
Արկածային ճամփորդությունների ջատագովներ Թոմ Ալենը, Րոֆֆի Պետրոսյանն ու Մեգան Նիլը նախօրեին մեկնարկել են 832 կմ․ երկարությամբ Հայաստանի տարածքում ձգվող Տրանսկովկասյան արահետով 40-օրյա քայլարշավ՝ Արփի լճից մինչև Մեղրի։ Այս մասին հայտնում են ՀՀ Զբոսաշրջային կոմիտեից:
Հայկական ուղին ներառում է պատմամշակութային հուշարձաններ ու գյուղեր, հին և նոր մշակված արահետներ, որոնք կապում են իրար այս պատմական վայրերը և որոնք մեծ ջանասիրությամբ բացահայտվել և քարտեզագրվել են Տրանսկովկասյան արահետի սրտացավ թիմի կողմից 5 և ավել տարիների ընթացքում։ Մանրամասները՝ այստեղ:
Քարտեզագրման եւ կառուցման աշխատանքներին մասնակցել են արտասահմանցի եւ հայ կամավորներ, տեղացի մասնագետներ, գյուղացիներ:
Նոր արահետի ստեղծումը կնպաստի տարածաշրջանում զբոսաշրջիկիների զգալի աճին, քանի որ աշխարհում գնալով աճում է հետաքրքրությունը քայլարշավային արահետների ու էկոտուրիզմի նկատմամբ։ Հայաստանն այս առումով ցուցադրելու շատ բան ունի: Նաև հեռավոր գյուղերը կկապվեն աշխարհին, ավանդույթներով հարուստ գյուղական կենցաղով ու մշակույթով ներկայանալ զբոսաշրջիկին, իրենց արտադրանքն իրացնել այս շուկայում, որը կապահովի կայուն եկամուտ:




