
Այս տարի ՀԱՀ-ը նշում է հիմնադրման 30-ամյակը, և այս հոբելյանը հունիսի 17-ին կնշանավորվի ուսանողական ժամանակակից կեցավայրի բացմամբ:
Սերգեյ Փարաջանովի թանգարանի հարևանությամբ գտնվող այս նորակառույց հանրակացարանը հնարավորություն կտա հյուրընկալել ՀԱՀ-ի 56 ուսանողների թե՜ արտասահմանից, թե՜ հանրապետության շրջաններից, որոնք կունենան ոչ միայն հարմարավետ կեցության և դասընթացներին արդյունավետ պատրաստվելու պայմաններ, այլև կընդգրկվեն պլանավորվող բազմաթիվ միջոցառումների:

Դեռևս 2016թ.-ին բարերարներ Ջորջ և Քառոլայն Նաջարյանների բարերարությամբ ձեռք բերված շենքը հաջողությամբ վերանորոգվեց և կահավորվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Արտասահմանում ամերիկյան ուսումնական հաստատություններ և հիվանդանոցներ» ծրագրից ստացված դրամաշնորհի միջոցով:

Բացման արարողությանը ներկա կլինեն համալսարանի ղեկավար կազմը, հոգաբարձուներ, ակադեմիական ծրագրերի և վարչական բաժինների տնօրեններ, ուսանողներ, հյուրեր: Միջոցառմանը ներկա կլինեն նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան տիկին Լին Թրեյսին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Ջոն Ալեյոն, իսկ ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոնյան գրասենյակից պրն. Ադամ Ֆիլիպսը կողջունի մասնակիցներին տեսագրված ելույթով։




