
Երևանի Հանրապետության հրապարակում ավարտվեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներին նվիրված հանրահավաքը։ ՀՀ վարչապետի պաշտանակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին իր համակիրներին հանրահավաքի էր հրավիրել՝ մասնակցելու խորհրդանշական «պողպատե մանդատի» հանձնման արարողությանը։
«Այս պահից Հայաստանում հաստատվում է օրենքի դիկտատուրա»,- իր խոսքում նշեց Փաշինյանը։
Նա իր համակիրներին խորհուրդ տվեց վերջ տալ հայհոյախոսությանն ու ատելությանը՝ հայ ժողովրդի առջև ծառացած նոր մարտահրավերները կյանքի կոչելու համար։
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վաղվանից քաղաքական խորհրդակցություններ է սկսելու խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, որոնք երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն:
«Հույս ունեմ, որ ժողովուրդն այս մանդատը տալիս է ինձ, որովհետև մենք պետք է մեր երկրի ու ժողովրդի պատմության այս փուլում գնանք մեր մշակութային, գիտական, տնտեսական, բիզնես լավագույն ներուժի համախմբմանը և ողջ ներուժը մեր ժողովրդի, երկրի, պետության, Հայաստանի և Արցախի անվտանգությանը և բարեկեցությանը ծառայեցնելուն»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը երկխոսության կոչ արեց նաև այն կառույցներին, սեգմենտներին, որոնց հետ այս ընթացքում բանավեճ և հակադրություն են ունեցել:
«Մենք պարզում ենք ձեզ համախմբման մեր ձեռքը՝ ընդգծելով, որ դա չի կարող որևէ կերպ կասկածի տակ դնել ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտավորությունը՝ գործադրելու պողպատե մանդատը և Հայաստանում հաստատելու իրավունքի և օրենքի դիկտատուրա»,- ասաց Փաշինյանը:
Հանրահավաքի ավարտին Նիկոլ Փաշինյանին հանձնվեց խորհրդանշական «պողպատե մանդատը»։
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ստորև




