
Պաշտոնական Երևանն ու Մոսկվան բանակցում են Հայաստանում ռուսական ռազմակայանի ընդլայնման շուրջ։ Այդ նպատակով Ռուսաստանի մայրաքաղաք է մեկնել ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում Հայաստանի պաշտպանության, արտաքին գործերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ են։
Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստը Մոսկվայում մեկնարկել է այսօր։ Օրակարգում ռազմաբազայի նոր հենակետերի շահագործման ու գործունեության համար անհրաժեշտ հողամասերն ու անշարժ գույքը ռուսական կողմին փոխանցելու մասին հարցեր են:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ Հայաստանի մոտեցումը չափազանց մեղմ է Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ գործողությունների նկատմամբ, ինչն էլ, ըստ իրավապաշտպանի, այդ երկրին թույլ է տալիս մտածել, որ իրեն ոչինչ չի սպառնում նաև միջազգային հարթակներում։
«Անընդմեջ խոսվում է, որ ահա այս իրավիճակը վերջապես կբացի, այսպես ասած, ԵԽ անդամ պետությունների վերջին փակ սահմանները։ Այդ դեպքում ինչո՞ւ է փակվում հյուսիսային ճանապարհը, որով Հայաստանից գնում էին Արցախ, ինչո՞ւ է փակվել ներքևի ճանապարհը։ Այսինքն` մենք հասկանում ենք, որ ընկնում ենք ամբողջովին շրջափակման մեջ»։
Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչները սեփական տարածքում, Ալավերդյանի ձևակերպմամբ, մնացել են անպաշտպան։
Սահմանային խնդիրներին այսօր նոր գրառմամբ անդրադարձել է նաև Մարդու իրավունքների գործող պաշտպանը։ Մեր տարածքային կորուստներն ավելի ծանր են եղել այն ժամանակ, երբ կառավարությունները գյուղերի բնակիչների իրավունքները սահմանային վեճերի հիմքում չեն դրել՝ գրել է Արման Թաթոյանը, ապա պատմությունից օրինակներ բերելով՝ ընդհանրացրել.
«Հայաստանյան կառավարություններն էլ ամեն անգամ շարունակել են անուշադրության մատնել գյուղացիների իրավունքների հարցերը, նրանց անվտանգությունը՝ սահմանային հարցերը դիտարկելով տարածքային-քաղաքական ու մեխանիկական մոտեցումներով: Հիմա պետք է դասեր քաղել նախկինից, սահմանային հարցերի հիմքում դնել մարդու իրավունքները և հիշել, որ ադրբեջանական քաղաքականությունը տարիների ընթացքում այդպես էլ չի փոխվել»:
Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ սահմանամերձ բնակչության անվտանգության ապահովման, իրավունքների պաշտպանության համար հանրային վերահսկողություն-համագործակցություն պիտի լինի հանրության և իշխանության միջև՝ անկախ հանգամանքից, թե ով է տվյալ պահին ներկայացնում իշխանությունը։
«Այդ մեխանիզմները կան, ուղղակի պիտի գործածենք։ Առանց դրանց՝ ցանկացած իշխանություն ինքնագլուխ բաներ է անելու։ Որևէ իշխանության թողնել առանց գործուն վերահսկողության և նույնչափ սրտանց համագործակցության, նշանակում է մնալ կոտրած տաշտակի առջև ցանկացած պարագայում»։
Հայաստանի հարավ-արևելյան սահմանների անվտանգության ապահովումը Հայաստանի կառավարությունը տեսնում է ռուսական ռազմաբազայի ընդլայնմամբ։ Այս մասին դեռ մայիսին ԱԺ–ում խոսել էր վարչապետի պաշտոնակատարը, ապա հարցը քննարկվել էր կառավարության նիստում։ Որոշում կայացվեց Սյունիքի մարզում անհատույց օգտագործման իրավունքով հողամասեր հատկացնել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ Հայաստանում տեղակայված սահմանապահ վարչությանը:
Պաշտոնական Երևանի ու Մոսկվայի միջև բանակցություններն արդեն սկսվել են: Այդ նպատակով հունիսի 26-ից հուլիսի 1-ը Ռուսաստանի մայրաքաղաքում է Հայաստանի 14 հոգանոց պատվիրակությունը։ Այն ղեկավարում է Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ, միջպետական հանձնաժողովի հայկական մասի նախագահ Արմեն Ավետիսյանը։
Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստը Մոսկվայում մեկնարկել է երեկ։ «Կոմերսանտ»-ը գրում է, որ հանձնաժողովի նիստում կքննարկվեն ռազմաբազայի շահագործման ու գործունեության համար անհրաժեշտ հողամասեր ու անշարժ գույք ռուսական կողմին փոխանցելու հետ կապված հարցեր:

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում, անդրադառնալ-ին խորհրդարանում ով որոշմանը, նշեց, որ ընդհանուր առմամբ՝ Կապանի, Տեղի և Մեղրիի համայնքները մեկական հողակտորներ են հատկացրել պետությանը։
«Չորս հողակտորները ու երեք կտոր պետական հողակտոր սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությունը ամրակցել է պետական գույքի կառավարման կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով կհատկացնի ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում տեղակայված սահմանապահ վարչությանը»։
Նարեկ Բաբայանը չի նշում, թե ինչ է կառուցվելու այդ հողամասերում, բայց հավաստիացնում է, որ հողերը չեն նվիրաբերվում։
«Հողի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է եւ այդպես էլ շարունակվելու է մնալ։ Պարզապես անհատույց օգտագործման իրավունքով է տրվել»։
Շիկահողի վարչական ղեկավար Նարե Ղազարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հստակեցրել է.
«Համայնքը ռուսական բանակին անվարձահատույց տրամադրել է 6 հազար 500 մետր հող այնտեղ իրենց համար մնալու տեղ կառուցելու նպատակով»։

Հիշեցնենք նաեւ, որ մայիսին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում հայտնել էր, որ 102-րդ ռուսական ռազմաբազան երկու նոր հենակետ է զբաղեցրել Սյունիքի մարզում՝ սահմանակից Ադրբեջանին և Իրանին: Մայիսի 27-ին ՀՀ կառավարության նիստում որոշում կայացվեց Սյունիքի մարզում շուրջ 3,5 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր անհատույց օգտագործման իրավունքով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ Հայաստանում տեղակայված սահմանապահ վարչությանը հատկացնելու մասին: Ռուս սահմանապահների օգտագործմանն են անցնում Սյունիքի մարզի Շիկահող գյուղից, Մեղրիի Շվինաձոր, Կարճևան, Նռնաձոր գյուղերից ու Տեղ համայնքից 7 միավոր հողակտոր։






