ԿարևորՀասարակություն

ԳԱԱ-ն նոր կազմով սպասում է պետության նոր պատվերին

Գիտությունների ազգային ակադեմիան սպասում է պետության պատվերին և իրատեսական պայմանագրերի գիտելիքահեն տնտեսությանն ու ռազմարդյունաբերության զարգացմանը խթանելու համար՝ կարծում է ԳԱԱ նորընտիր ղեկավար Աշոտ Սաղյանը։

Երկօրյա ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար կազմը՝ նախագահը, փոխնախագահը, ակադեմիկոս–քարտուղարներն ու նախագահության անդամները։

ԳԱԱ նորընտիր նախագահը ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտակարտադրական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն է։

Նա այսօր հանդիպել է լրագրողների հետ, ներկայացրել, թե ինչպես է պատկերացնում Գիտությունների ազգային ակադեմիայի ապագան։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ով կառույցը ղեկավարել է 15 տարի։ Նա Ակադեմիայում իր գործունեությունը կշարունակի որպես նախագահի գլխավոր խորհրդական։

Ակադեմիայի նախկին նախագահը կարծում է, որ գիտական վատ ժառանգություն չի թողնում նորընտիր նախագահին․

«Գիտության զարգացման մասին խոսակցությունները վերացական չեն։ Կան գնահատականներ, որոնք տրված են ոչ թե մեր, այլ միջազգային վիճակագրական ծառայությունների կողմից, ըստ որոնց՝ ունենք բավականին բարձր հեղինակություն։ Վերջին հետազոտության ընթացքում դիտարկվել է 8800 գիտական կազմակերպություն։ Այդ ցուցակում Հայաստանից կա 14 կազմակերպություն, որոնցից 12–ը ԳԱԱ ինստիտուտներ են։ Համեմատության համար ասեմ, որ մեր հարևան երկրները՝ Վրաստանն ու Ադրբեջանը, այդ ցուցակում ունեն մեկական ներկայացուցիչ»,– նշել է Ռադիկ Մարտիրոսյանը։

Այս ցուցանիշը պահելու և բարելավելու պարտականությունը իր վրա է վերցրել Աշոտ Սաղյանը, ով համալսարանական է՝ 1998-ից աշխատել է ԵՊՀ–ում, սկզբում որպես դեղագործական քիմիայի ամբիոնի դոցենտ, հետո՝ պրոֆեսոր, հետո՝ ամբիոնի վարիչ։ Այժմ ղեկավարում է նույն ամբիոնի հիմքի վրա ստեղծված ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտը։ Սաղյանը նաև ԵՊՀ ռեկտորի 5 թեկնածուներից մեկն էր, սակայն ընտրությունները այդպես էլ չկայացան։

Սաղյանը նշում է, որ որպես ակադեմիայի ղեկավար առաջիկա 5 տարիներին իր ուժերը կենտրոնացնելու  է գիտահետազոտական ինստիտուտների օպտիմալացման, ակադեմիայի գործունեության արդիականացման, բուհական համակարգի հետ համագործակցությունը խորացնելու վրա․

 «Պետք է գնա միաձուլում՝ կրթությունը գիտության հետ։ Գուցե հետո այդ միաձուլումը կատարվի՝ ինստիտուտները բուհերի հետ, բայց այսօր դրանք պատրաստ չեն, և ժամանակ է պետք նախադրյալներ ստեղծելու համար, Նախատեսում ենք իրատեսական պայմանագրեր, այսինքն՝ ինստիտուտը պայմանագիր է կնքում բուհի մասնագիտական ֆակուլտետի կամ ամբիոնի հետ»։

ԳԱԱ երիտասարդացման բանաձևերից մեկը ըստ Սաղյանի գիտաշխատողին պատշաճ աշխատավարձով ապահովելն է։ Գիտնականի այսօրվա աշխատավարձ միջինում 100.000 դրամ է, որը  կազմում է Հայաստանում միջին աշխատավարձի գրեթե կեսը։ Իսկ գիտությունը ըստ Սաղյանի զարգանում է այն երկրներում, որտեղ գիտության համար միջոցները չեն խնայվում։

Կարդացեք նաև

Back to top button