
Գեղարքունիքի մարզի խնդիրներին և կատարված աշխատանքներին է այսօր անդրադարձել մարզպետ Գնել Սանոսյանը։ Նա խոսել է նաև պատերազմից հետո արոտավայրերի և խոտհարքերի շուրջ ստեղծված վիճակի մասին։
Մարզպետը խոսել է նաև այլընտրանքային էներգետիկայի արտադրության ծավալներից և զարգացման հեռանկարներից․ առիթը եղել է այցելությունը՝ Շողակաթ համայնքի Աղվբերք բնակավայրում շահագործվող 5 մեգավատ հզորության արևային կայան։
Այլընտրանքային էլեկտրաէներգիայի արտադրությունը տարածաշրջանի զարգացման առաջնահերթություններից է, և մենք հետևողականորեն առաջ ենք տանում այդ քաղաքականությունը․ ներկայացնելով մարզում արտադրվող այլընտրանքային էներգիայի ծավալներն ու զարգացման հեռանկարները՝ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Շինարարական աշխատանքներն ընթանում են Շողակաթ խոշորացված համայնքում և Մեծ Մասրիկում․ «Պատահական չէ, որ 387 հա հողի կատեգորիաները փոխվել են էներգետիկ նպատակով և դրա մեծ մասը՝ 200 հա-ից ավելին արվել են վերջին 2,5 տարում։ Եթե հիմա կառուցվող արևային կայանները ավարտեն աշխատանքները, կունենանք 74 հա–ի վրա 36 մեգավատ հոզորությամբ արևային կայաններ։ Բայց նաև սկսվել է Մասրիկի կայանի կառուցման աշխատանքները, որը ամենահզորը կլինի»։

Շողակաթի արևային կայանների կառուցման արդյունքում ներդրումները կազմել են շուրջ 15 միլիարդ դրամ։ Շինարարության ընթացքում բացվել է շուրջ 700 աշխատատեղ, յուրաքանչյուր կայանի շահագործմամբ ստեղծվում է մինչև 10 աշխատատեղ։
Մարզի կարևոր խնդիրները առնչվում են Սևանին։ Ազգային պարկի հետ աշխատում են դրանք լուծելու ուղղությամբ։
Նախորդ տարի զբաղվել են նաև մարզի առողջապահական խնդիրներով։ Վերանորոգվել է Մարտունու հիվանդանոցի քովիդի բաժանմունքը, վերապրոֆիլավորվել է Սևանի հիվանդանոցը։ Մարզի բուժհաստատությունները վերապրոֆիլավորումից հետո վիրավոր զինծառայողների են սպասարկել։ Հիվանդանոցներն այս ընթացքում համալրվել են անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և նոր կադրերով։
Մարզպետը վստահ է, որ լավ սարքավորումով և լավ մասնագետով կարելի է բարձրացնել բուժսպասարկման որակը․ «Մարզում չկա բժշկական հիմնարկ, որտեղ նոր սարքավորումներ ձեռք չեն բերվել։ Միայն Մարտունու ծննդատանը ամեն երրորդ սարքավորումը նոր է»։
Մարզի մի շարք դպրոցներում ենթակառուցվածքները համապատասխանեցվել են ներառական կրթության պահանջներին։

Կատարվել են նաև ճանապարհաշինական մեծ աշխատանքներ։ Միայն անցյալ տարի և միայն Շողակաթ խոշորացված համայնքում 20 կմ ճանապարհ է ասֆալտապատվել ։ Գնել Սանոսյանը խոստանում է բոլորովին նոր ճանապարհահատված, որը կարևոր է և՛ ռազմավարական, և՛զբոսաշրջային առումով։ Բարեկարգումն իրականացվել է մրցույթով։ Մարզպետը վստահեցնում է, որ անցկացվել է արդար մրցույթ՝ առանց կոռուպցիոն դրսևորումների, և տնտեսվել է շուրջ 730 մլն դրամ։
Լրագրողի հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել մեկ ամիս առաջ մարզի սահմանային հատվածում թշնամու գողացած կովերը վերադաձնելու ուղղությամբ, Գնել Սանոսյանն ասաց՝ խոշոր եղջերավոր անասուները դեռ չեն վերադարձվել․
«81 գլուխ անասուն ունենք, որոնք անցել են այն կողմ, և դեռ այդ ուղղությամբ մենք չունենք որևէ վերջնական լուծում։ Կա որոշակի աշխատանք, բանակցություններ։ Ընդհանուր առմամբ այդ 81 կենդանիները պատկանում են 5 ընտանիքի։ Մենք այս ընթացքում իրենց որոշակի աջակցությւոն ենք ցուցաբերել»։

Պատերազմից հետո և հատկապես մայիսի 13-ից՝ խնդիրներ կան նաև արոտավայրերի և խոտհարքերի հետ կապված։ Մարզպետն ասաց, որ կան նաև արոտավայրեր, որտեղ բանակային կորպուսի շնորհիվ բնակիչներն իրենց ավելի ապահով են զգում։ Հույս հայտնեց, որ ավելի բարձրադիր հատվածներում խոտ հավաքելու ժամանակ այդ խնդիրները ռուսական կողմի օգնությամբ կկարգավորվեն։




