
Ազգային անվտանգության ծառայությունը կրթության ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպք է բացահայտել: Բարձր գնահատականն ապահովելու համար Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը խոշոր գումարի դիմաց վաճառել է օտար լեզվի քննական թեստերն ու դրանց պատասխանները։ Երևույթը անակնկալի է բերել ոչ միայն քննությունների կազմակերպիչ կառույցին, այլև ոլորտի փորձագետներին։ Վերջինները տարակուսում են՝ ինչու են կողմերը նման գործարքի գնացել այդքան հեշտ ընդունելության պարագայում։
Բուհական ընդունելության հեշտացումը, թվում էր, պետք է բացառի ընդունելության քննությունների ժամանակ դրսևորվող կոռուպցիոն երևույթները։ ԱԱԾ վերջին բացահայտումը, սակայն, շոկային էր ոչ միայն քննությունների կազմակերպիչ Գնահատման և թեստավորման կենտրոնի, այլև ոլորտի փորձագետների համար։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին զարմացրել է հատկապես այն, որ գործարքի գնացել են ԳԹԿ ներկայացուցիչն ու թեստերի համահեղինակը։ Զրուցակիցս կարծում է, որ պատճառներից մեկը կառույցի՝ տարիներ շարունակ տնօրեն չունենալն է։
«Աննախադեպ բան է, որ կրթության ոլորտի կարևորագույն օղակը երեք տարի երկու ամիս չունենա տնօրեն։ Կարծում եմ, որ չի կարելի այդպիսի կառույցները թողնել առանց ղեկավարի»։
Իրականում ընդունելության քննությունների ժամանակ կոռուպցիոն ռիսկերը վերջին տարիներին շեշտակի նվազել են, քանի որ դրանցում նվազագույնի է հասցվել նաև մարդկային գործոնը՝ նկատում է փորձագետը։ Նաև մրցակցությունն է վերացել՝ բացառությամբ մի քանի ֆակուլտետների։
«Այլևս ընդունվելը մրցակցային չէ։ Մրցակցում են մի քանի ֆակուլտետներում՝ բժշկականի բուժականում, իրավագիտությունում, միջազգային հարաբերություններում, ինֆորմատիկայում։ 4-5 ֆակուլտետներում կա մրցակցություն, և այսօր կոռուպցիոն ռիսկեր կարող են լինել հիմնականում պետպատվերով ընդունվելու համար։ Մնացած առումներով, կարծում եմ, կոռուպցիոն ռիսկերը նվազել են, թեև այսօր կոռուպցիոն դեպք ունենք բացահայտված»։
Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է կրթության ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու հերթական դեպքը: «Գնահատման և թեստավորման կենտրոնի» պաշտոնատար անձը, որը նաև 2021 թվականի միասնական քննությունների «Օտար լեզու» առարկայի միասնական քննական թեստերի համահեղինակն է, «Օտար լեզու» առարկայի քննությունից առաջ իր մշակած թեստերն ու դրանց պատասխանները նախապես տրամադրել է դիմորդին։ Բարձր գնահատականն ապահովելու համար պահանջել է 3.000 դոլար կաշառք։ Թվում էր, թե նման դրսևորումները վերջին տարիներին պետք է բացառվեին․ կառավարությունն առաջնային խնդիր է համարում կոռուպցիայի դեմ պայքարը։ Սակայն այլ բան է դրա մասին խոսելը, մեկ այլ բան՝ այն բացառելը՝ նկատում է կրթության ոլորտի հետազոտող Միշա Թադևոսյանը։
«Այո, կարելի է ամեն օր խոսել, որ մենք պետության մակարդակով փորձում ենք կոռուպցիան կանխարգելել կամ չեզոքացնել, բայց ամեն ինչ արվում է ամենամիկրո մակարդակում։ Որովհետև կոռուպցիոն դրսևորումը ոչ միայն գումար վերցնելն է կամ ֆինասական երկխոսությունը, այլև մի շարք այլ գործողություններ, որոնց մասին գրեթե չեն խոսում։ Իսկ եթե խոսում ենք, դրանք ավարտվում են միայն քննարկումների ու բանավեճերի շրջանակում»։
Ոլորտի գերխնդիրը ոչ միայն կոռուպցիոն դրսևորումները բացառելն է, այլև կրթության որակի փոփոխություն ապահովելը։ Իհարկե, լավ է, որ բոլոր դիմորդները կարող են բուհ ընդունվել, բայց դա չպետք է ազդի կրթական որակի վրա, հակառակ դեպքում կրթությունն ինքնանպատակ է դառնում՝ նկատում է Սերոբ Խաչատրյանը։
«Պետք է ունենանք երկու կարգի բուհեր։ Բուհեր և ֆակուլտետներ, որոնք պետք է բարձր շեմ սահմանեն, այդտեղ ընդունվելը պետք է լինի դժվար։ Եվ պետք է լինեն մասսայական բուհեր, որտեղ կարելի է նույնիսկ առանց քննության ընդունվել։ Ես նաև գիտական ֆակուլտետներին եմ հակված։ Նույն ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետ, քիմիա, մենք չպետք է նայենք քանակին։ Եթե նույնիսկ 4-5 հոգի պետք է կարողանան հաղթահարել, մենք դա պետք է պահենք, որովհետև մեզ պետք են բարձր կարգի գիտնականներ։
Քանի դեռ գիտնականը պահանջված չէ երկրում, բուհերը չեն ձգտի ավելի շատ գիտնականներ կրթել։ Արդյունքում ընկնում է կրթության որակը՝ նկատում է «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը։
«Այսօր հասել է ժամանակին տեխնիկումների մակարդակի, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների։ Իսկ ավելի ճիշտ չէր լինի, եթե մենք միջին մասնագիտական կրթությունն առանձին կազմակերպեինք, իսկ բուհերը սկսեին մրցել, հենց գիտնական կրթելու և գիտական արդյունքներ ցուցաբերելու հարցում։ Այդ դեպքում մենք կունենայինք ավելի բարձրորակ բարձրագույն կրթություն։
Միշա Թադևոսյանը կարծում է, որ բուհերը ստիպված են իջեցրել բուհ ընդունվելու նշաձողը։
«Այնպես չէ, որ բուհերը ցանկություն չունեն ավելի բարձր միավորներ սահմանելու և ավելի որակյալ ուսանողներ ունենալու։ Բայց եթե մենք չունենանք այդ շեմը հանրակրթության բնագավառում և այդպիսի կարողություններ ունեցող շրջանավարտ, բուհերը պարզ քայլ են անում։ Ֆինանսական կայունություն ունենալու համար իրենք իջեցնում են այդ շեմը, որը բնականոն արձագանքն է այդ իրավիճակի»։
Այս առումով փորձագետին չեն զարմացնում նաև քննական ցածր միավորները։ Ըստ նրա՝ հանրակրթության բոլոր խնդիրները փաթեթավորված գալիս են բարձագույն կրթություն։





