ԿարևորՀասարակություն

Քովիդի նոր շտամն ավելի մոտ, ռիսկերը՝ ավելի մեծ․ որքանո՞վ է Հայաստանը պաշտպանված

Հնդկական շտամի Հայաստան ներթափանցելու  ռիսկերը կան։ Առողջապահության նախարարությունն աշխատում է դրանք հնարավորինս կանխարգելելու ուղղությամբ։ Ուսումնասիրել են աշխարհի փորձն ու մշակել քաղաքականություն․ Հնդկաստանից Հայաստան ժամանողները պետք է 7 օրով ինքնամեկուսանան։ Ի՞նչ քաղաքականություն է գործելու Ռուսաստանից ժամանողների նկատմամբ:

Հայաստանը փորձում է կանխել աշխարհում լայն տարածում ստացած հնդկական շտամի հնարավոր ներթափանցումը, ինչի ռիսկերն այսօր բարձր են։  Առողջապահության նախարարությունը միջազգային փորձի հիմքով որոշել է՝ Հնդկաստանից ժամանող քաղաքացիներն,  անկախ ՊՇՌ հետազոտությունից, պետք է ինքնամեկուսանան՝ «Ռադիոլուրին» ասաց ԱՆ  ՀՎԿԱԿ Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

«Այո՛, ներթափանցման ռիսկը բավականին բարձր է, և նախարարությունն  առաջարկել է, որպեսզի Հնդկաստանից եկած քաղաքացիների համար, անկախ ՊՇՌ հետազոտությունից, ինքնամեկուսացման հրահանգավորում լինի»։

Հնդկական շտամը՝ դելտան, ՊՇՌ հետազոտությամբ հնարավոր չէ ախտորոշել։ Դրա համար անհրաժեշտ է մոլեկուլյար գենետիկ լաբորատոր հետազոտություն։ Վիրուսի այս շտամի նույնականացումը համակարգային իրականացնելու ուղղությամբ ևս առողջապահության նախարարությունը քայլեր է ձեռնարկում, բայց ժամկետեր դեռ չեն կարող նախանշել։  

Արդյո՞ք միայն մեկ ուղղությունից Հայաստան եկողների հոսքի վերահսկողությունը կարող է կանխել ռիսկերը զբոսաշրջության այս ակտիվ շրջանում, հատկապես, երբ շատերը տրանզիտով են ճամփորդում։ Ինչպե՞ս է կանոնակարգվելու Ռուսաստանից ուղևորահոսքի մոտ վիրուսի կանխման հարցը, այն դեպքում, երբ Ռուսաստանում ևս շրջանառվում է կորոնավիրուսի մուտացված շտամը, իսկ Հայաստանում դեռ չկա շտամն ախտորոշելու գործիքակազմ։

«Այստեղ գալիս է ձեր առաջին հարցի պատասխանը՝ ռիսկերը բարձր են գնահատվում։ Ռիսկերի գնահատման արդյունքում, Ռուսաստանից  և Հնդկաստանի թվերն անհամեմատելի տարբեր են։ Կոնկրետ Ռուսաստանից ժամանողների հետ կապված  կարգավորումներ չկան, իսկ Հնդկաստանի դեպքում՝ արդեն ասացի»։

Վերահսկող կառույցից՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, «Ռադիոլուրին» տեղեկացրին՝ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը մշտական հսկողություն են իրականացնում Հայաստան ժամանողների նկատմամբ՝ օդային և ցամաքային սահմանը հատող բոլոր անձանց ավտոմատ ջերմաչափելով և արտաքին զննում իրականացնելով։ Ընթացակարգային որևէ փոփոխություն չի եղել։ Տեսչական մարմինը շարունակում է աշխատանքները՝ «Ռադիոլուրին» փոխանցեցին տեսչական մարմնից։ Պետք է պահպանել  հակահամաճարակային կանոնները՝ այդպիսով սահմանափակելով վիրուսի տարածումն ու մուտացիաների  ենթարկվելը։ Հորդորը համաճարակաբան Դավիթ Մելիք-Նուբարյանինն է։ Ըստ նրա՝ նախնական տվյալներով այս շտամն ավելի արագ է տարածվում։

«Սա էլ կբերի, որ առողջապահական համակարգը կգերծանրաբեռնվի։ Նորից կունենանք այն վիճակը, երբ հիվանդանոցներում տեղ չկար։ Այստեղ դեռևս վերջնական արդյունքներ չկան, սակայն ՄԵծ Բրիտանիայից և Շոտլանդիայից  ստացած  նախնական արդյունքները վկայում են, որ հոսպիտալացման հավանականությունը հնդկական շտամի  ժամանակ ավելի բարձր է»։ 

Հնդկական շտամի վարակելիությունն ու մահացությունն ավելի բարձր է, տարածման ինտենսիվությունը՝ մոտ երկու անգամ ավելի։ Դրա ախտանիշերը նման են SARS Cov 2-ին, ունեն մրսածության ախտանիշեր՝ գլխացավ, կոկորդի ցավ, ջերմություն, հազ և քթի հոսք։ Մարդիկ կարող են հնդկական շտամը շփոթել մրսածության հետ։ Համաճարակաբանը հորդորում է ՝ որևէ ախտանիշ նկատելու դեպքում անպայման դիմել բժշկի։

«Տարբեր ախտանիշեր կարող են լինել։ Շատ հաճախ կենցաղային զրույցներից հասկանում ենք, որ մարդիկ ճշտում են համ ու հոտի առկայությունը։ Եթե համ ու հոտը չեն կորցրել, ենթադրում են՝ կորոնավիրուս չէ։ Դա այդպես չէ։ Համ ու հոտի կորուստը 70 տոկոսի մոտ կարող է չկորչել։ Մեր հորդորն է՝ ցանկացած անսովոր ախտանշանի դեպքում դիմել բժշկի»։

Դելտայի շտամով վարակը կարող է առաջացնել հիվանդության ավելի ծանր ընթացք։ Հնդկական  շտամի բարդություններից է մուկորմիկոզը։ Սա սնկային հիվանդություն է, որն ի հայտ է գալիս քովիդով պացիենտների մոտ։ Հիմնականում լայնորեն տարածվում է այն երկրներում, որտեղ սանիտարահիգիենիկ վատ պայմաններ են։ Այս օրերին շատերին է մտահոգում՝ արդյո՞ք այսօր առկա պատվաստանյութերը կարող են ազդել նոր շտամերի վրա։ Նախնական տվյալները վկայում են, որ պատվաստանյութերը պաշտպանում են, սակայն դրանց արդյունավետությունը կասկածելի կարող է լինել՝ ասում է Դավիթ Մելիք-Նուբարյանը։ Կարող են պատվաստումները պաշտպանել այս շտամից։ Հստակ պատասխան դեռ չունի անգամ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որը հորդորում է սպասել առավել դետալային հետազոտությունների

«Դեռ չունենք այնպիսի վիճակ, որ համարենք, թե ախտորոշման, դեղերի և պատվաստման մեր միջոցները չեն օգնում»,-ասել է կազմակերպության փորձագետ Մարիա Վան Կերկխովեն։

Կորոնավիրուսի հնդկական շտամը վիրուսի դեմ պատվաստվածների մոտ երկու-երեք անգամ նվազեցնում է իմունային պատասխանը։

Ռուսաստանի սառողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով ՝ կորոնավիրուսի հնդկական շտամով վարակվելու բուժման պրոտոկոլային մոտեցումը չի տարբերվում կորոնավիրուսի մյուս շտամերի բուժումից, բայց դրանք պետք է ճշգրտվեն: Կորոնավիրուսի հնդկական շտամի նմուշները դեռ մասնագիտական լուրջ հետազոտությունների պետք է ենթարկվեն։ Սակայն վարակի տարածումը կանխելու և հիվանդության թեթև ընթացք ունենալու համար պատվաստվելն  ամեն դեպքում անհրաժեշտություն է՝ շեշտում են մասնագետները։

Կարդացեք նաև

Back to top button