ԿարևորՀասարակություն

«Բարեկամության» կամուրջը՝ ամուր կապ Հայաստանի և Վրաստանի միջև․ նախիգիծը մեկնարկել է

Տուրիստական ակտիվ շրջանում Հայաստանը և Վրաստանը կապող «Բարեկամության» կամրջի մեկնարկն ու ցամաքային սահմանների բացումը թեև համընկել են, սակայն մեկը մյուսին չի խանգարում։ Այս մասին հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ նշելով, որ երկու կողմերի՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետերը և դրանց միացող ճանապարհները շինարարության գոտում չեն։

Հայաստանն ու Վրաստանը հիմնական կապող անցակետում՝ Բագրատաշեն-Սադախլոյում, սկսվել է 2014 -ից կնքված և մի քանի անգամ հետաձգված համատեղ ծրագիրը։ Երկու երկրները միացնող «Բարեկամության» կամրջի ակտիվորեն ընթացող աշխատանքները գրեթե նկատելի չեն օրերս ազատ տեղաշարժի համար բացված անցակետով ելք ու մուտք անողների կողմից։

Դեբետ գետի վրա կառուցվել է ժամանակավոր կամուրջ, որով Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ տեղափոխվում են շինարարական նյութերն ու սարքավորումները։ Հին կամուրջը շարունակում է ապահովել բեռնափոխադրումներն ու ուղեւորահոսքը սովորական ռեժիմով։

«Բարեկամության» կամուրջն իրենից երկու կամուրջ է ներկայացնում՝ յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, 1մ հեռավորությամբ, երկու երթեւեկելի գոտիներով և մայթով:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջոցներով, երկու երկրների  կառավարությունների համաֆինասավորմամբ կառուցվող կամուրջը հենց հայ–վրացական սահմանով հոսող Դեբեդ գետի վրա է։ «Ռադիոլուրի» հետ զրույցում կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանն ասում է․ 

«Հայաստան-Վրաստան սահմանն այս հատվածում անցնում է Դեբետ գետի ճիշտ մեջտեղով, այնուամենայնիվ եթե երկրաչափական ճիշտ չափումներով շարժվենք, կամրջի մոտ 60 տոկոսը հայկական կողմում է ընկնում, 40-ը՝ վրացական։ Քանի որ նման սահմանազատում որևէ կերպ հնարավոր չէ անել, և կամուրջը երկու կողմից հավասարապես է օգտագործվելու, ծրագրի  50 տոկոս  գումարը մարում է Վրաստանը, 50 տոկոսը՝ Հայաստանը»։

Հաշվի առնելով բավական արագ ընթացող աշխատանքները և մասնագետների կանխատեսումները, երկու երկրներում էլ հույս ունեն մեկ տարի անց շահագործման հանձնել համատեղ նախագիծը։ Կամրջի կառուցման ծրագիրն ընդգրկված է նաև Վրաստանի կառավարության առաջնային նախագծերի շարքում։ Արդյունքում՝ ժամանակի խնայողություն, անվտանգ ու հարմարավետ շարժ, դյուրին առևտուր Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Եվրոպայի միջև:

«Անցակետը կկարողանա սպասարկել շատ ավելի մեծ ծանրաբեռնվածություն։ Ամրության, տեստավորման, որակի միջազգային չափանիշներն են կիրառվում, ուստի հին կամրջից որակապես, տեխնիկապես ու արտաքին տեսքի առումով հզոր ենթակառուցվածք պիտի ստանանք»։  

Երկու բարեկամ երկրների կապը «Բարեկամության» նոր կամջով առավել ամուր է լինելու ու անվտանգ։ Ծրագրի պատասխանատուն նշում է, որ սա երկու երկրների համար ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է․ «Նման մասշտաբի եւ ծավալի առումով ծրագիրն առաջինն է Հայաստանի և Վրաստանի տրանսպորտային ոլորտում»։  

Ինչ վերաբերում է Սադախլո-Բագրատաշեն անցման կետի գործող նեղ կամրջին, որը կառուցվել է 1960-ականներին, երկար շահագործման ընթացքում շարքից դուրս է եկել։ Սակայն այն պահպանվելու է, ամրացվելու, խցանումների ժամանակ ծառայելու որպես այլընտրանքային ճանապարհ։

Կարդացեք նաև

Back to top button