
Հաշմանդամություն ունեցող անձանց ընտրության իրավունքն ու ընտրություն կատարելու հնարավորությունը այս անգամ ևս չեն համընկնում։ Սահմանափակված է հատկապես տեսողական և հենաշարժողական խնդիրներ ունեցողների ընտրելու հնարավորությունը․ արձանագրել է «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը՝ 208 ընտրատեղամասում ուսումնասիրություններ կատարելու արդյունքում։
Ըստ «Անկախ դիտորդ»-ի հաղորդագրության՝ մինչև ժամը 12։00–ն իրավաբանների շրջիկ խմբերը արձանագրել են հետևյալ միջադեպերը․
«208 տեղամասերից 6-ում քվեարկության սենյակը գտնվել է նկուղում, մեկ դեպքում՝ երրորդ հարկում, իսկ 22 դեպքում՝ 2-րդ հարկում: 39 տեղամասեր գնահատվել են որպես բացարձակապես ոչ մատչելի, աստիճաններով մուտքի դեպքում չեն ունեցել թեքահարթակ և լայն մուտք, իսկ քվեարկության սենյակում և քվեախցիկում հնարավոր չի եղել ազատորեն տեղաշարժվել»:
Այս տվյալների հիմքում միայն այսօր գրանցված դեպքերն են։ Ընտրատեղամասերի մատչելիության մասին առավել ամփոփ տվյալները ներառվել են 2020 թվականի 1987 ընտրատեղամասերի մատչելիության գնահատման հետազոտությունում։ Դեռ անցած տարի էր արձանագրվել, որ հանրապետության որևէ ընտրատեղամաս ամբողջությամբ մատչելի չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Մասամբ մատչելի են միայն 524–ը։
Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար ընտրություն կատարելու դժվարություններ ևս գրանցվել են։ Թվերը ներկայացնում է «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը․
«51 տեղամասերում առկա չեն եղել բրայլյան կաղապարներ, որոնց միջոցով հնարավոր կլիներ հեշտությամբ կազմակերպել տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկությունը: 7 տեղամասում քվեախցիկներում լուսավորությունը գնահատվել է ոչ բավարար»։
Չտեսնողների տարածական կողմնորոշման հրահանգիչ Սիփան Ասատրյանը օրերս «Ռադիոլուր»–ին պատմել էր տեսողական խնդիրներ ունեցող անձանց ընտրության իրավունքը երաշխավորող կաղապարների օգտագործման մասին։ Առաջին անգամ չէ, որ դրանք կիրառվում են ընտրությունները կազմակերպելիս։ Առաջին անգամ չէ նաև, որ դրանք պետք է լինեն, բայց չկան։
«Ընտրությունների անցկացման ձևի փոփոխությամբ պայմանավորված կաղապարների ձևերն են փոխվել։ Օրինակ՝ անցած տարիներին վեաձև նշում էինք կատարում, կաղապարները ստեղծվում էին այն ձևուվ, որ հնարավոր լիներ էդ վեաձև նշումը բրայլով կարդալ և քվեարկել։ Այս տարի պետք է ընդամենը քվեաթերթիկը ընտրել տրցակից, տեղավորել ծրարի մեջ, պարզապես կաղապարը հիշեցնում է փոքրիկ համարակալված ալբոմ, 1-26–ը՝ էս պարագայում։ Անձը, կարդալով, գտնելով թիվը, էջի տակ գտնում է համապատասխան թվով քվեաթերթիկը։ Հանում են դա, տեղադրում են ծրարում և մնացած գործողություններն արդեն կատարում են»։
Ընտրության իրավունքը բավարար չէ, եթե չկա ընտրելու հնարավորությունը։ Հնարավորություններ ստեղծելն էլ բավարար չէ, եթե դրանք չեն կիրառվում գործնականում։
Բացի ընտրատեղամասերը մատչելի դարձնելու պարտավորությունից, պարտադիր է նաև ընտրատեղամաս հասնելու խնդիր ունեցող մարդկանց ընտրելու իրավունքի ապահովումը։
Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման՝ ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկության օրը ինքնուրույն տեղամասային կենտրոն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների, ռազամաբժշկական հաստատություններում ստացիոնար բուժման մեջ գտնվող զինծառայող ընտրողների և ձերբակալված անձանց պահպանման վայրերում ձերբակալված ընտրողների քվեարկությունը կազմակերպվում է շրջիկ արկղի միջոցով։





