
«Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռ 33 տարի առաջ, և այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխվել. քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման»,- քվեարկության մասնակցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարցին, թե խորհրդարանում որ այլ ուժերի հետ է «Պատիվ ունեմ» դաշինքը պատկերացնում համագործակցության հնարավորությունը, Սերժ Սարգսյանը նշեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը:
«Այս ընտրությունները նախորդներից զգալիորեն տարբերվում են, և հիմա շանսերի վերաբերյալ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է: Ընտրությունների արդյունքներից հետո կխոսենք նման հարցերի մասին»,-ասաց Սերժ Սարգսյանը:




