ԿարևորՔաղաքական

Դատաիրավական բարեփոխումներ․ ի՞նչ կա գրված կուսակցությունների նախընտրական ծրագրերում

Նախքան դատաիրավական փոփոխություններին անցնելը ընտրվելու դեպքում «Հանրապետություն» կուսակցությունը վերականգնելու է բարոյահոգեբանական մթնոլորտը՝ արդյունավետ կառավարման համար։ Ողջամիտ ժամկետում դատական հայցերի քննում, դատավորների հաստիքների ավելացում, դատական հայցերն արագ քննելու համար բլոկչեյն համակարգի ներդնում․ այս քայլերով է կուսակցությունը բարելավելու վիճակը դատական համակարգում։ Կուսակցության անդամ, Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար փոփոխություն կանեն նաև Դատական օրենսգրքում․

«Մեր իշխանության գալու պարագայում մենք փոփոխություն ենք կատարելու դատական օրենգրքում և նախատեսելու ենք ընդհանուր կանոնից բացառություն, որ ՄԻԵԴ-ի կողմից իրավունքի խախտման փաստի ճանաչման դեպքում այն հիմք դառնա դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար»,- ասում է Զեյնալյանը։

Դատավորների թիվը բավարար չէ գործերը քննելու համար․ սա փաստ է, որի հետ համաձայն են արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություննները։ Լուծման տարբերակներն էլ կարծես միմյանց հետ համաձայնեցրած լինեն։ Աշխատավարձի ավելացում՝ դատավորի աշխատանքը գրավիչ դարձնելու համար։ Աշխատակազմի ավելացում՝ դատավորի աշխատանքը թեթևացնելու համար։ Արսեն Բաբայանը ներկայացնում է «Պատիվ ունեմ» դաշինքի անելիքներն այս ոլորտում․

«Մի քանի փոփոխություն կարելի է իրականացնել, մեր համոզմամբ, օրինակ, արտադատական վեճեր լուծող մարմինների ավելացում, դատավորների աշխատակազմների, օրինակ, օգնականների ավելացում և, իհարկե, դատավորների հաստիքների քանակի ավելացում։ Նորից հիշեցնեմ, որ նախկինում արվել է դա, և այս իշխանության ժամանակ մի քանի դատավոր ավելացրել էին, սակայն նոր ոլորտ են ստեղծել՝ կոռուպցիայի հետ կապված գործերի քննություն, հետո՝ առանձին կալանքների հետ կապված»,- նշում է Բաբայանը։

Մեկը՝ անցումային արդարադատություն և վեթթինգ, մյուսը՝ խորհրդարանականից անցում նախագհականի կամ կիսանախագահականի․ այս փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսում են բոլորը․ոմանք էլ քննադատում են արդեն կատարված փոփոխություններն ու կասկածում՝ արդյո՞ք լեգիտիմ է մեր մայր օրենքը։  «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի անդամ  Արտաշես Խալաթյանի խոսքով ընտրվելու դեպքում իրավաքաղաքական գիծ են քաշելու մինչև 2018թ–ը գործած ավտորիտար ռեժիմի և ներկայի միջև՝ համապատասխան իրավական գնահատական տալով, ապա ընդունելու են նոր Սահմանադրություն։

«Հայաստանում քաղաքական ճգնաժամը իր բնույթով նախևառաջ սահմանադրական ճգնաժամ է։ Եթե մարդիկ չեն հավատում Սահմանադրությանը, ավելին, տեղյակ չեն սահմանադրական դրույթներին, չեն հավատում դրա սահմանադրական ուժին, ապա խոսել քաղաքացիական համերաշխության, դատաիրվական բարեփոխումների, իրավական անվտանգության, ժողովրդավարության մասին առնվազն ժամանակավրեպ է»,- կարծում է Արտաշես Խալաթյանը։

Վերջին երեք տարվա ընթացքում անցումային արդարադատություն և վեթթինգ չիրականացվեց, փոխարենը դատարանների շրջափակվեցին, դատավորները  հեղինակազրկեցին,-ասում է  «Հայ ազգային կոնգրես»–ի անդամ  Հասմիկ Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ պնդումները, թե 1995թ–ի Սահամանադրությունը կեղծիքներով է ընդունվել, հիմնավոր և փաստարկված չեն։ 

«Հիմնական պատճառը, որ ժողովուրդը չի ընկալում, թե ինչ դեր ունի Սահմանադրությունը, նախևառաջ գալիս է նրանից, որ պարբերաբար մեր երկրում տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում կամ տապալման փորձ։ Սահմանադրությունը, փաստորեն, ոտնահարվել է տարբեր ուժերի կողմից ու այդպես էլ որևէ վերականգնում տեղի չի ունեցել։ Պարբերաբար, այսպիսի ոտնահարումներից հետո, բնականաբար, հասարակության շրջանում բնակչության վերաբերմունքը, սահմանադրության դերի ընկալումը չէր կարող արմատավորվել»,- ասում է Հասմիկ Պետրոսյանը։

ՀԱԿ–ի անդամ Հասմիկ Պետրոսյանին հակադարձում է «Հանրապետություն» կուսակցության անդամ, Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը․

«Ըստ ՀԱԿ–ի ներկայացուցչի 1995թ–ի Սահմանադրության հանրաքվեն չի կեղծվել։ Այն, նույն, կան ապացույցներ հիմնավոր։ Հիմնավոր ապացույցների վերաբերյալ․ այն հաշվարկները որով նաև Հայոց համազգային շարժումը ցույց է տալիս, որ կեղծվլ են դրանից հետո տեղի ունեցած համապետական ընտրությունները նույն մեթոդաբանությամբ հաշվարկ է կատարված և ցույց է տրվում, որ կեղծվել են նաև 1995թ–ի Սահմանադրության հանրաքվեն»,- նշում է Զեյնալյանը։

Անկախ դատաիրավական ոլորտի փոփոխությունների շուրջ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պատկերացումներից՝ մի հարցում նրանք համակարծիք են․ փոփոխություններն անհրաժեշտ են  իշխանության ճյուղերի արդյունավետ տարանջատման և փոխզսպման համար։

Կարդացեք նաև

Back to top button