
Ի արձագանք Վաղարշապատում ընթացող դարակազմիկ վերանորոգչական աշխատանքների, Թբիլիսիում, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ և հանդիսապետությամբ, 2021 թվականի հունիսի 25-ին, «Հայարտուն կենտրոնում կազմակերպվել է նկարիչների և տիկնիկագործների աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որի հասույթը փոխանցվելու է տաճարի վերանորոգության հիմնադրամին: Այս մասին հայտնում է Հայաստանեայց առաքելական եկեղեցու Վիրահայոց (Վրաստանի) թեմից:
Ցուցադրվել են վիրահայ արվեստի գործիչների շուրջ երեք տասնյակից ավելի գործեր:
Վիրահայոց թեմի առաջնորդը խոսելով 2020 թվականին Հայաստանին և Արցախին պատուհասած արքավիրքի, կրած ծանր օրերի և դժվարությունների մասին, հորդորել է ներկաներին աջակցել արդեն մի քանի տարի շարունակվող Մայր Աթոռի Սուրբ տաճարի վերանորոգչական աշխատանքների իրականացմանը և անպայման ներդրում կատարել եկեղեցաշեն այդ գործին:
Երկու օր շարունակվող ցուցահանդես-վաճառքի հասույթը և կատարված նվիրատվությունները կփոխանցվեն «Սուրբ Էջմիածնի» բարեգործական հիմնադրամին:
Ցուցահանդես-վաճառքի կազմակերպչական խումբը, ի դեմս Ռուսթավի քաղաքի «Սբ. Գրիգոր Նարեկացի« հոգևոր, կրթամշակութային կենտրոնի և Ռուսթավիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի, երախտագիտություն հայտնեց «Հայարտուն կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանին, Մշակույթի բաժնի պատասխանատու Սուրեն Աբրամյանին, դուդուկի խմբի ղեկավար Իվանե Մկրտչյանի, և իրենց աշխատանքները նվիրած բոլոր նկարիչներին և տիկնիկագործներին բարեգործական նպատակով այս գեղեցիկ գործողությունը կյանքի կոչելու համար:




