձել պարզապես աջակցություն․

«Կորոնավիրուսն իր ազդեցությունը թողեց բոլոր ոլորտների, նաև ստարտափերի զարգացման վրա։ Դրա հետ կապված մենք անցած տարի իրականացրինք կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ ծրագիրը, որի ընթացքում էլի դրամաշնորհներ տվեցինք որոշ ընկերությունների»։

Կառավարությունը 888 միլիոն դրամ հատկացրեց 17-րդ ծրագրի շահառուի։ Աջակցություն ստանալու համար դիմել էր 147 ընկերություն, ստացել՝ 143–ը։ Ընտրությունը կայացել էր ժյուրիի անդամների կողմից՝ նախապես որոշված չափանիշերին համապատասխան․ գնահատվել էր ստարտափի աճի մակարդակը, արտադրանքը, թիմի կազմը։

Որքանով էր դրամական այս միջոցների հատկացումն արդյունավետ, նպատակային ու ճիշտ թիրախավորված՝ Սահակյանը գնահատելը դեռ վաղ է համարում։ Այժմ մոնիթորինգ են իրականացնում՝ պարզելու՝ ինչ արդյունք գրանցեցին ստարտափերը։  Իսկ մինչ այդ շեշտում է՝ 

«Ստարտափերի զարգացման համար անհրաժեշտ է էկոսիստեմի կառուցում, դա  մի քանի գործոն է ներառում։ Առաջին գործոնը կրթություն-գիտություն, այսինքն՝ բուհական համակարգի հետ ինտենսիվ աշխատանքը, որի ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Երկրորդը վենչուրային հիմնադրամի, այսինքն՝ ֆինանսավորման աղբուրների հետ էկոհամակարգի ստեղծումն է։ Երրորդ՝ շատ կարևոր հանգամանքը միջազգային  գործակցությունն է․ ստարտափերի զարգացման համար պետք է նոր շուկաներ բացել։ Շատ կարևոր է նաև օրենսդրական դաշտի ազդեցությունը՝ սկսած հարկային արտոնություններից, վերջացրած այլևայլ հարցերով, որոնց շուրջ մենք աշխատում ենք, և մոտ ժամանակներս այդ աշխատանքի արդյունքները կներկայացվեն հանրությանը»։

Հայաստանում ստարտափերի զարգացման  առավել բարենպաստ պայմանների ստեղծման նպատակադրմամբ նախարարությունն առաջարկում է մասնակցել դրամաշնորհային մրցույթներին։ Այս անգամ «Գաղափարից մինչև բիզնես» նախաձեռնության շրջանակում ակնկալվում են տնտեսական և հանրային  խնդիրների լուծում առաջարկող գաղափարները։

Կարդացեք նաև

Back to top button