ԿարևորՀասարակություն

ԱՀ պետնախարարը հանդիպել է Հանրապետական բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 9-ին առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի և ԱԺ պատգամավորներ Արամ Գրիգորյանի ու Էլեոնորա Ավանեսյանի հետ շրջայց է կատարել Ստեփանակերտի Սարգիս և Ամալյա Կարապետյանների անվան Հանրապետական բժշկական կենտրոն, ապա հանդիպել բժշկական անձնակազմի հետ: 

Պետական նախարարը շրջել է առանձին բաժանմունքներով, հետաքրքրվել հիվանդանոցի ծանրաբեռնվածության աստիճանով, հրատապ լուծումներ պահանջող խնդիրներով և ադրբեջանական հրթիռակոծությունների հետևանքների վերացման աշխատանքներով: Այցի ընթացքում գլխավոր տնօրեն Մհեր Մուսայելյանը ներկայացրել է հակիրճ տեղեկատվություն յուրաքանչյուր բաժանմունքում բուժվող հիվանդների քանակի, նրանց առողջական վիճակի, հիվանդանոցում առկա մահճակալային ֆոնդի, կորոնավիրուսային վիճակի, բուժսարքավորումներով հագեցվածության վերաբերյալ: 

Բուժանձնակազմի հետ հանդիպման ընթացքում Բեգլարյանը, մասնավորապես, նշել է. «Ինչպես գիտեք, առողջապահական ոլորտը իմ անմիջական համակարգման ներքո գտնվող ոլորտներից մեկն է: Սա իմ առաջին հանդիպումն է ձեզ հետ. ուստի, օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում 44-օրյա պատերազմի ընթացքում ձեր կատարած անձնվեր աշխատանքի համար, որի շնորհիվ բազմաթիվ կյանքեր եք փրկել»: 

Խոսելով ընթացիկ աշխատանքների մասին՝ Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ հիմնարար բարեփոխումներ են նախատեսվում ոլորտում, որոնց արդյունքները կարճ ժամանակահատվածում տեսանելի կլինեն և՛ բուժաշխատողների, և՛ քաղաքացիների համար: Նա կարևորել է կանխարգելիչ առողջապահության ուղղությամբ իրականացվելիք ծրագրերը, բնագավառում նոր մասնագետների ներգրավումը, բժշկական ապահովագրության ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև բուժաշխատողների շարունակական վերապատրաստմանը, բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված աշխատանքները, որոնց շրջանակներում էլեկտրոնային համակարգի կիրառմամբ զգալիորեն կնվազի անհարկի վարչարարությունը: 

«Կցանկանայի համատեղ վերհանել ընթացիկ խնդիրները, որոնք խոչընդոտում են ձեր աշխատանքներին: Վստահ եղեք՝ համալիր լուծումներ ենթադրող հարցերում առանցքային նշանակություն է ունենալու ձեր կարծիքներն ու առաջարկները»,- հանդիպման ընթացքում նշել է Ա. Բեգլարյանը: Հանդիպման վերջում պետական նախարարը պատասխանել է բուժաշխատողներին հուզող հարցերին, տեղում տվել համապատասխան հանձնարարականներ ոլորտի բնականոն աշխատանքների ապահովման ուղղությամբ:

Կարդացեք նաև

Back to top button