
Նյու Ջերսին Արցախի անկախությունը ճանաչած ԱՄՆ 10-րդ նահանգն է, իսկ Արցախյան երկրորդ պատերազմից հետո՝ առաջինը։ : Նյու Ջերսիի նահանգի սենատում 40 պատգամավորից ներկա է եղել 38-ը, 36-ը կողմ է քվեարկել, 2-ը՝ ձեռնպահ։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Արցախի ճանաչումը լոբբիստական աշխատանքի արդյունք էր, որն իրականացրել է Հայ դատի հանձնախումբը, գործընթացից անմասն չեն մնացել Նյու Ջերսիիում բնակվող մեծաքանակ հայերը։ Ամերիկագետը Նյու Ջերսիի կողմից Արցախի ճանաչումը կարեւորում է նախ պատերազմից հետո նախադրյալ դառնալու առումով․
«Ձնագնդի էֆեկտ կարող է ստանալ, որովհետև պատերազմից հետո առաջին նահանգն է, որ ճանաչում է Արցախի անկախությունը և, իհարկե, սա կարևոր նախադրյալ է։ Պետք է նաև հաշվի առնել, որ արդեն 10-րդ նահանգն է, որ ճանաչում է Արցախի անկախությունը, գործընթացը կարող է շարունակական և ավելի ակտիվ լինել, եթե Հայաստանի կողմից ավելի ադեկվատ ազդակներ գնան դեպի միջազգային հանրություն», — նշում է ամերիկագետը։
Արցախի հնարավոր անկախության և ինքնորոշման իրավունքին է անդրադարձել նաև Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ վստահեցնելով Արցախի իշխանությունը և ժողովուրդը չեն ընդունելու Ադրբեջանի կազմում լինելու որևէ տարբերակ:
«Իհարկե, մեր պայմանները շատ ավելի դժվար և ծանր են, քան նախապատերազմյան շրջանում, բայց դա չի նշանակում, որ մենք հնարավորություն չունենք պայքարելու։ Մեր ճանապարհը հիմա մեզ ավելի երկար է թվում, բայց մյուս կողմից լրացուցիչ հնարավորություններ ունենք, այդ թվում՝ արտաքին քաղաքական»,- ասել է Բեգլարյանը։
Որպեսզի Արցախի անկախությունը միջազգայնորեն ճանաչվի և բանակցային գործընթացում հաջողություն ունենան, ըստ Սուրեն Սարգսյանի, կարևոր է նոր իրավիճակում Հայաստանի կողմից Արցախի անկախության հիմնավորումը․
«Դա բացառապես կախված է մեր իշխանություններից, մեր դիրքավորումից ու աշխատանքից միջազգային հանրության հետ։ Այսինքն, եթե կարողանանք հիմա հիմնավորել միջազգային հանրությանը, որ արդեն ժամանակն է եկել Արցախի անկախությունը ճանաչելու, վստահ եմ՝ շատ պետություններ այդ ճանապարհով կգնան», — ասում է Սուրեն Սարգսյանը։
Արտակ Բեգլարյանի դիտարկմամբ՝ ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը առնվազն փաստարկների առումով ընկալելի է միջազգային հանրությանը։ Պատերազմից հետո հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներից երկուսը՝ տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքն արդեն ժամանակավրեպ են։ Մինչդեռ, ինքնորոշման հարցով պայքարը պետք է շարունակել․
«Մնացել է մեր ինքնորոշման իրավունքի ճանաչման սկզբունքը, և սա միջազգային հանրությունը և Մինսկի խումբը շատ լավ գիտակցում են։ Դրա համար մենք այս ուղղությամբ մեր պայքարը շարունակում ենք, իհարկե, պետք է Հայաստանի հանրապետությունը ևս այս մասով գործուն ջանքեր գործադրի և հույս ունենք, որ առաջիկայում որոշակի դրական առաջընթաց լինելու է»,- նշել է Արտակ Բեգլարյանը։
Իսկ ի՞նչ է մինչ այժմ առաջարկել պաշտոնական Երևանը և ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանն այս հարցում։ «Անջատում հանուն փրկության» բանաձևի կիրառումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ լուծման տարբերակ․ այս մասին ամիսներ առաջ խոսել էր վարչապետ Փաշինյանը։ Այս բանաձևն արդեն մի քանի անգամ հաջողությամբ կիրառվել է Բանգլադեշում, Հարավային Սուդանում և Կոսովոյում։ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ սա հնարավոր քայլերից մեկն է, որի կիրառուման համար պետք է հստակեցնել մեր դիրքորոշումը բանակցային գործընթացում․
««Անջատում հանուն փրկության» բանաձևը միջազգային իրավունքի պրակտիկայում կիրառված սկզբունք է, որն, ըստ էության, շարունակում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Սա միջազգային իրավունքի ոչ թե սկզբունք է, այլ ընդամենը հնարավոր քայլերից մեկը, որը ժամանակին իր կիրառումը ստացել է Կոսովոյի պարագայում և այդ առումով որոշակի տեսանկյունից դարձել է նախադեպ։ Բայց նորից եմ կրկնում՝ ամեն ինչ կախված է մեզնից, թե արդյո՞ք կկարողանանք նաև այդ մոտեցումը կիրառել Արցախի բանակցային գործընթացում։ Հիմա բանակցություններ չկան, Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն ընդհանրապես բանակցային գործընթացի մասին, գոնե ինձ, անհասկանալի է»,- նշում է Սուրեն Սարգսյանը։
Հայաստանի իշխանության դիրքորոշումը պարզ չէ նաև պատգամավորներ Թագուհի Թովմասյանին, Աննա Գրիգորյանին ու Սոֆյա Հովսեփյանին։ Նրանք ներկայացրել էին ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ ուժի կիրառման եւ ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի մասին»: Թագուհի Թովմասյանի խոսքով՝ փաստաթղթով կհստակեցվեր, թե Հայաստանը ի՞նչ է պատկերացնում Արցախի հիմնահարցի լուծում ասելով․
«Մենք արձանագրում ենք, այսինքն՝ որպես Հայաստանի Հանրապետություն մենք պետք է մեզ համար արձանագրենք որևէ տեղ՝ փաստաթղթում, և սա դառնա նաև ՀՀ-ի համար անհերքելի և անշրջելի կետ, որ Արցախի մի մասն օկուպացված է Ադրբեջանի կողմից, և այդ բռնազավթված Արցախի մասը պետք է Ադրբեջանը վերադարձնի»։
Կառավարությն և ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ հայտարարության նախագիծը ընդգրկվել էր 7-րդ գումարման Ազգային ժողովի վերջին հերթական քառօրյայի օրակարգում, որը, սակայն, քվորում չլինելու պատճառով չէր կայացել։ Հեղինակները հուսով էին, որ այն կընդգրկվի հունիսի 30-ին, իմքայլականների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում, սակայն չէր ընդգրկվել։




