ԿարևորՀասարակություն

ՀԷԿ-երը գերազանցել են ջրօգտագործման թույլտվությունները՝ հանգեցնելով էկոլոգիական աղետի

Հայաստանյան գետերի վրա կառուցված ՀԷԿ-երն անցած տարիներին հարակից գյուղերի բնակիչներին զրկել են հողատարածքները ջրելու հնարավորությունից։ Փոխվել է գետերի երբեմնի վարար պատկերը։ Բնապահպաններն արդեն տևական ժամանակ ահազանգում են՝ փոքր ՀԷԿ-երը խախտել են գետերի էկոլոգիական և  հիդրոլոգիական ռեժիմները։ Շրջակա միջավայրի նախարարությունը նույնպես ուսումնասիրություն  է իրականացրել, որի արդյունքում  եզրահանգել է՝  որոշ փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվություններ պետք է  հետ կանչվեն։   

2000-ականներից Հայաստանում կտրուկ աճեց փոքր ՀԷԿ-երի թիվը։ Եթե 1996– ին Հայաստանում ընդամենը  15 հիդրոկայան, ապա 2010 թվականին այդ թիվն արդեն 60-ով ավելացել էր։ Այսօր Հայաստանում 191 ՀԷԿ է գործում։  Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀԷԿ-երը գերազանցել են իրենց ջրօգտագործման թույլտվությունները։ Թե որքան ջուր պետք է օգտագործեն ՀԷԿ-երը,  հաշվարկում է շրջակա միջավայրի նախարարությունը և ըստ դրա տրամադրում ջրօգտագործման թույլտվությունը։

Նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  նշել է, որ ուսումնասիրել են Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի 30-40 տոկոսը և դրանցից շատերում իրավախախտումներ են հայտնաբերել, այդ թվում՝ քրեական պատասխանատվություն ենթադրող։ Պարզվել է նաև, որ որոշ  ընկերությունների՝ տարիներ առաջ ստացած ջրօգտագործման թույլտվություններն անօրինական են։

«Վերջին շրջանում, եթե չեմ սխալվում, երևի 5-6 ջրօգտագործման թույլտվություն ենք տվել և երկարացումներ  արել։ Բոլոր դեպքերում  առաջնորդվել ենք բացառապես բնապահպանական շահով ու օրենսդրությամբ: Որևէ պարագայում մեզ համար էական չէ, թե տվյալ հայտի տերն ով է կամ ընկերությունն ում է պատկանում»։

Մինչդեռ, բնապահպանները, որոնք երկար տարիներ ուսումնասիրել են գետերի և դրանց վտակների վրա ՀԷԿ-երի ազդեցությունը,  եզրակացրել են, որ հիդրոկայանների գործունեությունն իսկական բնապահպանական աղետի է վերածվել։ Ազգային ագրարային համալսարանի ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը նշում է՝ փոքր ՀԷԿ-երը խախտել են գետերի էկոլոգիական և հիդրոլոգիական ռեժիմները։

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանրապետության գետերի վրա կառուցված ՀԷԿ-երի ազդեցությամբ գետերի երկարաձգվածությամբ մինչև 20 տոկոսը հայտնվում է ցամաքեցման գոտում։ Դա բավականին մեծ թիվ է։ Գետեր կան, որ մինչև 10 կմ ցամաքեցման են բերում։ Այդքան երկարությամբ էլ խախտվում է էկոլոգիան, ջրօգտագործողների իրավունքները, որոնք որ օգտվում էին այդ գետից։ Այնպես որ, այն ավելի շատ բերում է էկոլոգիական պրոբլեմների և հետո՝ ռեսուրսների հետ կապված խնդրի. Բուսականության և կենդանական աշխարհի։ Սա նույնպես լուրջ խնդիր է»։

Բնապահպաններն ասում են, որ դեռ նախորդ  ամռանն են ահազանգել վերահսկողություն իրականացնող բնապահպանական տեսչությանը։ Պատասխանը բնապահպաններին չի գոհացրել, աշխատանքներ էլ չեն իրականացվել

Ռոմանոս Պետրոսյանը, սակայն, հիշեցնում է՝ այս տարվա ապրիլի 19-ին Կառավարության հատուկ որոշմամբ սահմանվել է 25 գետերի ցանկ, որոնց վրա արգելվել է որևէ տեսակի ՀԷԿ-երի կառուցումը։   

«Մեր նախարարության նախաձեռնությամբ հասանք այդ որոշմանը։ Դրանք այն գետերն են, որոնք արդեն իսկ ծանրաբեռնված են ՀԷԿ-երով, և էկոհամակարգի վրա արդեն որոշակի ներգործման ռիսկեր կան։ Այդ թվում՝ նաև պատճառված անդառնալի վնասներ ենք արձանագրել»։

Գուրգեն Եղիազարյանը, սակայն, կարծում է, որ խնդրին այլ տեսանկյունից ևս պետք է նայել։     

«Կարծում եմ, որ ՀԷԿ-երի թույլտվությունները պետք է տրվեն բազմակողմանի քննարկման արդյունքում՝ ընդհուպ նաև համայնքների, բնակիչների կարծիքները պարզելով, հաշվի առնելով։ Հրաժարվելն էլ, իհարկե, ճիշտ չէ։ Բայց մենք էներգիայի աղբյուրների սակավություն ունենք։ Էս տեսանկյունից էլ պետք է նայենք»։  

Նախարար Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է, որ ցանկացած գետ, որի վրա կնախատեսվի ՀԷԿ կառուցել, խիստ վերահսկողության ներքո է լինելու և առաջին հերթին՝ էկոթողքի շեմի պահպանման տեսանկյունից։ Դա ջրի այն ծավալն է, որը պետք է լինի  բնական հունի մեջ, որպեսզի գետի և գետահովտի էկոբազմազանությունը չխաթարվի՝ ասում է նախարար Պետրոսյանը։ Միաժամանակ ընդունում է, որ գետերի մեծ մասում արդեն իսկ լրջագույն խնդիրներ կան։

«Քանի որ ինչ-ինչ կլանային շահեր հետապնդելով, ժամանակին որոշակի քաղաքական, իրավական արտոնյալ շրջանակներ, անտեսելով էկոթողքի սահմանված նիշերը, գուցե նաև առերևույթ խախտումների, կեղծումների գնալով՝ ավելի մեծ ծավալի ջուր են ցույց տվել, իրենց ցանկալի ծավալը վերցնելու երաշխիքներ ստացել պետությունից, իսկ արդեն տակը էկոթողքի սահմանված նիշից զգալիորեն ցածր նիշ թողելով, էական վնաս հասցնելով բնությանն ու տվյալ գետահովտի էկոհամակարգին»։  

Նախարարությունում աշխատանքային խումբ է ձևավորվել, որն  ուսումնասիրել է Եղեգիսի կիրճի 17 ՀԷԿ-երը։ Նախարարի փոխանցմամբ՝  տարբեր խախտումներ են հայտնաբերվել, շատերի վերաբերյալ իրավապահներին հաղորդումներ են ներկայացվել։

«Այնտեղ կան մի քանի ՓՀԷԿ-եր՝ մի քանի ընկերություններ, որոնց տրամադրված ջրօգտագործման թույլտվությունների ուսումնասիրությունները լուրջ կասկածներ են տալիս՝ ենթադրելու, որ իրավախախտումներ են տեղի ունեցել և այս պահին 17 ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունների մեծ մասն արդեն նախարարությունը, այսպես ասած, հետ է կանչել»։

Շրջակա միջավայրի նախարարի փոխանցմամբ՝ Եղեգիսի կիրճում 17 փոքր ՀԷԿ-երի ուսումնասիրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ նույն խնդիրները բազմաթիվ այլ գետերի վրա, գետահովիտներում ու փոքր ՀԷԿ-երում նույնպես առկա են։

Կարդացեք նաև

Back to top button