
Թբիլիսիում ամփոփելով Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի կողմից լիազորված տարածաշրջանային այցը, Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարներն ընդգծել են, որ ԵՄ-ի օրակարգում է Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակումն ու ականապատ տարածքների քարտեզների հանձնումը։
«Անշուշտ մենք Ադրբեջանում բարձրացրել ենք հայ գերիների ազատ արձակման հարցը և պատրաստ ենք այդ հարցում մեր աջակցությունը ցուցաբերել»,- «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան Թբիլիսիում ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։
Պատվիրակության անդամները ողջունել են նաև այդ հարցով ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությամբ Վրաստանի ակտիվ միջնորդությունը, ինչի արդյունքում Աղդամի (Ակնայի) ականապատ քարտեզի դիմաց Ադրբեջանն ազատ արձակեց 15 հայ գերիների։ «ԵՄ-ն ապագայում ևս լիովին աջակցելու է նմանատիպ քայլերին»։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ Հարավային Կովկասը չեն թողնելու այլ դերակատարների, իրենք են դրական օրակարգ բերելու՝ ողջ տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության համար։
«Եվրամիությունը վճռական է առավել ակտիվ ներգրավվել ԵՄ-ի համար աշխարհաքաղաքական կարևորություն ունեցող Հարավային Կովկասում շարունակվող հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացում»,- ասել է Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն։

Երևանի և Բաքվի հանդիպումների առանցքում անցյալ տարի տեղի ունեցած ռազմական բախումներն են եղել։ Եվրոպացի պաշտոնյաները կողմերին կառուցողական մոտեցման ու վստահության մթնոլորտի ձևավորման կոչ են արել։
«Մենք գիտենք, որ Ղարաբաղյան պատերազմի հետևանքով առաջացած վերքերը դեռ բաց են, պետք է ապաքինվեն։ Մեր այցը ցույց տվեց, որ կողմերը գիտակցում են դրա անհրաժեշտությունը, ինչի համար գործընկերների կարիքն ունեն»,-ընդգծել է Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը։

Ադրբեջանը հայտարարում է, թե Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, Հայաստանը՝ ոչ։ «Ռադիոլուրի» հարցին, թե որն է ԵՄ-ի դիրքորոշումն այս հարցում, Լիտվայի ԱԳ նախարարն ասել է․ «Լիահույս եմ, որ մի օր խաղաղության համաձայնագիր կստորագրվի, իսկ կարգավիճակի հարցը, կորոշվի, երբ համաձայնագիրը կնքվի»։





