ԿարևորՀասարակություն

Անհանգստություն կա, խուճապ՝ ոչ․ սահմանամերձ դարձած Կութը

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղում  մարդիկ մտահոգ են. ինչպե՞ս են հողի վրա աշխատելու, եթե հակառակորդը մի քանի մետր  հեռավորության վրա է՝ հենց արոտավայրերում: Մայիսի 12-ին հակառակորդն իր դիրքերն այս հատվածում առաջ տվեց՝ ներխուժելով Հայաստանի  ինքիշխան տարածք։  Ադրբեջանական զինուժը տեղակայվել է  գյուղին մոտ՝ լեռան գագաթին։ 

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի  Կութ  բնակավայրը  պատերազմից հետո դարձել է   սահմանամերձ։  Գյուղացիները ահաբեկված չեն, բայց մտահոգ են․ ապրուստի միջոց հայթայթում են անասնապահությամբ զբաղվելով,  իսկ գյուղի արոտավայրերի մի մասը թշնամու նշանառության տակ է հայտնվել: Թշնամին գյուղի օդային սահմանից հեռու է ընդամենը 3-4 կմ։

«Հարցականի տակ են և՛ խոտհարքները, և՛ արոտավայրերը։ Վարել, ցանել ենք, դրանք էլ են հարցականի տակ։  Թուրքից ի՞նչ պահանջես, էգուց կարող ա խփի, պաժառ տա: Թե չէ որ վախենանք, թե կգան, մեզ հետ կռիվ կանեն․․․․ մենք էլ բա պտի կռվենք»,–ասում է Կութ գյուղի բնակիչ Լենդրուշ Ղարիբյանը։

Կութում 170 մարդ է ապրում․ համայնքապետ Կիմա Չիտչյանն ասում է՝ մինչ օրս ոչ ոք չի հեռացել գյուղից։ Շեշտում է՝ թշնամին նստած է հենց գյուղի արոտավայրերում։ Պատմում է, որ հունիսի 5-ին անասնապահի ուղղությամբ կրակել են,  ձի սպանել, 81 գլուխ խոշոր եղջերավոր անասուն էլ խրտնել ու փախել է՝ հայտնվելով թշնամու կողմում: Գյուղապետը հույս ունի, որ եթե կենդանիները չվերադարձվեն, կառավարությունը փոխհատուցում կտա։ 

«1989-ի հունվարին որ Ադրբեջանից բռնագաղթել ենք, այստեղ էդ տարածքները եղել են Հայաստանինը՝ մերը, մինչև այ, հենա, երևում է՝ էն երեք քարը որ կա՝ մեր անասունները, մեր խոտհարքերը մենք ենք օգտագործել, վարձակալությամբ տրված է բնակչությանը: Իրենք եկել են, նստել, դե մենք էլ հույսով ենք, սպասում ենք, որ դրանք հետ են գալու: Այո, մերն են եղել»,–ասում է համայնքապետը:

 Մայիսի 12-ից  օպերատիվ-մարտավարական իրադրությունն արևելյան և հյուսիսարևելյան սահմաններում փոփոխություն կրեց՝  ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժեցին: Նրանք փորձում են ամրապնդվել Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Հայկ Պետրոսյանը ներկայացնում է իրավիճակը Կութ համայնքում։ 

«Իշխող բարձունքների գերակշիռ  մասը գտնվում է մեր ձեռքում: Կան բարձունքներ, որ հիմնականում իրանք են տեղակայված, նաև դրան զուգահեռ՝ նստած է մեր զորքը, դեմ առ դեմ նստած են, նույն հաջողությամբ մեր զորքերը դեմ առ դեմ հակառակորդին՝ նստած են մեր պետական դրոշով, մեր սպառազինությամբ: Այստեղ մեր զինծառայողներն իրականացնում են պաշտպանողական գործողություններ»։

Գնդապետ  Պետրոսյանը  վստահեցնում է, որ  Կութ գյուղը ոչ մի անգամ թիրախավորված չի եղել, ու  գյուղացիները ահաբեկված չեն:

«Կրակոցները զուտ ինժեներական տեխնիկայինն են։ Մենք, երբեմն թիրախավորված կրակոցներով, արգելում ենք, որ հակառակորդը չամրապնդվի Հայաստանի ինքնիշխան տարածքում: Մեր ստորաբաժանումներին դա հաջողվում է:  Գյուղից մինչև ադրբեջանական դիրքեր 3.5-4 կիլոմետր է»:

Հայկ Պետրոսյանը դժվարանում է ասել, թե թշնամին, դեպի գյուղ, քանի կիլոմետր է առաջ եկել։

«Հատված կլինի, որ առաջ տված կլինեն 300 մետր,  հատված կլինի՝ 200, հիմա ես թվեր չեմ կարող հրապարակել»։

44-օրյա  պատերազմից հետո Հայաստանի արևելյան սահմանը երկարել է մոտ 100 կիլոմետրով:

Կարդացեք նաև

Back to top button