
Ինչպիսի՞ խորհրդարաններ ենք ունեցել անկախ Հայաստանում, և ինչպիսին խորհրդարան է ակնկալվում ի դեմս նոր ձեւավորվողի։ Եթե համադրենք Հայաստանի խորհրդարանական պատմությունը, շատ հետաքրքիր զուգահեռներ և համադրություններ կգտնենք։ Արդյո՞ք երբևէ ունեցել ենք իրական ընդդիմություն խորհրդարանում, կամ որքանո՞վ է լսելի եղել ընդդիմության ձայնն այնտեղ։ Խորհրդարանի պատմության մեջ բազմաթիվ են բուռն դրվագները, «ծանր» էջերը։ «Ռադիոլուրն» այս անգամ դիտարկել է խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության հարաբերակցությունը և այդ շենքում միմյանց հետ շփվելու «ավանդույթները»։
Անկախ Հայաստանի պատմության մեջ ձևավորվում է արդեն 8-րդ խորհրդարանը։ Մի շարք առանձնահատկություններով այն եզակի է և տարբերվում է մյուս բոլոր գումարումներից։ Հետպատերազմական շրջանում ձևավորված խորհրդարանում նախ հավաքվել են բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են արցախյան հիմնախնդրի լուծման և այդ հարցում այսօր ունեցած իրավիճակի համար՝ հիշեցնում է վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը․
«Ընտիր խորհրդարան է և լիովին արտահայտում է այն պատասխանատվության չափը, որը մենք ունեցել ենք։ Մոտավորապես 70% պատգամավորներ են ունենալու իմքայլականները, այսինքն՝ ՔՊ–ականները, և նրանց վրա ես դնում եմ այս աղետի և ողբերգության մեղքն ու պատասխանատվությունը։ Երկրորդ հերթին այս աղետի պատասխանատվությունը Ռոբերտ Քոչարյանի ու իր իր թիմի վրա են։ Նրանք նույնպես եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի պատասխանատու են այսօրվա աղետի համար։ Եվ կա նաև մի երրորդ կողմ՝ Սերժ Սարգսյանի ուժը, որն ուզում էր Ղարաբաղի հարց լուծեր, բայց չունեցավ պատմական այդ պատասխանատվությունը։ Այն եւս ներկայացված է խորհրդարանում։ Այս իմաստով շատ լավ է։ Այս երեք «մեղավորներն» այսօր կանգնած են մեր դիմաց, և ամեն ինչ դեռ չի ավարտվել։ Հիմա կսկսվի հայ-թուրքական գործընթաց, ղարաբաղյան գործընթաց, և հենց այս երեք պատասխանատու ուժերն են, որոնք, հավանաբար, պետք է քաղաքականության գլխավոր դերակատարները մնան»,-ասում է Հակոբյանը։
Աժ նախորդ գումարումներում ներկայացված կուսակցությունները երբեք այսքան սակավաթիվ չեն եղել։ Առաջիկա խորհրդարանը եզակի է նրանով, որ ընտրողների քվեարկությամբ միայն 2 կուսակցություն հաղթահարեց անցողիկ շեմը և կհայտնվի խորհրդարանում։ Երրորդը պարզապես օրենքի ուժով, երրորդ խմբակցություն ձևավորելու պահանջով կստանա պատգամավորական տեղեր։ Վերհիշենք խորհրդարանի անցած ճանապարհը․ հեղափոխական Հայաստանում՝ դեռ խորհրդային միության մաս եղած ժամանակ՝ 1990 թվականին, Գերագույն Խորհուրդը ձևավորվեց 10 կուսակցությունից։ Դրանից հետո ընտրական տարբեր փուլերում քաղաքական ուժերի ներկայացվածությունը խորհրդարանում տատանվել է 3–ից 11 կուսակցության շրջանակում։
Խորհրդարանական մեծամասնության առումով ամենամեծաթիվ իշխանությունը խորհրդարանում եղել է 1995 թվականին։ «Հանրապետություն» խմբակցությունն ունեցել է 117 պատգամավոր, որոնք մեծամասամբ Հայոց Համազգային Շարժման անդամներն էին ու անկուսակցականները։ Խորհրդարանի հաջորդ ամենամեծ մեծամասնությունը ձևավորվել է 2019–ին․ «Իմ քայլը» խորհրդարան մտավ 88 ձայնով։ Սրանք կարելի է համարել ընդդիմության ամենափոքր ներկայացվածությամբ խորհրդարանները։ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ակնկալում է այս անգամ հետաքրքիր խորհրդարան տեսնել։
«Մենք կունենանք ավելի հետաքրքիր խորհրդարան։ Ֆորմալ տեսանկյունից այն նույնն է, ինչ կար՝ 2/3–ը իշխող ուժն է և ընդամենը 2 ընդդիմադիր կուսակցություն։ Բայց այդ՝ երկու ընդդիմադիր կուսակցությունները իսկական են, դրանք բացարձակ ուրիշ են․ կլինի սկզբունքային դիսկուրս։ Համենայնդեպս առաջիկա շրջանում դրանք այլընտրանք չունեն։ Իհարկե, նրանք կմտնենք խորհրդարան, կվերցնեն մանդատները։ Կլինի շատ լուրջ պայքար, իհարկե, ոչ թե որոշումներ կայացնելու համար, որովհետև որոշումները կարող է կայացնել մեկ կուսակցությունը, բայց բանավեճային պայքարը և մեղադրանքները հրապարակներից կտեղափոխվեն խորհրդարան։ Իհարկե, սա չի լինի ժողովրդավար պետություններին բնորոշ խորհրդարան իր բուն իմաստով, բայց կլինի մի վայր, որտեղ բախվում են գաղափարները, և մենք կտեսնենք քաղաքական իրական պայքար։ Կարծում եմ՝ մինչև հաջորդ հերթական-արտահերթ ընտրությունները հետաքրքիր կլինի»,-նշում է Իսկանդարյանը։
