
Եվրոպական երկու խոշոր հասարակական կազմակերպություններ՝ Europa Nostra-ն և Հնագետների եվրոպական ասոցիացիան համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որով կոչ են անում պաշտպանել Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը:
«Ցավում եւ դատապարտում ենք մշակութային ժառանգության օբյեկտներին վնաս հասցնելու, ոչնչացնելու կամ աղավաղելու ցանկացած գործողություն, որոնք տեղի են ունեցել հակամարտության կամ կովկասյան տարածաշրջանում ծաղկող մշակույթներից որեւէ մեկի հանդեպ հարգանքի բացակայության արդյունքում, մասնավորապես, միջազգայնորեն որպես Լեռնային Ղարաբաղ հայտնի շրջանում եւ դրա մերձակայքում։ Հիմնվելով մի շարք միջազգային եւ եվրոպական փաստաթղթերի վրա՝ ցանկանում ենք հիշեցնել, որ նման գործողությունները ակնհայտորեն անընդունելի ու անօրինական են:
Մենք վճռականորեն հավատում ենք մշակութային ժառանգության արժեքին՝ որպես կենսական ռեսուրս եւ պատասխանատվություն, որը փոխանցվում է գալիք սերունդներին: Մենք ճանաչում եւ գնահատում ենք մեր ընդհանուր ժառանգության մեջ ներկայացված մշակութային բազմազանությունը՝ որպես տեւական խաղաղություն հաստատելու կարեւորագույն տարր, որն օգնում է փոխադարձ հարգանքի եւ փոխըմբռնման կամուրջներ կառուցել էթնիկ կամ կրոնական տարաձայնություններից վեր:
Մենք համոզված ենք, որ ժառանգության ցանկացած ոչնչացում, կամ (արվեստի) պատմության ցանկացած խեղաթյուրում եւ (կամ) սխալ վերակառուցում հակառակ արդյունքն է ունենում՝ հաճախ անվստահության, հակամարտության եւ նույնիսկ բռնության նոր շրջափուլերի հիմք դնելով։
Հանդիսանալով Եվրոպական Միության հետ սերտորեն եւ արդյունավետ համագործակցող եվրոպական ժառանգության ցանցեր՝ մենք ողջունում եւ հավանություն ենք տալիս Եվրամիության Խորհրդի կողմից վերջերս ընդունված Եզրակացություններին՝ ողջունելով Հակամարտությունների եւ ճգնաժամերի պայմաններում մշակութային ժառանգության մասին ԵՄ հայեցակարգը, որը լրամշակում է ԵՄ մոտեցումը խաղաղության, անվտանգության, ժողովրդավարության եւ կայուն զարգացման հարցերում։
Մասնավորապես, ողջունում ենք ԵՄ Խորհրդարանի կողմից 2021 թվականի մայիսի 21- ին տարածաշրջանում վերջին կոնֆլիկտին ի պատասխան ընդունված RC-B9-0277/2021 բանաձեւը։
Մենք հատկապես միանում ենք դրա 16-րդ հոդվածին, որում ասվում է, որ Եվրախորհրդարանը «Խստորեն պնդում է, որ երկու կողմերը ձեռնպահ մնան Ադրբեջանում հայկական եւ Հայաստանում ադրբեջանական ժառանգության ոչնչացման որեւէ գործողությունից, քանդված հուշարձանների ամբողջական վերականգնման եւ տարածաշրջանում համաշխարհային ժառանգության պաշտպանության գործում միջազգային հանրության ավելի մեծ ներգրավվածության կոչ անում», ինչպես նաեւ՝ 21-րդ հոդվածին, որում ասվում է, որ Եվրախորհրդարանը «Կոչ է անում Հանձնաժողովին եւ անդամ պետություններին շարունակել աջակցել հրատապ մարդասիրական օգնության տրամադրմանը, այս ոլորտում եւ մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների աշխատանքին, ինչպես նաեւ աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք իսկապես նպաստում են հաշտեցմանը»:
Վերոգրյալի լույսի ներքո
Որպես հրատապ առաջնահերթություն՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շրջակայքում մշակութային ժառանգության կանխամտածված վնասի, ոչնչացման կամ խեղաթյուրման մասին տարբեր կողմերի տագնապալի մեղադրանքներով պայմանավորված, մենք կոչ ենք անում, որ եվրոպացի/ միջազգային փորձագետների թիմ մուտքի հնարավորթյուն ստանա տարածաշրջան՝ տեղի հարուստ եւ բազմազան մշակութային ժառանգության վերաբերյալ համապարփակ եւ օբյեկտիվ գիտական ուսումնասիրություն իրականացնելու համար` դրանց պահպանության վճակի համապատասխան գնահատմամբ:
Համոզված ենք, որ դա կբխի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, նրանց ժողովուրդների ու մշակույթների, ինչպես նաեւ ողջ Եվրոպայի եւ Մարդկության շահերից:
Գլխավորապես, մենք հորդորում ենք Ադրբեջանին եւ Հայաստանին կատարել 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրած՝ վերջին բախումներին վերջ դնող Եռակողմ Հայտարարությամբ եւ մշակութային ժառանգության վերաբերյալ այս երկու պետությունների կողմից ստորագրված միջազգային եւ եվրոպական կարեւոր փաստաթղթերի հիմքով ստանձնած պատասխանատվություններն ու միջազգային պարտավորությունները։
Մենք նաեւ հորդորում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայի Խորհրդին եւ ԵԱՀԿ-Մինսկի խմբին միավորել ուժերը` խթանելու եւ սատարելու նշված տարածաշրջանում վտանգված բազմամշակութային եւ բազմակրոն ժառանգության համապարփակ պահպանությանն ուղղված դրական ջանքերը:
Ինչ վերաբերում է Եվրամիությանը, մենք հրավիրում ենք ԵՄ հաստատություններին եւ անդամ պետություններին՝ վերջերս ընդունված Խորհրդի Եզրակացությունների սկզբունքները կիրառել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ կոնկրետ դրական միջոցառումներ ձեռնարկել դրանց առնչվող Հակամարտությունների եւ ճգնաժամերի պայմաններում մշակութային ժառանգության մասին ԵՄ հայեցակարգի համաձայն։
Վերջապես, մենք առաջարկում ենք ժառանգության ոլորտում մեր լայն փորձառությունն ու մասնագիտական փորձը` նպաստելու Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շրջակայքում, ինչպես եւ Կովկասի այլ տարածաշրջաններում հարուստ մշակութային ժառանգության ամբողջականության եւ բազմազանության պատշաճ պաշտպանությանը:
Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ` օժանդակելու օգտագործել մշակութային ժառանգությունը (նյութական եւ ոչ նյութական)՝ որպես կամուրջ տարբեր համայնքների միջեւ եւ որպես տարածաշրջանում տեւական խաղաղության եւ բարգավաճման նախադրյալ հանդիսացող հարգանքի, վստահության եւ երկխոսության (վերա)կառուցման վեկտոր»:




