ԿարևորՔաղաքական

Ընտրություններից հետո․ առճակատման հաղթահարո՞ւմ, թե՞ խորացում

Հունիսի 20-ի ընտրությունները հանգուցալուծելո՞ւ, թե՞  խորացնելու են հանրային բևեռացումը։ Վերլուծաբանների գնահատականները տարբեր են։

Արդյունքները հիմք են տալիս ենթադրելու, որ հասարակական ու ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կկայունանա․այս կարծիքին է քաղաքագետ Էդգար Վարդանյանը։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մինչդեռ, նույնքան լավատես չէ։ Այս արդյունքներն, ըստ նրա,  վկայում են, որ Հայաստանում քաղաքական համակարգն ու քաղաքական միտքը փլուզված են։   

Հանրության մեծամասնությունն իր քվեարկությամբ, քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով, փաստեց՝ կարող է հիասթափված, դժգոհ լինել  Նիկոլ Փաշինյանից, սուր քննադատել նրան, բայց դա չի նշանակում, որ այդ դժգոհությունը  կարող է ավելացնել ընդդիմադիր թևի ձայները։

 «Հանրություն ասաց, որ այդ դժգոհությունը չի նշանակում, թե դրանից կարող եք օգտվել և գալ իշխանության։ Հայ ժողովուրդն այդ ուղերձը հստակ առաջ քաշեց»։

Ընտրությունների արդյունքները, քաղաքագետի կարծիքով, նաև  ցույց տվեցին, որ պատերազմի հետևանքներն ուղիղ կապ չունեն ընդդիմադիր ուժերի վարկանիշի հետ։ Գրանցված արդյունքները փաստում են, որ մարդիկ ընդդիմադիր հիմնական ուժերին չդիտարկեցին որպես իրավիճակը փոխելու տարբերակ կամ այլընտրանք։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ, սակայն, ընտրություններում արձանագրված թվերն առաջին հերթին ցույց տվեցին, որ Հայաստանում քաղաքական համակարգը փլուզված է, իսկ հանրությունը՝ անորոշության մեջ։  

 «Այս թվերը հենց այդ անորոշության դրսևորումն են։ Եթե ուշադրություն դարձնեք, տեղամաս առ տեղամաս, գյուղ առ գյուղ կամ քաղաք առ քաղաք, տարբեր տեղամասերում թվերի մեջ  որևէ տրամաբանություն չկա։ Մի տեղ ՔՊ-ն է հաղթել, մի մի տեղ ԲՀԿ-ն և այլն։ Այսինքն՝ այստեղ տրամաբանություն չեք գտնի։ Ինչ-որ տարբեր հանգամանքներից, ինչ-որ պատկերացումներից է կախված եղել այս ընտրությունը։ Բայց դրանք հաստատ քաղաքական չեն։ Եվ այդ առումով, ես կարծում եմ, այս ընտրությունները հենց քաղաքական համակարգի, քաղաքական մտքի ոչնչացման հետեւանքն են»։ 

Նման պայմաններում ձևավորվելիք խորհրդարանի աշխատանքից Ստեփան Դանիելյանը մեծ սպասելիքներ չունի։ Կարծում է, որ շատ բան կախված է արտաքին հարաբերություններից և դրանց որակից։

Ըստ քաղաքագետ Էդգար Վարդանյանի՝ հանրության գիտակից հատվածն իր   դերակատարումը  վերաիմաստավորելու կարիք ունի ։

 «Ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու կարիք կա, իրականությունը ընդունելու, չասեմ՝ հաշտվելու դրա հետ, բայց ընդունելու, ռեալիստ լինելու կարիք ունի»։  

Ստեփան Դանիելյանը խնդիր է տեսնում ազգային ինքնության ճգնաժամի առումով։ Նկատում է, որ հասարակության տարբեր շերտեր փոխադարձ ատելության մթնոլորտում են, քանի որ շատ քիչ բան կա, որ նրանց միավորում է։ Հիմնական միավորողն  այն է, որ այդ մարդիկ  ապրում են նույն տարածքում։  Սա ազգային ինքնության ճգնաժամ է՝ կարծում է քաղաքագետը։ Ինչ վերաբերում է նոր խորհրդարանի մեծամասնության և փոքրամասնության համագործակցությանը

«Համագործակցություն խորհրդարանում չեմ պատկերացնում, նաեւ չեն պատկերացնում նրանց ընտրողները սովորական կյանքում՝ այդ համագործակցության հնարավորությունը. և խորհրդարանում է այդ ատելության մթնոլորտը փոխադարձ լինելու, և  հանրային կյանքում։ Ասենք՝ տարբեր ընտրողներին շատ բան է միավորում,  և փոխադարձ ատելությունը կա՝ շատ անկեղծ, շատ խորը, մի մասը մյուսին դավաճան է համարում, մի մասը մյուսին՝ «ոչ մի թիզական», մյուսը՝ «ազգայնական» եւ այլն։ Այսինքն՝ այստեղ այդ ատելությունն արդեն կենցաղ է մտնում»։

Էդգար Վարդանյանը նույնպես նման խնդիր տեսնում է։ Կարծում է, որ հանրության մեջ ժողովրդավարական չափորոշիչներն ամրապնդելը լուրջ աշխատանք է պահանջում։ 

 «Ապագայում նաեւ այս ամենը կնպաստի նրան, որ մեզ մոտ կձեւավորվի քիչ թե շատ կայուն ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող կուսակցական համակարգ, երբ մի քանի խոշոր, ուժեղ քաղաքական ուժեր կարող են, մեկը մյուսի հետ մրցելով, մեկը մյուսին լրացնելով կամ վերահսկելով, փորձեն ստանալ հանրության աջակցությունը և այդպես փոխեն մեկը մյուսին, որ մեկի պարտությունը չդիտարկվի որպես ժողովրդի պարտություն, որպես ժողովրդավարության պարտություն, որպես հնարավորություն ավտորիտարիզմ հաստատելու»։ 

Քանի դեռ չի եկել այդ պահը, մենք չենք կարող խոսել այն մասին, որ ժողովրդավարական մշակույթ ենք ամրապնդել կամ կայացած ժողովրդավարական ինստիտուտներ ունենք ՝ եզրափակեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը։   

Կարդացեք նաև

Back to top button