Խորհրդարանի պատմության մեջ թերևս չի եղել ժամանակ, երբ ընդդիմությունը որոշիչ դերակատարում է ունեցել որոշումներ կայացնելիս։ Դեռևս 1998–ին խորհրդարանի ղեկավար Խոսրով Հարությունյանը դժգոհում էր ԱԺ հանդեպ կառավարության վերաբերմունքից, ասում էր՝ իրենց երեւակայում են «օրենքների դակիչ», խոստանում էր՝ այլևս այդպես չի լինի։
Ընդդիմության ձայնը խորհրդարանում հիմնականում լսելի է դարձել տարբեր ցուցադրական գործողությունների շնորհիվ, օրինակ՝ երբ ընդդիմադիրները ԱԺ–ի դեռ չվերանորոգված, «մոխրագույն» դահլիճում գրավում էին ամբիոնը՝ իրենց ձայնը լսելի դարձնելու համար։ Հետագայում բոյկոտի, գունավոր ծխի, բուռն վեճերի ու տեղից առանց ձայնի իրավունքի ըմբոստ հայտարարությունների առիթներ էլի շատ եղան․ պատճառը մեկն էր՝ ընդդիմությունն իրեն լսելի չէր համարում։ Ժամանակին ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը հորդորում էր ընդդիմությանը փոխել վարքագիծը․ «այդպես չեն աշխատում»՝ ասում էր։ Խորհրդարանական մեծամասնությունն այդ ժամանակ «Միասնություն» դաշինքն էր, որի «կորիզը» Հանրապետական կուսակցությունն էր։
Հանրապետական կուսակցությունն, ի դեպ, միակ ուժն է Հայաստանում, որը 4 գումարում անընդմեջ մեծամասնություն է ձևավորել խորհրդարանում։ «Հանրապետական» խմբակցությունը Աժ–ում գործել է 2003 թվականից և հեռացել է ԱԺ–ից հեղափոխության հետևանքով։ Մինչ հեղափոխությունը մի առիթով ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն ասել էր, թե վիրավորվում է, որ տարբեր ուժերի ընդդիմություն են որակում։ Ընդդիմությունը պետք է իրական լինի, ու Սահակյանը պնդում էր՝ ինքը տեսել է իրական ընդդիմություն։ Սահակյանի խոսքերը խորհրդարանական պատմության մեջ դեռ կհիշվեն։
«Նրանք էին, որոնք կարողանում էին համ բոլոր գործողություններին մասնակցել ու նաև ընդդիմադիր լինել։ Ընդդիմադիր խմբեր մենք չունենք, ունենք ընդդիմադիր գործիչներ։ Ամբիոնից խոսում են ժողովրդի ճակատագրի մասին, որ իշխանությունները կողոպտում են ժողովրդին, մեկ-մեկ նայում եմ ասում եմ, տարիներ առաջ մի կերպ, մի կերպ էս մարդուն դատից, բանից փրկեցի»,-ասում է Սահակյանը։
ԱԺ-ում «հանրապետականների» մեծամասնության ժամանակ ընդդիմադիրների «լսելիության» և դերի մասին շատ դիպուկ արտահայտվել էր ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը․
-Հաճույքի համար ասում են 20 րոպե ընդմիջում, հետո թողնում գնում են։ Գոնե հետո գան՝ դեմ քվեարկեն․ ոչ էլ քվեարկությանն են մասնակցում։ Այսինքն՝ դա ի՞նչ է նշանակում, բոյկոտե՞լ, բա դա լա՞վ բան ա։
-Քաղաքական դիրքորոշում հայտնելու ձև։
-Ի՞նչ քաղաքական դիրքորոշում։ Բայց անցա՞վ, որտե՞ղ անցավ դրանց դիրքորոշումը, քվեարկեցինք պրծանք։
Վերջին՝ 7-րդ գումարման խորհրդարանում ընդդիմությունն իր լսելի չլինելը փորձում էր լրացնել «քաղաքական բոյկոտի» տարբերակով։ Այս մեխանիզմին դիմում էին նաև վերջին ընտրությունների արդյունքներով խորհրդարանից դուրս մնացած «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։ Բայց փաստը մեկն է՝ ընդդիմադիր ուժերը հայաստանյան խորհրդարանի պատմության մեջ վճռորոշ ձայն չեն ունեցել։ Սրա մասին՝ միայն մեկ փաստ․ նախորդ խորհրդարանում ընդունված բոլոր օրենքների 1/3–ն ընդունվել է միայն «Իմ քայլը» խմբակցության քվեարկությամբ, այդ թվում՝ սահմանադրական մի շարք օրենքներ։
Լսելի կլինի՞ «ընդդիմադիր» ձայնը ստեղծվող խորհրդարանում՝ կանխատեսումները տարբեր են։ Բուռն քաղաքական օրերի սպասելիքներ, ամեն դեպքում, կան։








